ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագրի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2017 թվականի ապրիլի 26-ի N 285-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման հետ կապված հարաբերությունները:
2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովումն է:
3. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, պետական, պատմական հուշարձանների, թանգարանների հարակից տարածքների, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները:
4. Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է Արցախի Հանրապետության շրջաններում:
(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
5. Ծրագրով նախատեսված աշխատանքներում ընդգրկվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) հաշվառված գործազուրկները: Առաջնահերթությունը տրվում է ծրագիրը ներկայացրած համայնքի գործազուրկներին:
(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)
6. Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը երեք ամիս է:
7. Ծրագիրը ֆինանսավորվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի՝ մասնավորապես «Պետական աջակցություն գործազուրկներին», ծրագրի միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
8. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2 000 000 ՀՀ դրամը:
Կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց մեկ աշխատանքային օրվա համար առավելագույնը վճարվում է 6 330 ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը:
(8-րդ կետը լրաց. 07.10.2019 N 837-Ն)
9. Համայնքի ղեկավարը՝
1) ապահովում է գործակալությունում չհաշվառված, գործազուրկի կարգավիճակ չստացած անձանց հաշվառումը գործակալությունում.
2) գնահատելով համայնքում հասարակական աշխատանքների իրականացման կարիքը՝ երեք օրինակից կազմում է հասարակական աշխատանքների իրականացման ծրագիր (ծրագրեր) և ներկայացնում շրջանի վարչակազմ:
10. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրում նշվում են՝ իրականացման նպատակը, կատարման ենթակա աշխատանքների ժամանակահատվածը, աշխատանքների (ծառայությունների) բնույթը, ծավալը, իրականացման համար անհրաժեշտ աշխատողների թվաքանակը, օրերի թիվը, անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, աղբահանության և այլ ծախսերի համար նախատեսվող գումարի հարաբերակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ:
Համայնքի կողմից ներդրումներ կատարելու հնարավորության առկայության դեպքում նշում ներդրումների չափի մասին:
11. Շրջանի վարչակազմը երկշաբաթյա ժամկետում նախարարության հետ համաձայնեցնում և հաստատում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագիրը (ծրագրերը): Ներկայացված ծրագրերի իրականացման հերթականությունը որոշում է նախարարությունը:
12. Հաստատված ծրագրի մեկական օրինակները մնում են նախարարությունում և շրջանի վարչակազմում, իսկ մեկ օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է համայնքի ղեկավարին:
13. Ծրագիրը մերժվում է, եթե չի բավարարում սույն կարգի պահանջները:
14. Գործակալությունը, ծրագիրը հաստատվելուց հետո, համայնքի ղեկավարի հետ երկու օրինակից կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի հաստատած ձևին համապատասխան:
(14-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)
15. Համայնքի ղեկավարը՝
1) սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո նախապես համաձայնեցված աշխատողների հետ կնքում է աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրեր և դրանց պատճենները երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում գործակալություն.
2) սույն կարգի 10-րդ կետում նշված ծառայությունների մատուցման նպատակով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի և ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի պատճենները հաշվետու ամսվա համար ներկայացվող կատարողական ակտի հետ միասին ներկայացնում է գործակալություն:
16. Համայնքի ղեկավարը մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն է ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կատարողական ակտ:
(16-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
17. Շրջանի վարչակազմի և գործակալության մասնագետները կատարողական ակտի հիման վրա տեղում ստուգում են կատարված աշխատանքների համապատասխանությունը կատարողական ակտում ներկայացված ծավալներին:
18. Շրջանի վարչակազմի և գործակալության մասնագետների կողմից սույն կարգի 17-րդ կետում նշված ստուգման արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում համայնքի ղեկավարը ողջամիտ ժամկետում միջոցներ է ձեռնարկում դրանք վերացնելու և գործակալություն կատարողական ակտ ներկայացնելու ուղղությամբ:
19. Գործակալությունը կատարողական ակտի հիման վրա, ֆինանսավորման նպատակով, երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի շրջանակներում հաշվետու ամսում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկություն:
20. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ամփոփ տեղեկությունը ստանալուց հետո Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր:
(20-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
21. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ֆինանսական միջոցները ստանալուց հետո նախարարության աշխատակազմը դրանք փոխանցում է համապատասխան համայնքի բյուջե:
(21-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
22. Համայնքը կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների և (կամ) ձեռք բերած ապրանքների դիմաց վճարումները կատարում է սույն կարգի 21-րդ կետում նշված ֆինանսական միջոցները ստանալուց հետո՝ նախապես Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների դիմաց եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարները:
(22-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, լրաց. 07.10.2019 N 837-Ն)
23. Ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված խնդիրների վերլուծության, ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով նախարարությունը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մոնիթորինգ և գնահատում:
(23-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)
(Հավելվածը լրաց. 07.10.2019 N 837-Ն, փոփ. 14.09.20 N 439-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |