ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ նախագահԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ԼՂՀ Նախագահը հանդիսանում է Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձը, գլխավորում է գործադիր իշխանությունը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
(1-ին հոդվածը խմբ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ընտրվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 28 օր առաջ՝ օրենքով սահմանված կարգով:
(2-րդ հոդվածը խմբ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող և վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես կամ առավելապես բնակվող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի:
Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու ու կես տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելիս ԼՂՀ ԳԽ հատուկ նիստում տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ լինել Հանրապետության Սահմանադրության ու օրենքների պաշտպանության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովման երաշխավորը»:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝
1/ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում.
2/ ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք.
3/ մեկամսյա ժամկետում ստորագրում և հրապարակում է ԼՂՀ օրենքները:
Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
Երկշաբթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
4/ ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության հետ կապված երկրի անվտանգության և ներքաղաքական վիճակի վրա զգալիորեն ազդող տևական ճգնաժամի ստեղծման պարագայում Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Իր պաշտոնավարության առաջին և վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը.
5/ կարող է հրավիրել ԼՂՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստ կամ նստաշրջան.
6/ Հաստատում է կառավարության կառուցվածքը, նշանակում և ազատում է վարչապետին:
Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ և կազմավորում կառավարություն.
7/ ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեությունը, կարող է նախագահել կառավարության նիստերում.
8/ ԼՂՀ Գերագույն խորհրդին թեկնածուներ է ներկայացնում ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի, նրա տեղակալների,Գերագույն դատարանի անդամների, գլխավոր պետական արբիտրի պաշտոններում ընտրելու համար, նշանակում և ազատում է ԼՂՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին և ԼՂՀ Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու համար. ԼՂՀ գլխավոր դատախազին, դատախազության կոլեգիայի անդամներին շնորհում է դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր
9/ իրականացնում է արտաքին հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը, կնքում է ԼՂՀ միջազգային պայմանագրերը և օրենքով նախատեսված դեպքերում դրանք ներկայացնում ԼՂՀ ԳԽ վավերացմանը.
10/ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններին առընթեր ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցիչներին.
11/ ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
12/ գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, սահմանում է նրա կազմավորման և գործունեության կարգը, նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին, հաստատում է Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի կառուցվածքը: Հանդիսանում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13/ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ԼՂՀ և նրա քաղաքացիների պաշտպանության ու անվտանգության ապահովման համար.
14/ Հանրապետության վրա զինված հարձակման դեպքում որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, իսկ արտաքին վտանգի առկայության դեպքում հայտարարում է ռազմական դրություն Հանրապետության ողջ տարածքում կամ առանձին շրջաններում: Նշված դեպքերում կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Լայնածավալ աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ելնելով վիճակի արագ կարգավորման և օրինականության վերականգնման անհրաժեշտությունից, կարող է հայտարարել մինչև երեք ամիս տևողությամբ արտակարգ դրություն, որի ժամկետը երկարաձգվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի համաձայնությամբ: Զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումները ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում ներկայացնում է ԳԽ հաստատմանը:
Պատերազմական վիճակի, ռազմական և արտակարգ դրության կարգավիճակը սահմանվում է օրենքով.
15/ ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մեջ, լուծում ապաստան տալու հարցը, ներում է շնորհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիներին.
16/ բեկանում է ԼՂՀ կառավարության, ԼՂՀ առանձին նախարարությունների, ԼՂՀ պետական կոմիտեների, մյուս գերատեսչությունների, տեղական մարմինների գործադիր կոմիտեների ընդունած այն որոշումները, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանդրությանը, ԼՂՀ օրենքներին, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներին և իր հրամանագրերին.
17/ պարգևատրում է ԼՂՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ, բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր և դիվանագիտական դասեր.
18/ իրականացնում է ԼՂՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը լրաց. 09.11.1995թ., փոփ. 31.01.1996 ՀՕ-1, խմբ., լրաց. 25.09.1996 ՀՕ-20, խմբ. 19.09.1998 ՀՕ-24)
Հոդված 6. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:
Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները չեն կարող հակասել ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին:
Հանրապետության Նախագահի ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող հրամանագրերն ու կարգադրութունները գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կարող են բեկանվել Ազգային ժողովի կողմից:
(6-րդ հոդվածը խմբ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 7. ԼՂՀ Ազգային ժողովը երկօրյա ժամկետում որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի պաշտոնը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի կողմից զբաղեցնելու մասին, եթե ԼՂՀ նախագահը`
1/ հրաժարական է տվել.
2/ չի կարող շարունակել իր լիազորությունների կատարումը.
3/ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ է արվել:
ԼՂՀ նախագահի կողմից իր լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը լուծում է ԼՂՀ Գերագույն խորհուրդը պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով` նրա դիմումի հիման վրա կամ ելնելով ստեղծված հանգամանքներից:
Եթե Հանրապետության Նախագահը ժամանակավորապես գտնվում է Հանրապետության սահմաններից դուրս, նրա հրամանագրով իր լիազորությունները լրիվությամբ կամ մասնակիորեն դրվում են Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի վրա:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 8. ԼՂՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել, եթե մեղավոր է ճանաչվել հայրենիքին դավաճանելու, կաշառակերության կամ այլ հանցագործությունների կատարման մեջ:
ԼՂՀ նախագահին պաշտոնանկ անելու հարցը նախապես քննարկում է ԼՂՀ ԳԽ-ը և ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով որոշում է կայացնում հարցը հանձնել ԼՂՀ Գերագույն դատարան՝ եզրակացություն տալու համար: ԼՂՀ նախագահին պաշտոնանկ անելու որոշումը կայացնում է ԼՂՀ Գերագույն խորհուրդը՝ ընտրված պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, ԼՂՀ Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:
(8-րդ հոդվածը փոփ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 9. ԼՂՀ նախագահի անձը անձեռնմխելի է և պաշտպանվում է օրենքով:
Հոդված 10. ԼՂՀ նախագահին սպասարկելու և պահելու կարգը, աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:
(10-րդ հոդվածը փոփ. 25.09.1996 ՀՕ-20)
Հոդված 11. ԼՂՀ նախագահը չի կարող լինել ԼՂՀ որևէ խորհրդի պատգամավոր:
ԼՂՀ նախագահը իր պաշտոնավարության ընթացքում չի կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ և զբաղեցնել այլ պաշտոններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
|
ԼՂՀ Գերագույն խորհրդի
նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Կ.ԲԱԲՈՒՐՅԱՆ |
|
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
21 դեկտեմբերի 1994 թվականի,
քաղ. Ստեփանակերտ |
|