ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 24.08.21 N 936-Ն, փոփ. 22.09.21 N 1026-Ն)
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով):
(2-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն, 27.04.23 N 291-Ն)
2.1. Սահմանել, որ Հանրապետական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է աշխատանքային խումբը, որի անհատական կազմը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը:
(2.1-ին կետը լրաց. 24.08.21 N 936-Ն, խմբ. 22.09.21 N 1026-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ
ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով՝
1) մարտական գործողությունների մասնակից են համարվում զինվորական ծառայության մեջ չգտնվող, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝
ա. մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին ոչ պակաս, քան 20 օր մասնակցած անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից,
բ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով մարտական գործողությունների գոտի մեկից ավելի անգամ գործուղված անձինք,
գ. մարտական գործողությունների գոտի նյութատեխնիկական միջոցների և (կամ) սպառազինության և (կամ) սննդամթերքի մատակարարման աշխատանքներում մեկից ավելի անգամ ներգրավված անձինք,
դ. մարտական գործողությունների գոտու և (կամ) ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում մեկից ավելի անգամ ներգրավված անձինք,
ե. այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել սույն ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված գործողությունների իրականացման հետևանքով.
2) կյանքին պատճառված վնաս է համարվում մարտական գործողություններին մասնակցած անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորչելը կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.
3) առողջությանը պատճառված վնաս է համարվում մարտական գործողություններին մասնակցած անձի ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով աշխատունակության կորուստը կամ անկումը:
(2-րդ կետը խմբ. 24.08.21 N 936-Ն)
3. Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է սույն կարգին համապատասխան և Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցերով զբաղվող Հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) եզրակացության հիման վրա՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
(3-րդ կետը խմբ. 24.08.21 N 936-Ն)
4. Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը եզրակացություն է տալիս անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ: Հանրապետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
(4-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն)
5. Հանրապետական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում, ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Հանրապետական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
(5-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն)
6. Հանրապետական հանձնաժողովի նիստն իրավազոր է Հանրապետական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Հանրապետական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ և այլ անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են Հանրապետական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Հանրապետական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են հանձնաժողովի եզրակացությունների ձևերը:
(6-րդ կետը փոփ., լրաց. 24.08.21 N 936-Ն)
7. Հանրապետական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Հանրապետական հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն, 22.09.21 N 1026-Ն)
8. Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձը, իսկ վերջինիս՝ զոհված (մահացած) կամ անհայտ կորած լինելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (անձի՝ զոհված (մահացած) լինելու դեպքում՝ հետմահու) ստանալու նպատակով Հանրապետական հանձնաժողով է ներկայացնում`
1) դիմում.
2) սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթերը.
3) մարտական ուղի` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողությունների մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները.
4) մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթերը:
(8-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն)
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում դիմումատուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ այդ ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է՝ նշելով դիմումի վերադարձման հիմքերը:
10. Հանրապետական հանձնաժողովն անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու եզրակացությունն ընդունում է սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա և եզրակացության ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, ստացված դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին: Նշված փաստաթղթերը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը որոշում է անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու հարցը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու մասին հրաման ընդունելու դեպքում դիմումատուին տրվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը: Անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ շնորհելու դիմումը մերժվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից՝ անձի կարգավիճակը սույն կարգի 2-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում՝ դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով դիմումատուին և նշելով դիմումի մերժման հիմքերը:
(10-րդ կետը փոփ. 24.08.21 N 936-Ն)
(հավելված 1-ը փոփ., խմբ., լրաց. 24.08.21 N 936-Ն, փոփ. 22.09.21 N 1026-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ
ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(հավելված N 2-ը ուժը կորցրել է 27.04.23 N 291-Ն)