ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 հունվարի 2022թ. |
N 41-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 23-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունվարի 25-ի N 41-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ (ԱՌԱՆՁԻՆ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրամադրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով`
1) սրտի վիրահատության հետ կապված հետազոտությունների և արյան բաղադրիչների փոխներարկման, կորոնարոգրաֆիայի, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատությունների և Բեխտերևի հիվանդության բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը.
2) նյարդավիրաբուժական ու ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների ոչ ինվազիվ լազերային մեթոդով վարիկոզ հիվանդությունների բուժման, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.
3) չարորակ նորագոյացությունների՝ բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), varian (վարիան) համալիրով հեռահար 3D կոնֆորմալ ճառագայթային բուժման, արյան բաղադրիչների, ձայնալարի պրոթեզավորման, բարդությունների ժամանակ էնդովիրաբուժական կորեկցիայի, ուռուցքային վիրահատությունների, ռադիոյոդթերապիայի, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի, պորտակատի տեղադրման, լաբորատոր-գործիքային և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը, իսկ բացառիկ դեպքերում՝ 7 500 000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը.
4) ակնաբանական և քիթ-կոկորդ-ականջաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ծնկան հոդի սրսկման նպատակով ձեռք բերված դեղորայքի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի հիվանդությամբ տառապող անձանց հետազոտությունների ու բուժման նպատակով ձեռք բերված հակավիրուսային դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.
5) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց խոշոր հոդերի վիրահատության ժամանակ կիրառվող էնդոպրոթեզի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը.
6) մինչև 18 տարեկան անձանց բուժման (որը չի իրականացվում Արցախի Հանրապետությունում) անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը.
7) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը.
8) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների (ծնողների, ամուսնու և մինչև 23 տարեկան երեխաների) բուժման (որը չի իրականացվում Արցախի Հանրապետությունում) անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը.
9) վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.
10) երիկամի փոխպատվաստման դիմաց՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով.
11) ոսկրածուծի և լյարդի փոխպատվաստման դիմաց՝ 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով։
(2-րդ կետը լրաց. 18.05.22 N 546-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.10.22 N 1114-Ն)
3. Բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովը կարող է օգնություն տրամադրել սույն կարգում չընդգրկված հիվանդությունների բուժման դիմաց, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը:
4. Օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
5. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ: Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:
(հավելվածը լրաց. 18.05.22 N 546-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.10.22 N 1114-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |