Համարը 
N 537
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.11.28/29(38)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.10.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հոկտեմբերի 2006թ.

N 537

ք.Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և 35-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«31» հոկտեմբերի 2006թ.

թիվ 537 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային մարմին ներկայացվելու դեպքում:

3. Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

4. Թաղման նպաստը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից:

 

II. Թաղման նպաստի նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ֆինանսավորումը

 

5. Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային մարմին է ներկայացնում՝

ա) իր անձնագիրը.

բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը:

6. Տարածքային մարմինը գործազուրկի մահվան վկայականի բնօրինակի վրա դնում է կնիք, որի վրա կատարում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Գործազուրկի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային մարմնում, իսկ բնօրինակը և հուղարկավորությունը կատարած անձի անձնագիրը վերադարձվում է:

7. Տարածքային մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա լրացնում է թաղման նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (այսուհետ` ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):

8. Նախարարությունը տարածքային մարմնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

9. Հիմնադրամը նախարարությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

10. Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո վճարվում է գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին:

 

III. Հաշվետվությունը

 

12. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում թաղման նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի մասին հաշվետվություն:

13. Նախարարությունն ամփոփում է տարածքային մարմիններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ` թաղման նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին տեղեկություն է ներկայացնում հիմնադրամին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան