ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐՈՎ
2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ
ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության Կառավարության
2021 թվականի մարտի 1-ի N 152–Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐՈՎ 2020–2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը (այսուհետ` փոխհատուցում):
2. Փոխհատուցման գումարի չափը համապատասխանում է տվյալ ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձին:
3. Փոխհատուցման գումարը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար՝ յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա՝ ուսման վարձի գումարի նշումով:
4. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդին`
1) փոխհատուցում տրվում է, եթե ընտրել է այնպիսի մասնագիտություն, որը բացակայում է Արցախի Հանրապետության բուհերի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկից և նրա տվյալները համապատասխանում են սույն ենթակետի պարբերություններով նշված պայմաններից որևէ մեկին.
ա. ընդունելության մրցութային առարկայի քննությունից նա հավաքել է 15.00 և բարձր միավոր,
բ. սպա ծնողը պահեստազորի հաշվառումից հանվել է սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով,
գ. սպա ծնողը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում,
դ. սպա ծնողը ծառայում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերում, իսկ նրա ընտանիքը ապրում և գրանցված է Արցախի Հանրապետությունում,
ե. ուսանողի սպա ծնողը ստանում է զինվորական կենսաթոշակ.
2) փոխհատուցումը դադարեցվում է (կամ չի տրվում), եթե ուսանողը՝
ա. հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից,
բ. հեռացվել է ակադեմիական պարտքերի առաջացման պատճառով և վերականգնվել է ուսումը շարունակելու նպատակով,
գ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
դ. բուհի ներսում փոխել է մասնագիտությունը,
ե. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
զ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում վարձի մնացորդ մասը փոխհատուցվում է պետության կողմից:
5. Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում`
1) փոխհատուցում տրվում է հետևյալ դեպքերում.
ա. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով՝ առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին կուրս ընդունված ուսանողներին,
բ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,
գ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին.
2) փոխհատուցումը դադարեցվում է (կամ չի տրվում), եթե ուսանողը.
ա. առաջադիմության հիմքով ուսանողի փոխհատուցման (այսուհետ՝ փոխատեղում) արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,
բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. հեռացվել է ակադեմիական պարտքերի առաջացման պատճառով և վերականգնվել է ուսումը շարունակելու նպատակով,
դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
ե. բուհի ներսում փոխել է մասնագիտությունը՝ բացառությամբ «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «084101.01.6 Անասնաբուժություն», «011401.04.6 Ֆիզիկա» և «011401.02.6 Քիմիա» մասնագիտությունների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր վերադարձել են ակադեմիական արձակուրդից և տեղափոխվել կրթական այլ ծրագիր իրենց ուսանած կրթական ծրագրի համապատասխան խմբի բացակայության պատճառով,
զ. առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից,
է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
ը. ստանում է երկրորդ մասնագիտություն (ողջ ուսումնառության ընթացքում),
թ. ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 և 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշումներով սահմանված խմբերում,
ժ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում վարձի մնացորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից:
6. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում`
1) փոխհատուցում տրվում է հետևյալ դեպքերում.
ա. «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրերով, «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,
բ. «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրերով, «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին.
2) փոխհատուցումը տվյալ ուսանողի նկատմամբ դադարեցվում է (կամ չի տրվում), եթե ուսանողը.
ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,
բ. հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. ակադեմիական պարտքերի պատճառով հեռացվել է և ուսումը շարունակելու նպատակով վերականգնվել է,
դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
ե. միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը,
զ. ունի առարկայական պարտքեր նախորդ կիսամյակներից,
է. ստանում է երկրորդ մասնագիտություն (ողջ ուսումնառության ընթացքում),
ը. օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 որոշումով հաստատված փոխհատուցումից,
թ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում վարձի մնացորդ մասը փոխհատուցվում է պետության կողմից:
7. Եթե բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության առկա ուսուցման վճարովի համակարգի ուսանողն օգտվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի իրավունքից, ապա փոխհատուցվում է վարձի մնացորդ մասը։
8. Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերը ճշգրտվում են և ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի 1-ին ամսվա ընթացքում ներկայացվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները համապատասխան բուհից յուրաքանչյուր կիսամյակի ավարտին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացնում քննաշրջանի արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանք, որի հիման վրա որոշում է կայացվում նրա վարձի փոխհատուցումը շարունակելու կամ դադարեցնելու մասին։
9. Փոխհատուցման հատկացման հետ կապված փաստաթղթերը պահվում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ուսումնական հաստատություններում:
10. Ուսումնական հաստատությունները կիսամյակների արդյունքներով փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |