Համարը 
N 1307-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 66 ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022թ.

N 1307-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 1-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 66 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթների արդյունքներով ընդունված, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 152-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐՈՎ 2020-2021, 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա ուսման վարձերի` Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:».

3) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «ԼՂՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին» N 66 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող՝ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 910-Ն որոշումները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1307-Ն որոշման

 

 

«Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2021 թվականի

մարտի 1-ի N 152-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐՈՎ

2020-2021, 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ

ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ`

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով և կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և Արցախի Հանրապետությունում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (միասին այսուհետ՝ ուսումնական հաստատություն) վճարովի համակարգում սովորող ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձերի՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) պայմանները, չափերը և կարգը:

2. Փոխհատուցումը տրվում է ուսումնական հաստատության կողմից ուսանողի` տվյալ կրթական ծրագրով ուսումնառության համար սահմանված ուսման վարձի մասնակի կամ լրիվ չափով` ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձի նկատմամբ նախատեսված զեղչի կիրառմամբ:

3. Փոխհատուցման գումարը հատկացվում է ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար` ուսումնական հաստատության կողմից ներկայացվող ցուցակների հիման վրա` ուսման վարձերի գումարների նշումով և կազմված՝ ըստ ուսանողի առաջադիմության, ուսանողի` տվյալ սոցիալական խմբին պատկանելիության մասին համապատասխան տեղեկանքի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) սոցիալական խմբի ուսանող` ուսանող, ով հանդիսանում է`

ա. զոհված զինծառայողի այրի կամ զավակ կամ ծնող,

բ. արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի զավակ,

գ. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ արցախյան պատերազմների 3-րդ խմբի հաշմանդամ կամ մանկուց հաշմանդամ երեխա,

դ. առանց ծնողական խնամքի մնացած երեխա․

2) տեղահանված ուսանող` ուսանող, ով հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով և ***-ով նշված բնակավայրերում, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներում, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրում և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառում ունեցող ու առնվազն 2020 թվականի օրացուցային տարվա՝ մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես կամ առավելապես բնակված կամ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք օրացուցային տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակված անձ: Սույն ենթակետով սահմանված փաստացի բնակության պահանջը չի տարածվում ուսումնառության նպատակով այլ բնակավայրում բնակված անձանց վրա.

3) սպա զինծառայողի զավակ-ուսանող` ուսանող, ում ծնողը`

ա. հանդիսանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կամ պաշտպանության նախարարությունում զինվորական ծառայության մեջ գտնվող սպա զինծառայող,

բ. հանդիսանում է պահեստազորի սպա զինծառայող կամ պահեստազորի հաշվառումից հանվել է սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով, բացառությամբ պահեստազորի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կամ նախարարությունում չծառայած սպա զինծառայողի,

գ. ծառայում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, ում ընտանիքը հաշվառված և փաստացի բնակվում է Արցախի Հանրապետությունում,

դ. ստանում է զինվորական կենսաթոշակ,

ե. մահացել է զինվորական ծառայության կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիներին հատկացված բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի վճարովի տեղերով ընդունված ուսանողներին տրվում է փոխհատուցում հետևյալ դեպքերում, պայմաններով և չափերով.

1) 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցութային առարկաների քննություններից 75%-ին համարժեք և ավելի միավոր ապահոված ուսանողին` 1-ին կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով: 1-ին կուրսի սպա զինծառայողի զավակ-ուսանողի և տեղահանված ուսանողի 1-ին կիսամյակի ուսման վարձը 100%-ով փոխհատուցվում է առանց ընդունելության մրցութային առարկաների քննությունների արդյունքների հաշվի առնման.

2) 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողին` նախորդ կիսամյակի արդյունքում գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% ՄՈԳ ապահոված լինելու դեպքում` 1-ին կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով:

6. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի համակարգում 1-ին կուրսի տեղահանված ուսանողին, ինչպես նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի տեղահանված այն ուսանողին, ով նախորդ կիսամյակի արդյունքում ապահովել է գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% ՄՈԳ, տրվում է փոխհատուցում 1-ին կիսամյակի ուսման վարձի 50%-ի չափով:

7. Հայաստանի Հանրապետության պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող տեղահանված ուսանողին տրվում է փոխհատուցում՝ 1-ին կիսամյակի ուսման վարձի 50%-ի չափով:

8. Սույն բաժնով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`

1) ուսանողը փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ.

2) ուսանողը հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից.

3) հեռացված ուսանողը վերականգնվել է ուսումը շարունակելու համար, բացառությամբ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված ուսանողների.

4) ուսանողը տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն, բացառությամբ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված ուսանողների.

5) ուսանողը ուսումնական հաստատությունում փոխել է կրթական ծրագիրը, բացառությամբ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված ուսանողների.

6) ուսանողն ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից.

7) ուսանողն ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից.

8) ուսանողը տվյալ կիսամյակում ունի 60 ակադեմիական ժամից ավելի անհարգելի բացակայություն:

9. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտեգրացված կրթական ծրագրի Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով ուսումնառած և 2022-2023 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի բուժական մասնագիտությունների գծով ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված սովորողներին տրվում է փոխհատուցում՝ 2022 թվականին ուսումնառությունը ավարտելու արդյունքում առնվազն 65% ամփոփիչ ՄՈԳ ապահոված լինելու դեպքում` 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով:

 

3. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում`

1) փոխհատուցում տրվում է.

ա. բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին կուրսի ուսանողին, ինչպես նաև ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողին ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում՝ ուսման վարձի 100%-ի չափով,

բ. պետական ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին և 4-րդ կուրսում սովորող` սպա զինծառայողի զավակ ուսանողին և տեղահանված ուսանողին՝ նախորդ կիսամյակի արդյունքում 13.00 և ավելի միավոր ՄՈԳ ապահովելու դեպքում, ինչպես նաև համապատասխան կուրսում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողին` ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում 1-ին կիսամյակի՝ ուսման վարձի 100%-ի չափով,

գ. ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված` պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած շրջանավարտ ուսանողին, ընդ որում` գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողին՝ ուսման վարձի 100%-ի, մյուսներին` 50%-ի չափով, իսկ երկու կիսամյակ ուսանած և առկա ուսուցման վճարովի համակարգ առանց ակադեմիական պարտքերի տեղափոխված ու 15.00 և ավելի միավոր տարեկան ՄՈԳ ապահոված ուսանողին 1-ին կիսամյակի` 100%-ի չափով,

դ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից Արցախի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատություն տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատված և ուսումը շարունակելու նպատակով Արցախի Հանրապետության հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության առկա համակարգ ընդգրկված ուսանողին` ուսման վարձի 100%-ի չափով,

ե. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգերում սովորող` սոցիալական խմբի ուսանողին՝ ուսման վարձի 100%-ի չափով, իսկ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում սովորող` սոցիալական խմբի ուսանողին` ուսման վարձի 50%-ի չափով,

զ. բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգերում սովորող` 2020-2021 ուսումնական տարում ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով մեկ կիսամյակ ակադեմիական արձակուրդում գտնված ուսանողին` 2022-2023 ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար` ուսման վարձի 100%-ի չափով` առանց սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանի կիրառման, եթե ուսանողը չի օգտվել նման փոխհատուցումից 2021-2022 ուսումնական տարում,

է. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի փորձնական ծրագրով որոշ մասնագիտությունների գծով («071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «073201.01.6 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «084101.01.6 Անասնաբուժություն») սովորողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա.

2) փոխհատուցում չի տրվում, եթե ուսանողը`

ա. տվյալ կիսամյակում փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ,

բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,

գ. հեռացված ուսանողը վերականգնվել է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կիսամյակում,

դ. տվյալ ուսումնական հաստատություն է տեղափոխվել այլ ուսումնական հաստատությունից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերի,

ե. տվյալ կիսամյակում առկա ուսուցման վճարովի համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքի, տեղահանված ուսանողի, ինչպես նաև ակադեմիական արձակուրդից վերադարձած և հեռակա ուսուցման համակարգում տվյալ կրթական ծրագրի բացակայության պատճառով առկա ուսուցման վճարովի համակարգ տեղափոխված ուսանողի, որոնց համար գործում է սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանը,

զ. բարձրագույն ուսումնական հաստատությունում փոխել է մասնագիտությունը, բացառությամբ տեղահանված ուսանողի, ինչպես նաև «011401.01.6 Կենսաբանություն», «011401.02.6 Քիմիա», «011401.03.6 Աշխարհագրություն», «011401.04.6 Ֆիզիկա», «011401.05.6 Մաթեմատիկա», «011401.24.6 Կենսաբանություն և քիմիա», «011401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ» կրթական ծրագրերի և ակադեմիական արձակուրդից վերադարձած և նախկինում ուսանած կրթական ծրագրի բացակայության պատճառով հարակից կրթական այլ ծրագրի` համապատասխան խմբում վերականգնված ուսանողի, որոնց համար գործում է սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանը,

է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,

ը. ստանում է երկրորդ և հաջորդ մասնագիտությունը,

թ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից,

ժ. տվյալ կիսամյակում ունի 60 ակադեմիական ժամից ավելի անհարգելի բացակայություն:

11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի պարբերություններով սահմանված՝ նախորդ կիսամյակում ՄՈԳ-ի ապահովման պահանջը և 2-րդ ենթակետով սահմանված պայմանները, բացառությամբ «ը» և «թ» պարբերությունների, չեն տարածվում սոցիալական խմբի ուսանողների վրա:

 

4. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Արցախի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին կուրսի ուսանողներին, ինչպես նաև 2-4-րդ կուրսերի այն ուսանողներին, ովքեր նախորդ կիսամյակի արդյունքներով ապահովել են գնահատման բալային համակարգի առավելագույն միավորի առնվազն 65% ՄՈԳ, ինչպես նաև համապատասխան կուրսում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողին` ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում 1-ին կիսամյակի համար տրվում է ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում: Սույն կետով սահմանված` ուսման վարձերի փոխհատուցման պայմանները կիրառելի են նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող սոցիալական խմբի և տեղահանված ուսանողների նկատմամբ:

13. Սույն բաժնով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե ուսանողը`

1) փոխատեղման արդյունքում ուսուցման վճարովի համակարգից տեղափոխվել է ուսուցման անվճար համակարգ,

2) հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից,

3) ունի առարկայական պարտքեր նախորդ կիսամյակներից,

4) տվյալ կիսամյակում ունի 60 ակադեմիական ժամից ավելի անհարգելի բացակայություն,

5) հեռացվել և հետո վերականգնվել է տվյալ ուսումնական հաստատությունում,

6) ուսումնական հաստատությունում փոխել է մասնագիտությունը, բացառությամբ ակադեմիական արձակուրդից վերադարձած և նախկինում ուսանած կրթական ծրագրի բացակայության պատճառով հարակից կրթական այլ ծրագրի` համապատասխան խմբում վերականգնված ուսանողի,

7) տեղափոխվել է միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունից՝ երկու հաջորդող կիսամյակների համար, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից տեղափոխման դեպքի, որի պարագայում փոխհատուցումը տրվում է նաև տվյալ կիսամյակի համար՝ ուսման վարձի 100%-ի չափով,

8) ստանում է երկրորդ և հաջորդ մասնագիտությունը,

9) ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից:

14. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված` նախորդ կիսամյակում ՄՈԳ-ի ապահովման, ինչպես նաև 13-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված պայմանները չեն տարածվում սոցիալական խմբի ուսանողների վրա:

 

5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Սույն կարգով սահմանված փոխհատուցման մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի հանդեպ կիրառվում է փոխհատուցման առավելագույն չափը:

16. Երկու ուսումնական հաստատությունում միաժամանակ ուսումնառելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկում տրվող ուսման վճարի փոխհատուցումից:

17. Եթե բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության վճարովի համակարգի ուսանողն օգտվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի իրավունքից կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից, ապա փոխհատուցվում է ուսման վարձի մնացորդ մասը։

18. Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացնում սույն կարգով սահմանված ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների ցուցակները և համապատասխան հիմքերը:

19. Փոխհատուցման հետ կապված փաստաթղթերը պահվում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ուսումնական հաստատություններում:

20. Ուսումնական հաստատությունները փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական