Համարը 
N 639
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.11.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 639

ք.Ստեփանակերտ

 

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության տարածքային պետական մարմնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» դեկտեմբերի 2006թ.

թիվ 639 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) առաջարկությամբ այլ վայր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային մարմնի առաջարկությամբ գործազուրկի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:

3. Գործազուրկը տարածքային մարմնի առաջարկությամբ կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում) ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:

4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին:

5. Գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին միայն այն դեպքում, եթե տարածքային մարմնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 2 ամիս չի համալրվել:

 

II. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման երաշխիքները

 

7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.

գ) 30 կիլոմետրից ավել հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 164 որոշմամբ սահմանված չափով:

8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է միանվագ ֆինանսական աջակցություն` գործազրկության նպաստի չափով:

 

III. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման պայմանները

 

9. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) յուրաքանչյուր ամիս զբաղվածության տարածքային մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 2 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային մարմիններին:

Տարածքային մարմինը, յուրաքանչյուր ամիս, տարածքային մարմնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 2 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին տարածքային մարմնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:

11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը գրավոր դիմում է տարածքային մարմին` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:

12. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային մարմնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը, ապա տվյալ տարածքային մարմնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային մարմնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

13. Եթե գործազուրկի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային մարմնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային մարմինը գործազուրկի դիմումի պատճենը և գործազուրկի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային մարմին: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային մարմնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային մարմինը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային մարմնին:

14. Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազը մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային մարմնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային մարմնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու եռակողմ պայմանագիր:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորումը

 

16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`

ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.

բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

17. Տարածքային մարմինը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի բանկային հաշվի համարը:

18. Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում ըստ տարածքային մարմինների կազմված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

19. Հիմնադրամը նախարարությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

20. Նախարարությունը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի բանկային հաշվի համարին:

22. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և ստացված միջոցների մասին:

23. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

ա) գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

բ) գործազուրկի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

գ) գործատուի և գործազուրկի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:

24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան