| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» ապրիլի 2013թ.
պետական գրանցման համարը 1051347 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«25» ապրիլի 2013թ. |
N 90-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ
ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ
ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N74-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.11.16 N 295-Ն, փոփ. 01.04.22 N 109-Ն)
«Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասին, 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`
(նախաբանը լրաց. 07.11.16 N 295-Ն, փոփ. 01.04.22 N 109-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 07.11.16 N 295-Ն, փոփ. 01.04.22 N 109-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 4-ի N 80-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 74-Նհրամանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման նպատակով։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար Մ. Համբարձումյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի
2013 թվականի ապրիլի 25-ի N 90-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ,
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ` սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված հարաբերությունները:
2. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ
2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի, դասվարի հիմնավորված առաջարկության և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Ինտելեկտուալ (մտավոր) հետամնացությամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:
4. Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ Հաստատության հայեցողությամբ և սահմանած ժամանակացույցի համաձայն։ Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կողմից: Փոխադրական քննությունները գնահատվում են՝
1) գրավորը՝ 20 միավորային համակարգում.
2) բանավորը՝ 10 միավորային համակարգում:
5. Փոխադրական քննությունները գրավոր 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Գրավոր 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
6. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
7. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի երկրորդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:
8. 12-րդ դասարանում (հանրակրթական հիմնական ծրագրերի երրորդ աստիճանի ավարտական դասարան) հունվար կամ հունիս ամիսներին ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
9. Ինտելեկտուալ (մտավոր) հետամնացությամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
10. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում։ Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:
11. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:
12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 կամ 18-20, 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, ավարտական, պետական ավարտական քննություններից 9-10 և 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Նախարարության գովասանագրով:
13. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,
2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Արցախի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,
3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:
3. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ
ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
14. 4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր): Առաջադրանքները կազմվում են Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կողմից, Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից հաստատված ուղեցույցերի համաձայն:
15. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։
16. 4-րդ դասարանի` տարեկան կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը, սովորողը հանձնում է վերաքննություն՝ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:
17. Գիտելիքների ստուգման ենթակա առարկայից տարեկան 1-3 գնահատված լինելու դեպքում սովորողը չի մասնակցում տվյալ առարկայից գիտելիքների ստուգմանը:
18. 4-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝
1) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է երեքը,
2) չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:
19. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից․
1) Հայոց լեզու (կենտրոնացված` ԳԹԿ կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր)։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,
2) Մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն) (կենտրոնացված` ԳԹԿ կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր)։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,
3) Գրականություն (բանավոր),
4) Օտար լեզու (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),
5) Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն առարկաներ՝ սովորողի ընտրությամբ, գրավոր): 2022-2023 ուսումնական տարվանից՝ լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր,
6) Հայոց պատմություն (բանավոր),
7) Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում),
8) «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:
20. Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել 2 և ավելի օրերի ընթացքում՝ կախված Հաստատության սովորողների թվից:
21. Սույն կարգի 19-րդ կետի 3-8-րդ կետերով սահմանված առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց Հաստատությունում:
22. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կողմից:
23. «Ֆիզկուլտուրա» 9-րդ դասարանների առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ 10 միավորային համակարգում:
24. 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 կամ 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում չորսը, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: 9-րդ դասարանի սովորողի հետագա ուսուցման առանձնահատուկ դեպքերում հնարավոր է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) որոշմամբ վերաքննության ժամանակահատվածի փոփոխություն։
(24-րդ կետը փոփ. 27.07.22 N 450/Ն)
25. 9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է չորսը կամ չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 կամ 1-7 միավոր:
26. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից․
1) Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր),
2) Մաթեմատիկա (գրավոր),
3) Հայոց պատմություն (գրավոր),
4) «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:
27. Եթե 12-րդ դասարանի սովորողը առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի մասնակցել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
28. Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
29. Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:
30. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով։
31. Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։
32. Ռուսերենով ուսուցմամբ 12-րդ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կողմից:
33. «Ֆիզկուլտուրա» 12-րդ դասարանների առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում:
34. 12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 30-33-րդ կետերի պահանջներին համապատասխան։
35. 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 կամ 1-7 միավոր:
36. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` 12-րդ դասարանի սովորողները՝ հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում, իսկ 9-րդ դասարանների սովորողները՝ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
37. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։
38. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` 9-րդ դասարանի սովորողները՝ օգոստոսի 20-30-ը, 12-րդ դասարանի սովորողները՝ հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
39. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականաություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար։
40. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն» կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող են գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ավարտական, պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:
41. 19 տարին լրացած` առնվազն 1 ուսումնական առարկայից տարեկան 1-3 կամ քննական 1-7 միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից:
42. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները Հաստատությունից դուրս մնալու դեպքում իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.
1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում,
2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,
3) զորացրվելուց անմիջապես հետո իրենց ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:
43. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:
44. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:
45. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, վերաքննությունների հանձնումից հետո։ Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորման կողմից:
46. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում 1 կամ 2 առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ,
2) ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:
47. Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է 46-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
48. Սույն կարգի 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններով փոխադրվող կամ սույն կարգով սահմանված վերաքննություններ հանձնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:
49. Հիմք ընդունելով առարկայական մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին՝ Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:
50. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
51. 2-12-րդ դասարանների երեքից ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները (մինչև 19 տարին լրանալը) չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
52. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և Նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետների և անցկացման կարգի համաձայն:
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
53. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:
54. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:
55. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն և ԳԹԿ:
56. Ուսումնական տարվա ընթացքում 200-ից ավելի ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև ուսումնական պարապմունքների ավարտը:
(56-րդ կետը փոփ. 23.05.23 N 80-Ն)
57. Որևէ կիսամյակում 2-11-րդ դասարաններում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում 200-ից ավելի ժամ բացակայության դեպքում սովորողի, (բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողի) կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:
(57-րդ կետը փոփ. 23.05.23 N 80-Ն)
58. Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 200-ից ավելի ժամ բացակայած սովորողի (բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողի) բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Եթե ուսումնական տարվա ընթացքում սովորողը որևէ առարկայի կամ առարկաների դասաժամերին ընդհանրապես չի ներկայացել, կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների միջոցով: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:
(58-րդ կետը խմբ. 23.05.23 N 80-Ն)
59. 2-11-րդ դասարաններում 200-ից ավելի ժամ բացակայած սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում, (բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների), «Մայրենի», «Հայոց լեզու և հայ գրականություն», և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:
(59-րդ կետը փոփ. 23.05.23 N 80-Ն)
60. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 200-ից ավելի և կիսամյակների արդյունքում հանրագումարային 200-ից ավելի ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է, ինչպես նաև այն առարկայից կամ առարկաներից, որոնց դասաժամերին ընդհանրապես չի ներկայացել:
(60-րդ կետը խմբ. 23.05.23 N 80-Ն)
61. (կետն ուժը կորցրել է 23.05.23 N 80-Ն)
62. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության առարկայական մեթոդական միավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:
63. Հաստատության տնօրենը կազմում է սույն կարգի 59-րդ կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու շրջանի վարչակազմին (այսուհետ՝ լիազոր մարմին): Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):
64. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:
5. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
65. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր և (կամ) 18-20 միավոր գնահատված սովորողը:
66. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,
2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,
3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Արցախի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,
4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:
67. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական անվանացանկերը առաջին կիսամյակն ամփոփելուց անմիջապես հետո Հաստատությունները ներկայացնում են շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժնին, իսկ Նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական Հաստատությունների սովորողների անվանացանկերը` Նախարարություն:
68. Մինչև ապրիլի 20-ը շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժինները, Ստեփանակերտի քաղաքապետարանը և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:
69. Մինչև մայիսի 10-ը շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժինները, Ստեփանակերտի քաղաքապետարանը ստուգված ցուցակները ներկայացնում են Նախարարություն` կցելով հիմնավորող փաստաթղթերը (հիմնական կրթության վկայականի պատճենը, քաղվածք մանկավարժական խորհրդի որոշումից, տեղեկանք սովորողի առաջադիմության մասին, տեղեկատվություն սովորողի` պետական ավարտական և միասնական քննությունների վերաբերյալ): Մեդալի հավակնորդների ներկայացված փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:
6. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
70. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ Հաստատության ենթակայությունից և Հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 66-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից որևէ մեկից (ընտրությամբ) պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` Նախարարության կողմից նախապես որոշված` շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննության համար սահմանված օրերին:
71. Քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է քննական կենտրոնի ղեկավարը, ով ԳԹԿ-ի կողմից հաստատված քննական կենտրոնի ի պաշտոնե ղեկավարն է։ Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:
72. Առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:
73. Քննական աշխատանքները ստուգվում են Նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ԳԹԿ-ի կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
74. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):
75. «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքը Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում։
76. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:
77. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժին է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքի արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության և սպորտի բաժիններում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:
78. Պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած Մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են Մեդալով։
(հավելվածը լրաց. 30.04.14 N 82-Ն. խմբ. 07.11.16 N 295-Ն, 19.03.19 N 60-Ն, 01.04.22 N 109-Ն, փոփ. 27.07.22 N 450/Ն, փոփ., խմբ. 23.05.23 N 80-Ն)