Համարը 
N 409-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.05.24/11(431)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.05.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՀ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2021թ.

N 409-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի

N 301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 15-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մայիսի 4-ի N 409-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ

ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ

ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում (այսուհետ` բուհեր) Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի առկա ուսուցման ընդունելության գործընթացը, որը ներառում է քննական առարկաների և բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհերի ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են զինվորական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատած մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ՝ ցանկ) համաձայն:

4. Սույն կարգի համաձայն բուհերի ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ՝ վճարովի) Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ըստ բուհերի ու մասնագիտությունների կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հաստատված տեղերի:

5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

6. Օտարերկրյա քաղաքացիները (այսուհետ` օտարերկրացիներ) Արցախի Հանրապետության բուհեր կարող են ընդունվել՝ համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

7. Բուհեր ընդունվելու համար շրջանավարտը (այսուհետ` դիմորդ) հանձնում է ընդունելության քննություններ: Ընդունելության քննությունները անց են կացվում քննական կենտրոններում: Քննական կենտրոնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը և բժշկի ներկայությունը պարտադիր են:

8. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են: Միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), ներբուհական քննությունները կազմակերպվում և անցկացվում է համապատասխան բուհերում, իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ ԳԹԿ-ի հետ համատեղ: Տվյալ ուսումնական տարում դիմորդները ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:

9. Բուհեր ընդունվելու համար դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով, եթե տվյալ մասնագիտության քննական առարկան բուհերի ընդունելության քննությունների ցանկում նշված է երկու աստղանիշով (**): Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականները առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական, կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի՝ պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ:

10. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննություն հանձնում են ըստ ԳԹԿ-ի տնօրենի կողմից սահմանված օրերի: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից:

11. Միասնական քննությունների և մասնագիտության հայտագրումը անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ.

1) առաջին փուլի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրումը կատարվում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին փուլի միասնական քննությունները անց են կացվում տվյալ տարվա հունիս ամսում.

2) երկրորդ փուլի միասնական քննությունների և մասնագիտության հայտագրումը կատարվում է տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ փուլի միասնական քննությունները անց են կացվում տվյալ տարվա հուլիս ամսում:

12. Միասնական քննությունների երկրորդ փուլին կարող են մասնակցել՝

1) այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել կամ հիվանդության պատճառով ընդհատել են քննությունը.

2) այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել.

3) բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:

13. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար՝ 180 րոպե.

2) «Oտար լեզու» առարկայի համար՝ 150 րոպե:

14. Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ քննական առարկաների առանձնահատկություններից: Կենտրոնացված քննությունները անցկացվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

15. Բուհերի ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

16. Ներբուհական են՝ Արցախի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն», Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ճարտարապետություն», Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Ֆիզիկական պատրաստություն և սպորտային մարզումներ» ու «Նախնական զինվորական պատրաստություն», Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» կրթական ծրագրերի մասնագիտական առարկաների քննությունները: «Նախնական զինվորական պատրաստություն» բանավոր քննության ժամանակ յուրաքանչյուր դիմորդի քննելու առավելագույն ժամանակը 30 րոպե է:

17. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 16-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն: Ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

18. Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ միայն երկրորդ փուլում՝ բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և օտար լեզուների քննությունների:

19. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթի արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

 

2. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

20. Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների և մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ` ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը՝

1) դիմորդը կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ընդունելության դիմում-հայտը ԳԹԿ է ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ժամը 18:00: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվամիջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում է ընդունելության դիմում-հայտերի ընդունումը, սկսելու և ավարտելու ժամկետները.

3) դիմորդը ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված քննությունները՝

ա. միասնական քննություններ հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մինչև չորս բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև չորս վճարովի ուսուցման համակարգերի նույն մասնագիտության մրցույթին,

բ. ներբուհական կամ կենտրոնացված քննություններ հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի նշված մասնագիտության ըստ ուսուցման անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթին.

4) ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

5) դիմորդը յուրաքանչյուր ընդունելության քննության համար փոխանցում է 1500 դրամ.

ա. միասնական քննությունների համար՝ Արցախի Հանրապետության ԳԹԿ հաշվեհամարին,

բ. կենտրոնացված քննությունների համար՝ Հայաստանի Հանրապետության ԳԹԿ հաշվեհամարին,

գ. ներբուհական քննությունների համար՝ համապատասխան բուհի հաշվեհամարին.

6) սույն կարգի 72-րդ և 73-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Համապատասխան տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ընդունելության դիմում-հայտի հետ:

21. Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի համար դիմորդները ընդունելության դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով ուղարկում են Արցախի Հանրապետության ԳԹԿ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված են ներբուհական կամ կենտրոնացված քննություններ: Այդ մասնագիտություններին հայտագրվող դիմորդները ընդունելության դիմում–հայտը և պետական մարմնի կողմից համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ տրված տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը սույն թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ժամը 18:00 ուղարկում են Հայաստանի Հանրապետության ԳԹԿ:

22. Եթե դիմում-հայտը պետք է ուղարկվի Հայաստանի Հանրապետության ԳԹԿ, ապա դիմորդը սկզբում դիմում է Արցախի Հանրապետության ԳԹԿ: ԳԹԿ-ն ստուգում է դիմորդի կողմից ընդունելության մրցութային քննությունների համար փոխանցված վճարի անդորրագրի առկայությունը, գրանցում է անձնական տվյալները, հայտագրում է ընտրած մասնագիտության ընդունելության քննությունները և դիմորդին տրամադրում է ԳԹԿ անձնական համար: Այնուհետև դիմորդը դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության ԳԹԿ:

23. Մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին՝ մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար:

24. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություններ հանձնող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձը առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 74-րդ կետով սահմանված արտոնությունից:

25. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

1) սույն կարգի 72-75-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.

2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.

3) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցած 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը, եթե ազատված չէ քննությունների վճարից:

26. Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել կամ հրաժարվել մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը` ժամը 17։00։

27. Օտարեկրացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած շրջանավարտների, նույն տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերը ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը՝ մինչև ժամը 17:00: Դիմորդները երկրորդ փուլի դիմում-հայտ լրացնելու համար դիմում են ԳԹԿ՝ անձնական համար ստանալու: Ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունելության դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

28. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

29. Մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ը դիմորդը ԳԹԿ է ուղարկում միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական գնահատականները, ինչպես նաև «Բուհերի ընդունելության մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի հայտագրված մասնագիտության ընդունելության ոչ մրցութային քննության առարկայի պետական ավարտական գնահատականը, իսկ պետական ավարտական գնահատականի բացակայությամբ՝ տարեկան գնահատականը:

30. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գնահատականի փոխարեն կարող են օգտագործել ավարտական փաստաթղթի օտար լեզվի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն) տարեկան գնահատականը: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագիր)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննության գնահատականը կամ «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը պարտադիր է:

31. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատությունը:

32. Հայտագրման ավարտից հետո միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին տրվում են անցաթղթեր (քննական թերթիկներ): Անցաթղթերը մինչև մայիսի 30-ը ուղարկվում են դպրոցներ կամ դիմորդներին: Միասնական քննություններ հանձնող դիմորդներին անցաթղթերն ուղարկում է ԳԹԿ, իսկ կենտրոնացված և ներբուհական քննություններ հանձնողներինը՝ համապատասխան բուհը: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

33. Անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները. (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը) անձնական համարը) ուսումնական հաստատության անվանումը, լուսանկար (3x4 չափսի), քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը:

34. Դիմորդը անցաթուղթը (քննական թերթիկը) կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ: ԳԹԿ-ն 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր անցաթուղթ (քննական թերթիկ): Եթե անցաթուղթը (քննական թերթիկ) կորել է տվյալ օրը կամ տվյալ առարկայի քննության նախորդ օրը, ապա անցաթուղթը (քննական թերթիկ) կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի տվյալների բազայի հիման վրա:

35. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ՝ ընդունող հանձնաժողով):

36. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

 

3. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,

ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

37. Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը հաստատում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ (այսուհետ` նախարար) ԳԹԿ-ի տնօրենի ներկայացմամբ.

2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը հաստատում է նախարարը՝ ԳԹԿ-ի տնօրենի ներկայացմամբ.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 40 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր), միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` ԳԹԿ-ի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ-ի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Յուրաքանչյուր խմբի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է մեկական կազմակերպիչ.

10) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

11) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

12) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

13) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները, յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

14) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ և օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

15) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

16) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

17) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

18) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

19) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

20) դիմորդներին քննասենյակում տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը, քննական կենտրոնի ղեկավարից ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա.

21) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

22) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

38. Միասնական քննության անցկացումը՝

1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.

3) միասնական քննությունը Արցախի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9։30-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից. կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է ԳԹԿ-ի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնել դիմորդին՝ արձանագրելով նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնել քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել դիմորդների հետ, փոխել տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է, կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը:

39. Միասնական քննության ավարտը՝

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո, ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում, պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

40. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից անմիջապես հետո: Նույն օրվա ընթացքում ԳԹԿ-ի ներկայացուցիչը քննական նյութերը տեղափոխում է Հայաստանի Հանրապետության ԳԹԿ.

3) Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ում Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը. պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

41. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:

42. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երկրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.

2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո ԳԹԿ-ից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ. ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը ուղարկում է դպրոցներ.

6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի՝ միջնակարգ կրթության ատեստատում.

7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ քննական կենտրոնից:

43. Միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում է միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները: Վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

44. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը, պահպանելով գնահատականը, կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

45. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

46. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդները մինչև հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են իրենց դպրոցներից, իսկ մյուսները՝ գնահատման և թեստավորման կենտրոնից՝ ներկայացնելով ընդունելության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:

47. Միասնական քննությունների արդյունքների վկայագիրը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

48. Ընդունելության քննության արդյունքների բողոքարկումը քննելու նպատակով ԳԹԿ-ում ստեղծվում է ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով):

49. Միասնական քննության բողոքարկումը կարող է լինել`

1) քննության անցկացման կարգի խախտման մասին.

2) քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին:

50. Միասնական քննության անցկացման կարգի խախտման մասին բողոքարկումը անց է կացվում հետևյալ կերպ.

1) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.

2) դիմորդը բողոք-դիմումը շարադրում է ձևաթղթի վրա, պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.

3) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին, և հանձնում կենտրոնի ղեկավարին.

4) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.

5) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

6) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.

7) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

8) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երկրորդ փուլի միասնական քննությանը:

51. Միասնական քննությունների արդյունքների հետ անհամաձայնության բողոքարկումը անց է կացվում հետևյալ կերպ.

1) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00 կարող է բողոք- դիմումը անձամբ հանձնել քննական կենտրոնի պատասխանատու օպերատորին: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է ուղարկում բողոքարկման ժամկետի ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում.

2) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում՝ քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:

 

4. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

52. Ներբուհական ընդունելության քննությունների (այսուհետ՝ ներբուհական քննություններ) օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Ներբուհական ընդունելության քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով):

53. Քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

54. Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:

55. Ներբուհական քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում է քննական հանձնաժողովի նախագահը:

56. Ներբուհական բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը:

57. «Գծագրություն», «Գծանկար» «Գունանկար», «Նկարչություն», «Կոմպոզիցիա», առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումը անց է կացվում հետևյալ կերպ.

1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը ներբուհական գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում.

2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին. դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.

3) դիմումում նշվում է ներբուհական գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.

4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները), մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չի թույլատրվում.

5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքը ստուգած անդամը քննարկում են ներբուհական գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.

6) բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.

7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.

8) ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական գրավոր քննության քննական կենտրոնում.

9) ներբուհական գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9։00-18։00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովին.

10) ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան մասնագիտության գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում՝ գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.

11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է ներբուհական գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.

12) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն:

58. Հարգելի պատճառով ներբուհական քննությանը չներկայացած դիմորդներն ընդունող հանձնաժողով են ներկայացնում դիմում և բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդունում է դիմումները, ստուգում և փաստաթղթերը ներկայացնում բողոքարկման հանձնաժողով` լրացուցիչ քննության թույլատրելու համար:

59. Ներբուհական քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օր նշանակելու մասին:

60. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:

 

5. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

61. Բուհերի՝ ըստ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և թափուր տեղերի (լրացուցիչ): Միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է ԳԹԿ-ում, իսկ ներբուհական քննությունների արդյունքներով՝ համապատասխան բուհում:

62. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է մասնագիտության համար սահմանված ընդունելության մրցութային քննություններից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Անհրաժեշտ է նաև, որ ցանկի տվյալ մասնագիտության նշված մեկ աստղանիշով (*) ընդունելության ոչ մրցութային քննությունից դիմորդն ունենա դրական միավոր: Ընդունելության ոչ մրցութային քննության արդյունքն է դիմորդի՝ տվյալ առարկայից պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:

63. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Միասնական քննություններում դրական են համարվում 7,5 և բարձր, իսկ Արցախի Հանրապետության բուհերի վճարովի թափուր տեղերի համար դրական գնահատական է համարվում 6,00 և բարձր միավորները: Ներբուհական քննությունների համար դրական են համարվում ութ և բարձր միավորները:

(63-րդ կետը լրաց. 10.08.21 N 886-Ն)

64. Մասնագիտության մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված բուհի՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

65. Առաջին հայտագրված բուհի մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված բուհերի հերթականությանը համապատասխան, եթե նշված բուհի տվյալ մասնագիտության համար առկա են թափուր տեղեր:

66. Ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտության որևէ բուհի (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ բուհերի մրցույթին: Իսկ չընդունված դիմորդը ըստ հերթականության մասնակցում է հաջորդ բուհերի մրցույթին:

67. Անվճար տեղերի մրցույթին դիմորդը կարող է մասնակցել միայն ընդունելության քննությունների արդյունքներով՝ բացի Արցախի պետական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «» նշանով նշված մասնագիտություններից: Արցախի պետական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «» նշանով նշված մասնագիտությունների անվճար ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել են միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը. առաջնահերթությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր մրցույթին մասնակցում են երկու առարկաներից միասնական քննությունների արդյունքներով:

68. Վճարովի տեղերի մրցույթին դիմորդը կարող է մասնակցել և ընդունելության քննությունների արդյունքներով, և բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված առարկայի համար՝ որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրված միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական, կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի պետական ավարտական քննության գնահատականով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականով: Վճարովի տեղերի մրցույթին առաջնահերթությունը տրվում է ընդունելության մրցութային առավել թվով քննություններ հանձնած դիմորդներին: Նույն քանակի ընդունելության քննություն հանձնած և երկու աստղանիշով (**) առարկայի համար ավարտական փաստաթղթի գնահատականը ներկայացրած դիմորդների դեպքում առավելությունը տրվում է ընդունելության քննությունից ավելի բարձր միավոր ունեցող դիմորդին, իսկ ընդունելության քննությունից հավասար միավորների առկայության դեպքում առավելությունը տրվում է ավարտական փաստաթղթում երկու աստղանիշով (**) առարկայից առավել բարձր միավոր ունեցողին:

69. Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի մրցույթին մասնակցում են Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցող և Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններն ավարտած դիմորդները, նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում սովորող աշակերտները, ովքեր նախօրոք, ըստ հաստատված կարգի, հայտագրված են եղել համապատասխան մասնագիտությանը և հավաքել են տվյալ բուհի համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75%-ը: Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի դիմորդների և նրանց ծնողների հետ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս համապատասխան պետական մարմինների, կնքում է պայմանագիր՝ բուհն ավարտելուց հետո Արցախի Հանրապետությունում մասնագիտությամբ պարտադիր աշխատելու վերաբերյալ:

70. Ընդունելության մրցութային առարկաների քննություններից գումարային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, եթե այն համապատասխանում է տվյալ մասնագիտության ընդունելության քննությանը.

4) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.

5) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

71. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են երկու աստղանիշով (**), մրցույթին մասնակցելու համար պետական ավարտական քննությունների և տարեկան գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ.

1) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին.

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին.

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին.

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին.

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին.

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին.

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին.

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

2) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին.

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին.

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին.

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։

72. Ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունների, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տված տեղեկանքների:

73. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

74. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո, մեկ տարվա ընթացքում ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթը իրականացվում է սույն կարգի 70-րդ կետի պահանջների համաձայն.

2) տվյալ մասնագիտությունից Արցախի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.

3) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

75. Առանց ընդունելության քննությունների Արցախի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով, կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից ճանաչված, միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակն ստանալուց հետո երեք տարվա ընթացքում ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում:

76. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

77. Ներբուհական քննությունների արդյունքներով ընդունելության մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում և հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո համապատասխան բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

78. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը, ժամը 18.00:

79. Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

80. Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև վեց վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին, եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննություններից ունի դրական միավորներ:

81. Թափուր տեղերի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային քննություններից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին:

82. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրված հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդը ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

83. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

84. Դիմորդը բուհ ընդունվելուց հետո ներկայացնում է՝

1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).

2) 1 լուսանկար (3 x 4 չափսի).

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական) բնօրինակը.

4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.

5) սույն կարգի 71-74-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

6) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները.

7) ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: Սույն կարգի 71-րդ և 72-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են նշված վճարից:

 

6. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

85. Բուհերի ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 11 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարի տեղակալը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի տնօրենը, բուհերի ռեկտորները և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է նախարարը:

86. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`

1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.

2) հաստատվում են սույն կարգի 72-75-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.

3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը:

(հավելվածը լրաց. 10.08.21 N 886-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ