ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐՈՎ 2020-2021 ԵՎ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.12.21 N1475-Ն)
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.12.21 N1475-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 1-ի N 152-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ
ՏԵՂԵՐՈՎ 2020-2021 ԵՎ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ
ՎԱՐՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի՝ պետական բյուջեից փոխհատուցման կարգը (այսուհետ` փոխհատուցում):
2. Փոխհատուցման գումարի չափը համապատասխանում է տվյալ ուսումնական հաստատության կողմից նախատեսված կամ սույն կարգով սահմանված ուսման վարձի փոխհատուցման համապատասխան չափերին:
3. Փոխհատուցման գումարը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար՝ յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա՝ ուսման վարձի գումարի նշումով:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդին`
1) փոխհատուցում տրվում է, եթե ընտրել է այնպիսի մասնագիտություն, որը բացակայում է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների ընդունելության մասնագիտությունների ցանկերից և նրա տվյալները համապատասխանում են սույն ենթակետի պարբերություններով նշված պայմաններից որևէ մեկին.
ա. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցութային առարկայի քննությունից նա հավաքել է 15.00 և ավելի բարձր միավոր, իսկ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության մրցութային առարկաների քննություններից՝ 30.00 և ավելի բարձր միավոր,
բ. նրա սպա ծնողը պահեստազորի հաշվառումից հանվել է սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով,
գ. նրա սպա ծնողը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում,
դ. նրա սպա ծնողը ծառայում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերում, իսկ ընտանիքը հաշվառված և փաստացի բնակվում է Արցախի Հանրապետությունում,
ե. նրա սպա ծնողը ստանում է զինվորական կենսաթոշակ,
զ. նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգում սովորող է՝ 50%-ի չափով.
2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե նա՝
ա. հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից,
բ. հեռացվել է ակադեմիական պարտքերի առաջացման պատճառով և վերականգնվել է ուսումը շարունակելու նպատակով,
գ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
դ. բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը,
ե. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
զ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
5. Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում`
1) փոխհատուցում տրվում է.
ա. առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին և 2-րդ կուրսերում սովորող ուսանողներին,
բ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 3-րդ, 4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,
գ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,
դ. ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,
ե. եթե ուսանողը առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից և սովորել է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման համակարգում առնվազն մեկ կիսամյակ,
զ. եթե ուսանողը բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը և սովորել է տվյալ մասնագիտությամբ առնվազն մեկ կիսամյակ,
է. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 4-ի N 859-Ա որոշմամբ հաստատված պիլոտային ծրագրով որոշ մասնագիտությունների գծով սովորող ուսանողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա,
ը. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորողներին՝ ուսման վարձի 100%-ի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողներին՝ 50%-ի չափով,
թ. հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողներին՝ 100%-ի, մնացածներին՝ 50%-ի չափով, իսկ առկա ուսուցման համակարգ առանց ակադեմիական պարտքերի տեղափոխված 15 և բարձր տարեկան միջին որակական գնահատական ապահոված ուսանողը՝ 100%-ի չափով,
ժ. պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների ծնողներին՝ 100%-ի, հեռակա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիներին, զավակներին և ծնողներին՝ 50%-ի, Արցախյան պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին՝ 100%-ի չափով.
2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե ուսանողը.
ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,
բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. հեռացվել է (ազատվել է) և վերականգնվել է ուսումը շարունակելու նպատակով,
դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
ե. բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը՝ բացառությամբ «081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «011401.24.6 Կենսաբանություն և քիմիա», «011401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «011401.04.6 Ֆիզիկա» և «011401.02.6 Քիմիա» մասնագիտությունների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր վերադարձել են ակադեմիական արձակուրդից և տեղափոխվել հարակից կրթական այլ ծրագիր իրենց ուսանած կրթական ծրագրի՝ համապատասխան խմբի բացակայության պատճառով,
զ. տվյալ կիսամյակում առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից,
է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
ը. ստանում է երկրորդ մասնագիտություն,
թ. ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշումներով սահմանված խմբերում,
ժ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
6. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում`
1) փոխհատուցում տրվում է.
ա. «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրերով, «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,
բ. «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրերով, «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,
գ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված՝ Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող՝ Արցախի Հանրապետության պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, այդ թվում Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանին կից գործող քոլեջի առկա ուսուցման համակարգում սովորողներին՝ 100%-ի չափով,
դ. միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը և սովորել է տվյալ մասնագիտությամբ առնվազն մեկ կիսամյակ.
2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե ուսանողը.
ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,
բ. հեռացվել է տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. հեռացվել է և ուսումը շարունակելու նպատակով վերականգնվել է,
դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
ե. ունի առարկայական պարտքեր նախորդ կիսամյակներից,
զ. ստանում է երկրորդ մասնագիտություն,
է. օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 որոշմամբ հաստատված փոխհատուցումից,
ը. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից:
7. Եթե բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության առկա ուսուցման վճարովի համակարգի ուսանողն օգտվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի իրավունքից, ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից, ապա փոխհատուցվում է վարձի մնացորդ մասը։
8. Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերը ճշգրտվում են և ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակում ներկայացվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները յուրաքանչյուր կիսամյակի ավարտին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացնում քննաշրջանի արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանք, որի հիման վրա որոշում է կայացվում նրա վարձի փոխհատուցումը շարունակելու կամ դադարեցնելու մասին։
9. Փոխհատուցման հատկացման հետ կապված փաստաթղթերը պահվում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ուսումնական հաստատություններում:
10. Ուսումնական հաստատությունները կիսամյակների արդյունքներով փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
(հավելվածը խմբ. 29.12.21 N1475-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |