ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով՝ մարտական գործողությունների մասնակից են համարվում զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով: Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը: Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը:
3. Սույն կարգի համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
4. Միջգերատեսչական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը եզրակացություն է տալիս անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
5. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում, ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև այլ անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են հանձնաժողովի եզրակացությունների ձևերը:
7. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը, որի ներկայացուցիչը հանդիսանում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը, ով հանձնաժողովի անդամ չէ: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձը, իսկ վերջինիս՝ զոհված (մահացած) կամ անհայտ կորած լինելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (անձի՝ զոհված (մահացած) լինելու դեպքում՝ հետմահու) ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`
1) դիմում և մարտական գործողությունների մասնակցի 2x3 սմ չափսի 3 լուսանկար.
2) սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթերը.
3) մարտական ուղի` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողությունների մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները.
4) մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթերը:
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում դիմումատուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ այդ ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է՝ նշելով դիմումի վերադարձման հիմքերը:
10. Միջգերատեսչական հանձնաժողովն անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու եզրակացությունն ընդունում է սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա և եզրակացության ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, ստացված դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին: Նշված փաստաթղթերը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը որոշում է անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու հարցը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու մասին հրաման ընդունելու դեպքում դիմումատուին տրվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը: Անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ շնորհելու դիմումը մերժվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից՝ անձի կարգավիճակը սույն կարգի 2-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում՝ դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով դիմումատուին և նշելով դիմումի մերժման հիմքերը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ
ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Շահրամանյան Սամվել Սերգեյի - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ)
Մկրտչյան Նորայր Յակովի – Պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնի ժամանակավոր կատարող (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ապրեսյան Համլետ Սլավայի - Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Առաքելյան Արմեն Շաբոյի - Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
Առստամյան Սերգեյ Վլադիմիրի - Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար
Ավետիսյան Դավիթ Մարատի - Պաշտպանության բանակի կազմզորահավաքային բաժնի պետ
Բալայան Վարդան Էմիլի - Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական
Բաղդասարյան Ֆելիքս Հենրիխի - Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ
Իշխանյան Վրեժ Էդուարդի - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժնի պետ
Խաչատրյան Էդուարդ Նժդեհի - Արցախի Հանրապետության ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար
Խաչատրյան Վրույր Վալերիի - Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ
Հարությունյան Գուրգեն Արարատի - Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Մարտիրոսյան Սերգեյ Միքայելի - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ
Ներսիսյան Արայիկ Անդրանիկի - Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Պետրոսյան Արմինե Անդրեյի - Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ
Սառաջյան Արսեն Սամվելի - Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար
Հանձնաժողովի քարտուղար`
Մկրտչյան Վլադիմիր Արմանի - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի իրավաբանական և իրավական փորձաքննությունների վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |