ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
3. Սահմանել, որ`
ա) Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության առարկան ու նպատակն առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքի` մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց` սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է.
բ) պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը պետական կազմակերպություններին կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
գ) պետական կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում,
կարտոֆիլի և տնկանյութի աճեցում, բանջարեղենի ու դրանց սերմերի և սածիլների աճեցում, այգեգործություն,
խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծում, խոզերի բուծում ու մսատու թռչունների բուծում.
դ) մինչև վերակազմակերպումը՝ Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
4. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
ա) ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 2‑րդ կետում նշված պետական կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) հաստատել պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
գ) հաստատել պետական կազմակերպությունների կանոնադրությունները և սահմանված կարգով ապահովել դրանք պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում երեխաների տեղավորման կարգի, երեխայի խնամքի, սպասարկման ու դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչների մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |