| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում
06.09.2004թ.
Պետական գրանցման թիվ 291
ԼՂՀ արդարադատության նախարար
_________ Ռ.Ք.Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» օգոստոսի 2004թ. |
N 14 |
ք. Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է:
Սահմանել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը (հավելված):
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2004թ. օգոստոսի 26 -ի N 14 որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Կադրերի ռեզերվը Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նշված անձանց հանրույթ է:
3. Կադրերի ռեզերվի տեսակներն են` կադրերի կարճաժամկետ ռեզերվ և կադրերի երկարաժամկետ ռեզերվ:
4. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
5. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ
6. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են`
ա) հաստիքների կրճատման, համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
բ) պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմերի ղեկավարները.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.08.2007 N 130)
դ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
(6-րդ կետը խմբ., լրաց. 30.03.2006 N 94, փոփ. 07.08.2007 N 130)
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդ է ուղարկում քաղաքացիական ծառայողի անձնական գործը` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ քաղաքացիական ծառայողի դիմումի հետ միասին:
(7-րդ կետը փոփ. 28.07.2011 N 164-Ն)
8. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու մասին սույն կարգի 13-րդ կետում նշված Խորհրդի որոշման հիման վրա կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի տվյալները ընդգրկվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի մեջ:
9. Կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) քաղաքական, հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
դ) սույն կարգի խախտմամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելը.
ե) Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև 2-րդ կետով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
է) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ը) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.
թ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
ժա) կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.
ժբ) 65 տարին լրանալը.
ժգ) (ենթակետն ուժը կորցրել է 30.03.2006 N 94)
ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 30.03.2006 N 94)
ժե) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.
ժզ) Օրենքով սահմանված այլ հիմքերը:
(9-րդ կետը լրաց., փոփ. 30.03.2006 N 94, փոփ. 07.08.2007 N 130, խմբ. 28.07.2011 N 164-Ն)
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ
10. Կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`
ա) սույն կարգի 4-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրացած անձինք.
բ) քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոններից, կամ քաղաքացիական պաշտոններից ազատված անձինք` իրենց պաշտոնավարման ավարտից հետո.
գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:
(10-րդ կետը լրաց. 30.03.2006 N 94, խմբ. 07.08.2007 N 130)
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է խորհուրդ, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու համար` լրացնելով քաղաքացիական ծառայողի համար նախատեսված անձնական թերթիկ և ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև երկու լուսանկար:
(11-րդ կետը խմբ. 30.03.2006 N 94)
12. Կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու հիմքերն են`
ա) սույն կարգի 9-րդ կետի «ա», «զ-ժ», «ժբ» և «ժզ» ենթակետերում նշված հիմքերը.
բ) սույն կարգի խախտմամբ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելը.
գ) կադրերի երկարաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.
դ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:
IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
13. Սույն կարգի 7-րդ և 11-րդ կետերում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում, համապատասխանաբար՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում և կադրերի երկարաժամկետ ռեզերվում տվյալ քաղաքացիական ծառայողին կամ անձին գրանցելու մասին:
(13-րդ կետը փոփ. 30.03.2006 N 94)
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (հավելված): Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը տրամադրվում է քաղաքացիական ծառայողին (անձին), իսկ պատճենը` պահվում է Խորհրդում:
(14-րդ կետը խմբ. 28.07.2011 N 164-Ն)
15. Սույն կարգի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը կայացնում է որոշում կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:
(15-րդ կետը փոփ. 28.07.2011 N 164-Ն)
16. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված՝ նրա մահվան կապակցությամբ:
(Հավելվածը փոփ., խմբ. 28.07.2011 N 164-Ն)
| |
Հավելված
քաղաքացիական ծառայության
կադրերի ռեզերվում գրանցելու և
կադրերի ռեզերվից հանելու կարգի |
|
|
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ _________
(քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի)
_____________________________
(երկարաժամկետ, կարճաժամկետ) |
1. Ազգանուն, Անունը, Հայրանունը __________________________________________________
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ______________________________________________
3. Անձնագիրը__________________________________________________________________
(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)
4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական ծառայության պաշտոնը___________________________
_____________________________________________________________________________
(պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
5. Քաղաքացիական ծառայության
դասային աստիճանը ____________________________________________________________
6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը______________________________________________
7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումը______________________________________
_____________________________________________________________________________
8.Կադրերի ռեզերվում
գրանցման ժամանակաշրջանը*
«_____ » _______________ թ.-ից մինչև «_____ » ___________________թ.
| ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
____________________
ստորագրությունը
«____» _______________ 200 թ. |