Համարը 
թիվ 100
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.13/18(59)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.07.2007
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «12» հուլիսի 2007թ.

Գրանցման համարը 712

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» հուլիսի 2007թ.

 թիվ 100

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ

ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.07.14 N 59-Ն)

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 2-րդ մասի պահանջով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել, որ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

(3-րդ կետը խմբ. 22.07.14 N 59-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2007 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 100 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ

ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում գլխավոր հարկադիր կատարողը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

2. Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն Հանրապետության առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի միջոցով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

ա/ թափուր պաշտոնի անվանումը.

բ/ տվյալ պաշտոնի համար առաջադրվող պահանջները.

գ/ տվյալ պաշտոնի գործառույթների նկարագիրը.

դ/ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

ե/ փաստաթղթերն ընդունելու ժամկետները և վայրը.

զ/ մրցույթի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը և վայրը:

3. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցելու մրցույթին, եթե նա չի բավարարում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

5. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

6. Թեստավորումը անցկացվում է գրավոր: Թեստերը կազմվում են հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության.

բ) հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության.

գ) հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության (մասնագիտական հարցեր):

7. Թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի հարցերից` պատահական ընտրությամբ: Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է տրամադրվի մասնակիցներին:

8. Համակարգչում առանձին զետեղվում է նաև հարցերի 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

9. Հանձնաժողովը մրցույթի թեստավորման փուլը սկսելուց ոչ շուտ, քան մեկ ժամ առաջ, հարցաշարից ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար թեստերի առաջադրանքներ, հետևյալ չափաբաժիններով`

ա) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 25 հարց, որոնցից`

3-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից,

10-ը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից,

5-ը` «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքից,

2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից,

2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից,

1-ը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքից,

1-ը` «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից,

1-ը` «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից,

բ) տեսուչի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 20 հարց, որոնցից`

3-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից,

8-ը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից,

7-ը` «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից,

2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից:

10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում` անկախ մասնակիցների քանակից, կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնին համապատասխան պահանջով:

11. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

12. Թեստավորվողին տրվող թեստավորման առաջադրանքը բաղկացած է ամփոփաթերթից (ձև 1-ը կցվում է) և հարցաշարից: Ամփոփաթերթը բաղկացած է կտրոնից և հիմնական մասից, որոնց վրա նշված են միևնույն ծածկագրերը, որոնք ծածկված են ծածկաշերտով կամ անթափանց թղթով:

13. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է մեկական ամփոփաթերթ:

Մասնակիցը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի կտրոնի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը: Հանձնաժողովի քարտուղարը ամփոփաթերթը կնքում է (ծառայության կնիքով) ձախ կողմից կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ և այն անջատելով հիմնական մասից` գցում է ամփոփաթերթերի համար նախատեսված կնքված արկղի մեջ:

14. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի ծածկաշերտի մաքրելը կամ անթափանց թղթի վնասելը արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

15. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե ժամանակ:

16. Հանձնաժողովի անդամները, բացելով արկղը, հաշվում են ամփոփաթերթերի կտրոնները և հիմնական մասերի քանակը ու կազմում են համապատասխան արձանագրություն:

17. Թեստավորման արդյունքների ամփոփումը կատարվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

18. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Հարցազրույցն անցկացվում է մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

19. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

20. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկությունից հետո հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

21. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

22. Մրցույթի արդյունքների հրապարակվելուց հետո մասնակիցը (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամը արդյունքների հրապարակումից հետո` մեկ օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին:

23. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

24. Եթե մրցույթից հետո մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

25. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 3-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթում հաղթած մասնակիցներից ոչ մեկը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում, պաշտոնում նշանակվելու համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

26. Նոր մրցույթը հայտարարվում է մեկ ամիս հետո սույն կարգով սահմանված կարգով:

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 100 հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ

ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության /այսուհետ` ծառայություն/ առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ /այսուհետ` մրցույթ/ անցկացնող մրցութային հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով /այսուհետ` օրենք/, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար` հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և /կամ/ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի անդամները նույն կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ և /կամ/ քարտուղար:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն են` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

5. Հանձնաժողովը`

ա/ ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը և թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը,

բ/ քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

գ/ սահմանված կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

դ/ անցկացնում է մրցույթի մասնակիցների /այսուհետ` մասնակիցներ/ թեստավորում,

ե/ ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,

զ/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

է/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,

ը/ հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,

թ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,

ժ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

ժա/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

ժբ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

ժգ/ ամփոփում է մրցույթի արդյունքները,

ժդ/ մրցույթ անցկացնելուց հետո նույն օրը պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները,

ժե/ մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հաղթող ճանաչած մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում եզրակացություն, որի մեջ պետք է նշվեն.

1/ հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անց է կացվել մրցույթը,

2/ մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը,

3/ հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի,

4/ հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցներից յուրաքանչյուրի/ հավաքած միավորների քանակը /տոկոսը/ թեստավորման փուլում և հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները,

ժզ/ մրցույթից անմիջապես հետո հանձնում է թեստավորում անցկացնելու համար ստացած, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը,

ժէ/ իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, որն իր հրամանով կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,

բ/ վարում է հանձնաժողովի նիստերը,

գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սույն աշխատակարգով սահմանված կարգի,

դ/ իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման նկատմամբ հսկողություն,

ե/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

զ/ որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,

է/ իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

12. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է հանձնաժողովի նիստերը,

բ/ բացատրում է մասնակիցների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

գ/ իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

13. Հանձնաժողովի անդամը`

ա/ վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

բ/ իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման նկատմամբ հսկողություն,

գ/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին,

դ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին,

ե/ ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

զ/ օրենքով սահմանված կարգով կարող է գրավոր բողոքարկել մրցույթի արդյունքները` այն հրապարակելուց հետո մեկ օրվա ընթացքում,

է/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

ը/ իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի կողմից ընդունած որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 100 հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ

ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 22.07.14 N 59-Ն)