ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26” օգոստոսի 2003թ. |
N 248 |
ք.Ստեփանակերտ
«Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության։
2. Հաստատել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնի տնօրինության շենքերը, շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000‑ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման համար ամրացնել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով։
4. Սահմանել, որ՝
ա) «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ միայնակ անձանց ստացիոնար պայմաններում շուրջօրյա խնամքի ապահովումը.
բ) «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
- վճարովի ծառայությունների մատուցում
- խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով՝ անասնաբուծություն, թռչնաբուծություն և հողագործություն։
(4-րդ կետը լրաց. 22.03.2011 N 138-Ն, խմբ. 27.05.2014 N 327-Ն)
5. «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը։
(5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
6. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) ապահովել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
բ) հաստատել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003թ. օգոստոսի 26-ի
թիվ 248 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում գործող՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։
(1.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.2. Կազմակերպությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնի վերակազմակերպման միջոցով և հանդիսանում է նրա իրավահաջորդը։
1.3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։
(1.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.4. Կազմակերպությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, իր անվամբ (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կլոր կնիք և դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
(1.4-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար։
1.6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով։ Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան։
1.7. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
հայերեն կրճատ՝ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ
ռուսերեն լրիվ՝ "Степанакертский дом-интернат" государственная некоммерческая организация
ռուսերեն կրճատ՝ "Степанакертский дом-интернат" ГНО
անգլերեն լրիվ՝ «Stepanakert boarding-house» non-commercial state organization
անգլերեն կրճատ՝ «Stepanakert boarding-house» NSO
1.8. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Մանուկյանի 2ա։
(1.8-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա) ստացիոնար պայմաններում շուրջօրյա խնամքի կազմակերպում առողջական վիճակի հետևանքով խնամքի, կենցաղային սպասարկման և բուժօգնության կարիք զգող հետևյալ անձանց համար՝
- կենսաթոշակային տարիքի միայնակ քաղաքացիներ,
- 1-ին և 2-րդ խմբի միայնակ հաշմանդամներ,
բ) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.2014 N 327-Ն)
գ) ժամանակավոր օթևանի տրամադրում 18 տարին լրացած` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բռնության ենթարկված անձի երեխային:
(2.1-ին կետը լրաց. 22.03.2011 N 138-Ն, փոփ. 27.05.2014 N 327-Ն)
2.2. (կետն ուժը կորցրել է 22.03.2011 N 138-Ն)
2.3. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը իրականացնում է հիմնադրի որոշմամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները, որոնց ցանկերը և իրականացման կարգերը սահմանում է լիազորված պետական մարմինը։
2.4. Կազմակերպությունը լիազորված պետական մարմնի իմացությամբ կարող է համագործակցել հասարակական, կրոնական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և առանձին քաղաքացիների հետ։
2.5. Տուն-ինտերնատում բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակը տրվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(2.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
ա) հիմնադիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը.
բ) լիազորված պետական մարմինը՝ նախարարությունը.
գ) գործադիր մարմինը՝ տնօրենը։
(3.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.2. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նրա բացառիկ լիազորություններն են՝
ա) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և նրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։
3.3. Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) ստեղծում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, իրականացնում նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, Արցախի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնելու համար.
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
(3.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.4. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ օրենքով սահմանված կարգով։ Տնօրենն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
(3.4-րդ կետը լրաց. 20.03.19 N 179-Ն)
3.5. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
(3.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.6. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի և տնօրենի տեղակալի հետ կնքում է պայմանագիր։
(3.6-րդ կետը փոփ. 20.03.19 N 179-Ն)
3.7. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից։
3.8. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար։
3.9. Տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։
3.10. Տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։
(3.10-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.11. Տնօրենի բացակայության դեպքում նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը, իսկ նրա բացակայության դեպքում՝ այլ անձ։
(3.11-րդ կետը լրաց. 20.03.19 N 179-Ն)
3.12. Կազմակերպության տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում պայմանագրեր.
բ) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին՝ բացառությամբ տնօրենի տեղակալի, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
զ) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
է) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
(3.12-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն, լրաց. 20.03.19 N 179-Ն)
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։
4.2. Կազմակերպությունն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։
(4.2-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
4.3. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի։
4.4. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը։
4.5. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով։
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
5.1. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք։
5.2. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքն օտարել, գրավ դնել և հանձնել անհատույց օգտագործման։
5.3. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության։ Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի։
5.4. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են։
5.5. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար։
5.6. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից։
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
6.1. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերման համար.
բ) կազմակերպությունում բնակվողների կենսապահովման բարձրացման, ինչպես նաև կազմակերպության աշխատողների պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման համար.
գ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցության ապահովման համար.
դ) հիմնադրի և օրենքով նախատեսված այլ նպատակներով։
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ։
7.2. Տուն-ինտերնատում բժշկական սպասարկման որակի վերահսկողությունը, սանիտարա-էպիդեմիական ռեժիմի պահպանումը և մասնագիտացված բժշկական օգնության ցուցադրումը իրականացվում է առողջապահական կազմակերպությունների կողմից՝ համապատասխան կարգով։
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
8.1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(8.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
8.2. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
8.3. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով։
(8.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
8.4. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
8.5. Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Արցախի Հանրապետության պետական բյուջե։
(8.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |