ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2015թ. |
N 908-Ն |
ք.Ստեփանակերտ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.04.2018 N 242-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող (այդ թվում` Արցախի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող)` Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Արցախի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ` անձ) կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները:
(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)
2. Այն դեպքում, երբ Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն` անձին կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անձը պետք է ներկայացնի Ուկրաինայում կենսաթոշակ նշանակված լինելու (չլինելու) կամ ստանալու (չստանալու) մասին փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթը չի պահանջվում, եթե, ի պատասխան Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության կատարած հարցման, ստացվել է պատասխան, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով:
(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն,16.09.21 N 1007-Ն)
3. Եթե անձը դիմում է իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Արցախի Հանրապետությունում շարունակելու համար, և Ուկրաինայից ստացված պատասխանի համաձայն` կենսաթոշակի գործը չի կարող ուղարկվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ` սույն որոշման 2-րդ կետում նշված պատճառով, ապա այս դեպքում անձին նոր հիմքերով նշանակվում է կենսաթոշակ` հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը:
(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)
4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում է կենսաթոշակ, որը հաշվարկվում է անձի կողմից դիմումը ներկայացվելու օրվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ անձը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |