ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի
N 301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 15-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
մայիսի 4-ի N 409-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ
ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ
ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում (այսուհետ` բուհեր) Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի առկա ուսուցման ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և ընդունելության քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհերի ընդունելության մրցույթի անցկացումը:
2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում բարձրագույն ռազմական, ոստիկանական և արտակարգ իրավիճակների պետական ուսումնական հաստատությունների վրա:
3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ՝ ցանկ) համաձայն:
4. Սույն կարգի համաձայն բուհերի ընդունելությունը կատարվում է`
1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.
2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ՝ վճարովի) Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ըստ բուհերի ու մասնագիտությունների (կրթական ծրագրերի) Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հաստատված տեղերի:
5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:
6. Օտարերկրյա քաղաքացիները (այսուհետ` օտարերկրացիներ) Արցախի Հանրապետության բուհեր կարող են ընդունվել` համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրացիների ընդունելության կարգի:
7. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ: Ընդունելության քննություններն անց են կացվում քննական կենտրոններում: Քննական կենտրոնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը և բժշկի ներկայությունը պարտադիր են:
8. Ընդունելության քննությունները միասնական, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են: Միասնական քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), ներբուհական քննությունները կազմակերպվում և անցկացվում են համապատասխան բուհերում, իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ ԳԹԿ-ի հետ համատեղ: Տվյալ ուսումնական տարում դիմորդները ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:
9. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննություն հանձնում են ըստ ԳԹԿ-ի տնօրենի կողմից սահմանված օրերի: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից:
10. Ընդունելության քննությունների հայտագրումը անցկացվում է 2 փուլով, մասնագիտությունների (կրթական ծրագրի) հայտագրումը՝ 3 փուլով.
1) առաջին փուլի ընդունելության քննությունների և մասնագիտության (կրթական ծրագրի) հայտագրումը կատարվում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00 ընկած ժամանակահատվածում: Առաջին փուլի միասնական քննությունները անց են կացվում տվյալ տարվա հունիս ամսում.
2) միասնական քննությունների և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը ընդգրկում է՝
ա. տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 17:00 ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը: Երկրորդ փուլի միասնական քննությունները անց են կացվում տվյալ տարվա հուլիս ամսում,
բ. առաջին փուլի միասնական քննությանը հարգելի պատճառով չմասնակցած կամ հիվանդության պատճառով ընդհատած, ինչպես նաև ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում երկրորդ փուլի միասնական քննության օրը.
3) մասնագիտության (կրթական ծրագրի) հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է՝ տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության (կրթական ծրագրի) առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների (կրթական ծրագրի) գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդը այդ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:
11. Այն դիմորդները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով՝ (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հուլիսին:
12. Միասնական քննությունների տևողությունն է`
1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար՝ 180 րոպե.
2) «Oտար լեզու» առարկայի համար՝ 150 րոպե:
13. Բուհերի ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:
14. Ներբուհական են՝
1) Արցախի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրեր) մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.
2) Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «021201.00.6 Դիզայն» («021201.01.6 Դիզայն», «021201.03.6 Հագուստի մոդելավորում» կրթական ծրագրեր), «073101.00.6 Ճարտարապետություն» («073101.01.6 Ճարտարապետություն» կրթական ծրագիր) մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.
3) Գրիգոր Նարեկացի համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրեր) մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները:
15. Ներբուհական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերի կողմից մշակված և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն: Ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ ԳԹԿ-ի տնօրենի կողմից սահմանված օրերի:
16. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթի արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:
2. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
17. Միասնական, ներբուհական քննությունների և մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ` ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը՝
1) դիմորդը ներբուհական և առաջին փուլի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ընդունելության դիմում-հայտը ԳԹԿ է ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.
2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվամիջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումը, սկսելու և ավարտելու ժամկետները.
3) դիմորդը ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության մրցութային քննությունները՝
ա. միասնական քննություններ հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մինչև երեք բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև երեք վճարովի ուսուցման համակարգերի նույն մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթին,
բ. ներբուհական քննություններ հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի նշված մասնագիտության (կրթական ծրագրի) ըստ ուսուցման անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթին.
4) ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.
5) դիմորդը յուրաքանչյուր ընդունելության քննության համար փոխանցում է 1500 ՀՀ դրամ՝
ա. միասնական քննությունների համար՝ Արցախի Հանրապետության ԳԹԿ հաշվեհամարին,
բ. ներբուհական քննությունների համար՝ համապատասխան բուհի հաշվեհամարին.
6) սույն կարգի 63-րդ և 64-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Համապատասխան տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ընդունելության դիմում-հայտի հետ.
7) ընդունելության դիմում-հայտ լրացնելու ընթացքում դիմորդն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դպրոցի օժանդակությունից.
8) Հայաստանի Հանրապետության բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի համար դիմորդների մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննությունների հայտագրումը՝
ա. եթե նշվող մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննությունները միասնական են, ապա դիմորդը ընդունելության դիմում-հայտը առցանց ուղարկում է Արցախի Հանրապետության ԳԹԿ, ստանում է ԳԹԿ-ի անձնական համար և Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի համապատասխան կայքում գրանցում է ընդունելության քննությունները,
բ. եթե նշվող մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննությունները ներբուհական են, ապա դիմորդը դիմում է Արցախի Հանրապետության ԳԹԿ: Գնահատման և թեստավորման կենտրոնում հայտագրվում են ընտրած մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննությունները, և դիմորդին տրամադրվում է ԳԹԿ-ի անձնական համար: Այնուհետև դիմորդը ընդունելության դիմում-հայտը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության ԳԹԿ համապատասխան կայքում, նաև ուղարկում է պետական մարմնի կողմից համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ տրված տեղեկանքի էլեկտրոնային տարբերակը.
9) եթե դիմորդը հայտագրվում է ՀՀ բուհերի ոչ նպատակային տեղերում, ապա դիմում է Արցախի Հանրապետության ԳԹԿ: Գնահատման և թեստավորման կենտրոնում հայտագրվում են ընտրած մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննությունները, և դիմորդին տրամադրվում է ԳԹԿ-ի անձնական համար: Այնուհետև դիմորդը ընդունելության դիմում-հայտը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի համապատասխան կայքում.
10) դիմորդները 2-րդ փուլի դիմում-հայտ լրացնելու համար դիմում են ԳԹԿ:
18. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝
1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին մասնակցելու՝ մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով.
2) տվյալ տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար:
19. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություններ հանձնող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձը առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 65-րդ կետով սահմանված արտոնությունից:
20. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է սույն կարգի 63-66-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը՝
1) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.
2) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցած 1500-ական ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը, եթե ազատված չէ քննությունների վճարից:
21. Ընդունելության փաստաթղթերի ժամկետի ավարտից հետո ընդունելության դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:
22. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:
23. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`
1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է:
24. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատությունը:
25. Հայտագրման ավարտից հետո միասնական և ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին տրվում են անցաթղթեր: Անցաթղթերը միասնական քննությունների մեկնարկից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են դպրոցներ կամ դիմորդներին: Միասնական քննություններ հանձնող դիմորդներին անցաթղթերն ուղարկում է ԳԹԿ-ն իսկ ներբուհական քննություններ հանձնողներինը՝ համապատասխան բուհը: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:
26. Անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը) անձնական համարը), ուսումնական հաստատության անվանումը, լուսանկար, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը:
27. Դիմորդը միասնական քննության անցաթուղթը կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ, ներբուհական քննության անցաթղթի դեպքում՝ համապատասխան բուհին: ԳԹԿ-ն և բուհը համապատասխանաբար 24 ժամվա ընթացքում դիմորդին են տալիս նոր անցաթուղթ: Եթե անցաթուղթը կորել է տվյալ օրը կամ տվյալ առարկայի քննության նախորդ օրը, ապա անցաթուղթը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի տվյալների բազայի հիման վրա:
28. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ՝ ընդունող հանձնաժողով):
29. Բուհի ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը: Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:
3. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
30. Միասնական քննությունների կազմակերպումը`
1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը հաստատում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ (այսուհետ` նախարար) ԳԹԿ-ի տնօրենի ներկայացմամբ.
2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը հաստատում է նախարարը՝ ԳԹԿ-ի տնօրենի ներկայացմամբ.
3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.
4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.
5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 40 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր), միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.
6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.
7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.
8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` ԳԹԿ-ի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ-ի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.
9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ յուրաքանչյուր խմբի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է մեկական կազմակերպիչ.
10) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.
11) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.
12) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.
13) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները, յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.
14) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`
ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,
բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ և օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.
15) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.
16) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.
17) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.
18) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.
19) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.
20) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը, քննական կենտրոնի ղեկավարից ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա.
21) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները, այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.
22) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:
31. Միասնական քննության անցկացումը՝
1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.
2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.
3) միասնական քննությունը Արցախի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9։30-ին.
4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.
5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ քննասենյակ բերելը.
6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.
7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.
8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».
9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.
10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.
11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է ԳԹԿ-ի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.
12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնել դիմորդին՝ արձանագրելով նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնել քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել դիմորդների հետ, փոխել տեղը, եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է, կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.
13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.
14) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը:
32. Միասնական քննության ավարտը՝
1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.
2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.
3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.
4) քննության ժամանակի ավարտից հետո, ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում, պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.
5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.
6) կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:
33. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`
1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.
2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո: Նույն օրվա ընթացքում ԳԹԿ-ի ներկայացուցիչը քննական նյութերը տեղափոխում է Հայաստանի Հանրապետության ԳԹԿ.
3) Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ում Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը. պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
34. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`
1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.
2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.
3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:
35. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`
1) միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երկրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.
2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.
3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.
4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո ԳԹԿ-ից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.
5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը ուղարկում է դպրոցներ.
6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի՝ միջնակարգ կրթության ատեստատում.
7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ քննական կենտրոնից:
36. Միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում է միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները: Վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
37. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդները մինչև հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են իրենց դպրոցներից, իսկ մյուսները՝ գնահատման և թեստավորման կենտրոնից՝ ներկայացնելով ընդունելության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:
38. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը, պահպանելով գնահատականը, կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով:
39. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին և երկրորդ (լրացուցիչ) մրցույթների համար:
40. Ընդունելության քննության արդյունքների բողոքարկումը քննելու նպատակով ԳԹԿ-ում ստեղծվում է ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով):
41. Միասնական քննության բողոքարկումը կարող է լինել`
1) քննության անցկացման կարգի խախտման մասին.
2) քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին:
42. Միասնական քննության անցկացման կարգի խախտման մասին բողոքարկումը անց է կացվում հետևյալ կերպ՝
1) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.
2) դիմորդը բողոք-դիմումը շարադրում է ձևաթղթի վրա, պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.
3) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին, և հանձնում կենտրոնի ղեկավարին.
4) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.
5) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.
6) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.
7) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.
8) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երկրորդ փուլի միասնական քննությանը:
43. Միասնական քննությունների արդյունքների հետ անհամաձայնության բողոքարկումը անց է կացվում հետևյալ կերպ`
1) դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00 կարող է բողոք-դիմումը անձամբ հանձնել Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի պատասխանատու օպերատորին: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները Հայաստանի Հանրապետության ԳԹԿ է ուղարկում բողոքարկման ժամկետի ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում.
2) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում՝ քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:
4. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
44. Ներբուհական ընդունելության քննությունների (այսուհետ՝ ներբուհական քննություններ) օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
45. Ներբուհական քննությունների առարկայական հանձնաժողովի ստեղծումը՝
1) ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով).
2) քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից.
3) քննական հանձնաժողովը կազմում է քննական աշխատանքների տարբերակները և քննական այլ նյութեր.
4) քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին.
5) ներբուհական քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում է քննական հանձնաժողովի նախագահը:
46. Ներբուհական քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`
1) ներբուհական քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.
2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան և դիմորդների ցուցակում ստորագրում իրենց անվան դիմաց.
3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական) և քննության անցաթղթի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը կամ պատասխանատու քարտուղարը.
4) ներբուհական քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.
5) դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորանոց համակարգով.
6) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.
7) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.
8) ներբուհական քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում են ևս 2 քննող դասախոս.
9) ներբուհական քննությունները տեսաձայնագրվում են։
47. Ներբուհական բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը:
48. «Գծագրություն», «Գծանկար», «Գունանկար», «Նկարչություն», «Կոմպոզիցիա» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումն անց է կացվում հետևյալ կերպ`
1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը ներբուհական գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում.
2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.
3) դիմումում նշվում է ներբուհական գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.
4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները), մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չի թույլատրվում.
5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքը ստուգած անդամը քննարկում են ներբուհական գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.
6) բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.
7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.
8) ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական գրավոր քննության քննական կենտրոնում.
9) ներբուհական գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9։00-18։00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովին.
10) ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան մասնագիտության գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում՝ գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.
11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է ներբուհական գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.
12) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն:
49. Հարգելի պատճառով ներբուհական քննությանը չներկայացած դիմորդներն ընդունող հանձնաժողով են ներկայացնում դիմում և բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդունում է դիմումները, ստուգում և փաստաթղթերը ներկայացնում բողոքարկման հանձնաժողով` լրացուցիչ քննության թույլատրելու համար:
50. Ներբուհական քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օր նշանակելու մասին:
51. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:
5. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
52. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ: Միասնական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է ԳԹԿ-ում, իսկ ներբուհական քննությունների արդյունքներով՝ համապատասխան բուհում:
53. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է մասնագիտության համար սահմանված ընդունելության մրցութային քննություններից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Անհրաժեշտ է նաև, որ ցանկի տվյալ մասնագիտության նշված մեկ աստղանիշով (*) ընդունելության ոչ մրցութային քննությունից դիմորդը ունենա դրական միավոր: Ընդունելության ոչ մրցութային քննության արդյունքն է դիմորդի՝ միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի տվյալ առարկայից պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
54. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Միասնական քննություններում դրական են համարվում 7,5 և բարձր միավորները: Ներբուհական քննությունների համար դրական են համարվում 8,0 և բարձր միավորները:
55. Հիմնական փուլի մրցույթն անց է կացվում ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված բուհի անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:
56. Առաջին հայտագրված բուհի մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված բուհերի հերթականությանը համապատասխան, եթե նշված բուհի տվյալ մասնագիտության համար առկա են թափուր տեղեր:
57. Ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտության որևէ բուհ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ բուհերի մրցույթին: Իսկ չընդունված դիմորդը ըստ հերթականության մասնակցում է հաջորդ բուհերի մրցույթին:
58. (կետն ուժը կորցրել է 29.03.2023 N 201-Ն)
59. (կետն ուժը կորցրել է 29.03.2023 N 201-Ն)
60. Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի մրցույթին մասնակցում են Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցող և Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները, ովքեր նախօրոք, ըստ հաստատված կարգի, հայտագրված են եղել համապատասխան մասնագիտությանը (կրթական ծրագրի): Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի դիմորդների և նրանց ծնողների հետ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս համապատասխան պետական մարմինների, կնքում է պայմանագիր՝ բուհն ավարտելուց հետո Արցախի Հանրապետությունում մասնագիտությամբ պարտադիր աշխատելու վերաբերյալ:
(60-րդ կետը փոփ. 15.07.22 N 811-Ն)
61. Ընդունելության մրցութային առարկաների քննություններից գումարային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.
2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.
3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, եթե այն համապատասխանում է տվյալ մասնագիտության ընդունելության քննությանը.
4) դպրոցի պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
5) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
62. Միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ.
1) 10 միավորային համակարգով գնահատականները.
ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,
բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,
գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,
դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,
ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,
զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,
է. «10»-ը համարժեք է 20 միավորին.
2) 5 միավորային համակարգով գնահատականները.
ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,
բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,
գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։
63. Ըստ հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) ընդունելության քննություններից դրական միավորներ ստանալու դեպքում, Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տված տեղեկանքների:
(63-րդ կետը փոփ. 29.03.2023 N 201-Ն)
64. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.
2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
65. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո, մեկ տարվա ընթացքում ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթն իրականացվում է սույն կարգի 61-րդ կետի պահանջների համաձայն.
2) տվյալ մասնագիտությունից Արցախի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.
3) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս:
66. Առանց ընդունելության քննությունների Արցախի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով, կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից ճանաչված, միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակն ստանալուց հետո երեք տարվա ընթացքում ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում:
67. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
68. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները հաստատելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18.00:
(68-րդ կետը փոփ. 15.07.22 N 811-Ն, 29.03.2023 N 201-Ն)
69. Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
70. Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև վեց վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին, եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննություններից ունի դրական միավոր:
(70-րդ կետը փոփ. 15.07.22 N 811-Ն, 29.03.2023 N 201-Ն)
71. Թափուր տեղերի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային քննություններից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին:
72. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրված հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդը ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
73. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
74. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատելուց հետո դիմորդը բուհ ներկայացնում է՝
1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
2) ԳԹԿ-ի կողմից դիմորդին տրված մրցութային միասնական քննությունների արդյունքների վկայագիր.
3)լուսանկար (3x4 չափսի).
4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական) բնօրինակը.
5) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.
6) սույն կարգի 63-66-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
7) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները.
8) ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: Սույն կարգի 63-րդ և 64-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են նշված վճարից:
6. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
75. Բուհերի ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 10 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարի տեղակալը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի տնօրենը, բուհերի ռեկտորները և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է նախարարը:
76. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`
1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.
2) հաստատվում են սույն կարգի 63-66-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.
3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը:
(հավելվածը լրաց. 10.08.21 N 886-Ն, խմբ. 21.03.22 N 287-Ն, փոփ. 15.07.22 N 811-Ն, 29.03.2023 N 201-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |