Համարը 
Թ.Ն-0106-1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
21.12.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
21.12.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ նախագահԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն է և գլխավորում է հանրապետության գործադիր իշխանությունը:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ընտրվում է Գերագույն խորհրդի ընտրված պատգամավորների թվակազմի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, երկու տարի ժամկետով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հաջորդ ընտրությունները կիրականացվեն ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ` հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող և վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես կամ առավելապես բնակվող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու ու կես տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելիս ԼՂՀ ԳԽ հատուկ նիստում տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ լինել Հանրապետության Սահմանադրության ու օրենքների պաշտպանության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովման երաշխավորը»:

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝

1/ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում.

2/ ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք.

3/ մեկամսյա ժամկետում ստորագրում և հրապարակում է ԼՂՀ օրենքները:

Այդ ժամկետում ԼՂՀ նախագահը կարող է չստորագրել օրինագիծը և իր առարկություններով հանդերձ վերադարձնել ԼՂՀ ԳԽ` կրկնական քննարկման և քվեարկության համար: Եթե ԼՂՀ Գերագույն խորհուրդը ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նախագահի առարկություններին համապատասխան փոփոխություն է կատարում օրինագծում կամ նիստի մասնակիցների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ վերահաստատում է իր ընդունած օրինագիծը, ապա ԼՂՀ նախագահը հնգօրյա ժամկետում դրանք ստանալուց հետո պարտավոր է ստորագրել և հրապարակել օրենքը:

Եթե երկշաբաթյա ժամկետում ԼՂՀ նախագահը չի ստորագրում կամ հետ վերադարձնում օրինագիծը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերում հնգօրյա ժամկետում չի ստորագրում օրինագիծը, ապա այն հրապարակվում է ԼՂՀ ԳԽ նախագահի ստորագրությամբ և ստանում օրենքի ուժ.

4/ ԼՂՀ Գերագույն խորհրդին ներկայացնում է ամենամյա հաղորդումներ հանրապետությունում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի,ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքների և որոշումների կատարման ընթացքի մասին: Կարող է ուղերձներով դիմել ԼՂՀ ժողովրդին և ԼՂՀ Գերագույն խորհրդին:

ԼՂՀ ԳԽ որոշմամբ Գերագուն խորհրդում հանդես է գալիս արտահերթ հաղորդմամբ.

5/ կարող է հրավիրել ԼՂՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստ կամ նստաշրջան.

6/ նշանակում և ազատում է ԼՂՀ կառավարության նախագահին, նրա համաձայնությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին, ընդունում է կառավարության հրաժարականը` եռօրյա ժամկետում իրազեկ պահելով ԼՂՀ Գերագույն խորհրդին: ԼՂՀ Գերագույն խորհուրդը ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հանրապետության նախագահին կարող է առաջարկել վերանայելու կառավարության, նրա նախագահի կամ կառավարության որևէ անդամի նշանակման հարցը:

ԼՂՀ նախագահը տասնհինգօրյա ժամկետում ԼՂՀ ԳԽ-ին իրազեկ է պահում նրա կողմից արված առաջարկությունն ընդունելու կամ այն մասին, որ ինքը կրկին պնդում է իր վճիռը: ԼՂՀ նախագահի կողմից իր ընդունած որոշումը պնդելու դեպքում ԼՂՀ ԳԽ-ը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով դադարեցնել նշված պաշտոնատար անձանց լիազորությունները: Հանրապետության նախագահը պարտավոր է այդ անձանց ազատել զբաղեցրած պաշտոնից.

7/ ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեությունը, կարող է նախագահել կառավարության նիստերում.

8/ ԼՂՀ Գերագույն խորհրդին թեկնածուներ է ներկայացնում ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի, նրա տեղակալների,Գերագույն դատարանի անդամների, գլխավոր պետական արբիտրի պաշտոններում ընտրելու և ԼՂՀ Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու համար. ԼՂՀ գլխավոր դատախազին, դատախազության կոլեգիայի անդամներին շնորհում է դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր

9/ իրականացնում է արտաքին հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը, կնքում է ԼՂՀ միջազգային պայմանագրերը և օրենքով նախատեսված դեպքերում դրանք ներկայացնում ԼՂՀ ԳԽ վավերացմանը.

10/ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններին առընթեր ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցիչներին.

11/ ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.

12/ գլխավորում է ԼՂՀ անվտանգության խորհուրդը, հանդիսանում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13/ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ԼՂՀ և նրա քաղաքացիների պաշտպանության ու անվտանգության ապահովման համար.

14/ Հանրապետության վրա զինված հարձակման դեպքում որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, իսկ արտաքին վտանգի առկայության դեպքում հայտարարում է ռազմական դրություն Հանրապետության ողջ տարածքում կամ առանձին շրջաններում: Նշված դեպքերում կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Լայնածավալ աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ելնելով վիճակի արագ կարգավորման և օրինականության վերականգնման անհրաժեշտությունից, կարող է հայտարարել մինչև երեք ամիս տևողությամբ արտակարգ դրություն, որի ժամկետը երկարաձգվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի համաձայնությամբ: Զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումները ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում ներկայացնում է ԳԽ հաստատմանը:

Պատերազմական վիճակի, ռազմական և արտակարգ դրության կարգավիճակը սահմանվում է օրենքով.

15/ ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մեջ, լուծում ապաստան տալու հարցը, ներում է շնորհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիներին.

16/ բեկանում է ԼՂՀ կառավարության, ԼՂՀ առանձին նախարարությունների, ԼՂՀ պետական կոմիտեների, մյուս գերատեսչությունների, տեղական մարմինների գործադիր կոմիտեների ընդունած այն որոշումները, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանդրությանը, ԼՂՀ օրենքներին, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներին և իր հրամանագրերին.

17/ պարգևատրում է ԼՂՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ, բարձրագույն զինվորական կոչումներ և դիվանագիտական դասեր.

18/ իրականացնում է ԼՂՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(5-րդ հոդվածը լրաց. 09.11.1995թ.)

 

Հոդված 6. ԼՂՀ նախագահը ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ օրենքների և Գերագույն խորհրդի որոշումների հիման վրա իր լիազորությունների սահմաններում հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ::

ԼՂՀ նախագահի հրամանագրերը պարտադիր են կատարման ԼՂՀ ամբողջ տարածքում:

ԼՂՀ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ԼՂՀ Սահմանադրությանը, ԼՂՀ օրենքներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներին:

Նախագահի այն հրամանագրերը և կարգադրությունները, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա բեկանվում են Գորագուն խորհրդի կողմից:

 

Հոդված 7. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը զբաղեցնում է ԼՂՀ նախագահի պաշտոնը, եթե ԼՂՀ նախագահը՝

1/ հրաժարական է տվել.

2/ չի կարող շարունակել իր լիազորությունների կատարումը.

3/ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ է արվել:

ԼՂՀ նախագահի կողմից իր լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը լուծում է ԼՂՀ Գերագույն խորհուրդը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` նրա դիմումի հիման վրա կամ ելնելով ստեղծված հանգամանքներից:

Միաժամանակ ԼՂՀ նախագահի և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի կողմից իրենց լիազորությունների կատարման անհնարինության դեպքում ԼՂՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ կառավարության նախագահը:

 

Հոդված 8. ԼՂՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել, եթե մեղավոր է ճանաչվել հայրենիքին դավաճանելու, կաշառակերության կամ այլ հանցագործությունների կատարման մեջ:

ԼՂՀ նախագահին պաշտոնանկ անելու հարցը նախապես քննարկում է ԼՂՀ ԳԽ-ը և ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում հարցը հանձնել ԼՂՀ Գերագույն դատարան՝ եզրակացություն տալու համար: ԼՂՀ նախագահին պաշտոնանկ անելու որոշումը կայացնում է ԼՂՀ Գերագույն խորհուրդը՝ ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, ԼՂՀ Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

 

Հոդված 9. ԼՂՀ նախագահի անձը անձեռնմխելի է և պաշտպանվում է օրենքով:

 

Հոդված 10. ԼՂՀ նախագահին սպասարկելու և պահելու կարգը, աշխատավարձի չափը սահմանում է ԼՂՀ Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 11. ԼՂՀ նախագահը չի կարող լինել ԼՂՀ որևէ խորհրդի պատգամավոր:

ԼՂՀ նախագահը իր պաշտոնավարության ընթացքում չի կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ և զբաղեցնել այլ պաշտոններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի

նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Կ.ԲԱԲՈՒՐՅԱՆ

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

 Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

21 դեկտեմբերի 1994 թվականի,

քաղ. Ստեփանակերտ