Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.04/02(459)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՀ ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2022թ.

N 41-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 23-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունվարի 25-ի N 41-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ (ԱՌԱՆՁԻՆ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրամադրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով`

1) սրտի վիրահատության հետ կապված հետազոտությունների, կորոնարոգրաֆիայի, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատությունների և Բեխտերևի հիվանդության բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

2) նյարդավիրաբուժական ու ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.

3) չարորակ նորագոյացությունների՝ բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), varian (վարիան) համալիրով հեռահար 3D կոնֆորմալ ճառագայթային բուժման, արյան բաղադրիչների, ձայնալարի պրոթեզավորման, բարդությունների ժամանակ էնդովիրաբուժական կորեկցիայի, ուռուցքային վիրահատությունների, ռադիոյոդթերապիայի, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի, պորտակատի տեղադրման, լաբորատոր-գործիքային և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

4) ակնաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական ու վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ծնկան հոդի սրսկման նպատակով ձեռք բերված դեղորայքի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի հիվանդությամբ տառապող անձանց հետազոտությունների ու բուժման նպատակով ձեռք բերված հակավիրուսային դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

5) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց խոշոր հոդերի վիրահատության ժամանակ կիրառվող էնդոպրոթեզի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը.

6) մինչև 18 տարեկան անձանց բուժման (որը չի իրականացվում Արցախի Հանրապետությունում) անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

7) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը.

8) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների (ծնողների, ամուսնու և մինչև 23 տարեկան երեխաների) բուժման (որը չի իրականացվում Արցախի Հանրապետությունում) անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը:

3. Բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովը կարող է օգնություն տրամադրել սույն կարգում չընդգրկված հիվանդությունների բուժման դիմաց, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը:

4. Օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

5. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ: Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ