ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և նախարարությանը ենթակա ձեռնարկությունների ցանկը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թ. ապրիլի 4-ի «ԼՂՀ շինարարության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 57, 1995թ. ապրիլի 4-ի «ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 60 որոշումները:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ-ի «27» հունվարի
թիվ 5 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնում է համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունն իր իրավասության շրջանակներում պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
5. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության, բնակարանային և կոմունալ տնտեսության, ավտոճանապարհաշինության և ինժեներական կառույցների գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառների (այսուհետև` բնագավառի) գործունեության կարգավորումը, դրանց հեռանկարային զարգացման ուղղությունների որոշումը.
բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
գ) ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, ղեկավար փաստաթղթեր, հրահանգներ, հանձնարարականներ և այլ) միասնական համակարգի մշակումն ու հաստատումը.
դ) բնագավառին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բաժինների մշակումը.
ե) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից բխող` հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, այդ նախագծերի սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքներին մասնակցությունը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության նպատակով հողամասերի հատկացումների համաձայնեցումը.
է) տարածքային ճարտարապետա-քաղաքաշինական ծառայությունների մեթոդական ղեկավարումը.
ը) քաղաքաշինության նպատակով օգտագործվող տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործման երաշխիքների ստեղծման ապահովումը.
թ) բնագավառի միասնական տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների կատարման համակարգումը հանրապետության տարածքում.
ժ) հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության նպատակով կատարվող ինժեներաերկրաբանական, հետախուզական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանացման, տարածքների ինժեներական պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպման ապահովումը.
ժա) գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից բնագավառի իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարումը ապահովելու համար (այդ թվում` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության) քաղաքաշինական պետական տեսչական վերահսկողության կազմակերպումը.
ժբ) նախագծահետազոտական և շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լիցենզավորման կազմակերպումը.
ժգ) լիցենզավորման ենթակա նախագծահետազոտական և շինարարական աշխատանքների ցանկի որոշումը.
ժդ) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքերի որոշումը.
ժե) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակման, իրականացման, ինչպես նաև տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պետական ընդունման ապահովումը.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծման ու վարման ապահովումը.
ժէ) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման ու պարբերաբար թարմացման, կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովումը.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության, պաշտպանության, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման ապահովումը.
ժթ) քաղաքաշինության բնագավառի ազգային ժառանգության արժեքների վերաբերյալ փաստաթղթերի ու նյութերի ժողովման ու պահպանման, այդ ուղղությամբ գիտական ուսումնասիրությունների անցկացման ապահովումը.
ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անունների միօրինականացման աշխատանքների համակարգումը.
իա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համակարգումը.
իբ) շինարարական և բնակարանային շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը և դրանց իրականացման վերահսկողության ապահովումը.
իգ) բնագավառի հարկային քաղաքականության մշակմանը մասնակցությունը և սահմանված կարգով առաջարկությունների ներկայացումը.
իդ) բնագավառին (այդ թվում սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարման կազմակերպումն ու համակարգումը.
իե) քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության կազմակերպումը.
իզ) կապիտալ շինարարության պետական ծրագրերի սահմանված կարգով մշակումն ու իրականացմանը մասնակցությունը.
ի) պետական պատվերով կառուցվող օբյեկտների կապալառուների ընտրության մրցույթի արդյունքների ներկայացումը ԼՂՀ կառավարության հաստատմանը.
իէ) բնակարանային քաղաքականության (շինարարության), բնակարանային տնտեսությունում առկա առանձին հիմնահարցերի ծրագրային փաստաթղթերի մշակում և ներդրման մեխանիզմների ապահովում.
իը) կոմունալ ծառայությունների և ավտոճանապարհների ու ինժեներական կառույցների սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականության հիմունքների մշակում և ներդրման մեխանիզմների ապահովում.
իթ) հանրապետության բնակավայրերի մայրագծերով ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.
լ) բնագավառի մասնագիտական կադրերի պատրաստմանը մասնակցությունը և կադրերի վերապատրաստման համակարգի կատարելագործման ապահովումը.
լա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.
լբ) իր իրավասության սահմաններում բնագավառի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցությունը.
լգ) բնագավառում ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքների ղեկավարումը.
լդ) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան բաժինների, դրանց ենթակա կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
լե) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների պետական բաժնեմասի կառավարմանը մասնակցությունը:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգը ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
8. Նախարարությունը`
ա) իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ միջգերատեսչական հարցերի մշակման ու լուծման համար.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.
դ) կնքում է իր իրավասության սահմաններում միջպետական պայմանագրեր և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.
ե) անհրաժեշտության դեպքում ԼՂՀ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
զ) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հրամաններն ու հրահանգները.
է) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ և դրանք ներկայացնում ԼՂՀ կառավարության կամ ԼՂՀ վարչապետի քննարկմանը.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության տրման համար.
թ) կազմակերպում է կառավարման ոլորտի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը և որոշակի առաջադրանքների չկատարման համար պատասխանատվության ենթարկում պաշտոնատար անձնաց.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
ժա) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները.
ժբ) թույլատվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, լուծարելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.
ժգ) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժդ) իրականացնում է կենտրոնական ապարատի ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցների հաշվին.
ժե) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և այնտեղ բերված փաստերի վերլուծությունը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
9. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
10. Նախարարությունը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետև` նախարար), որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. Նախարարը`
ա) ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ.
բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար
գ) սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության գործառույթների սահմաններում.
դ) կատարում է նախարարի և տեղակալի միջև պարտականությունների բաշխում.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
զ) հաստատում է նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) հաստատում է նախարարության ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը.
ը) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
թ) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.
ժա) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.
ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության աշխատողներին .
ժդ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ժե) նախարարի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի ղեկավար աշխատողներ:
13. Նախարարության կոլեգիան`
ա) իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և նախարարության այլ հարցեր, քննարկում է համակարգի պետական կառավարման, քաղաքականության մշակման և ներդրման կարևորագույն հարցերը, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ.
բ) արձակում է որոշումներ, ապահովում դրանց կենսագործումը` նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված նախարարության, հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:
15. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն ձևավորելու, ինչպես նաև քաղաքաշինական կարևորագույն ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակության կառույցների նախագծերը քննարկելու և դրանից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է ճարտարապետաքաղաքաշինական խորհուրդ` բաղկացած նախարարության, Արցախի պետհամալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:
Ճարտարապետաքաղաքաշինական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. «27» հունվարի
թիվ 5 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի
|
1. |
Քաղաքաշինական ծրագրերի վարչություն
|
|
2. |
Քաղաքաշինական օրենսդրության, շինարարական նորմաների մշակման և
տեղեկատվության վարչություն
|
|
3. |
Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և լիցենզավորման
վարչություն
|
|
4. |
Ավտոճանապարհների, ինժեներական կառույցների, բնակարանային-կոմունալ
տնտեսության քաղաքականության վարչություն
|
|
5. |
Գործավարության գծով տեսչություն |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. «27» հունվարի
թիվ 5 որոշմամբ |
Քաղաքաշինության նախարարության ենթակա ձեռնարկությունների ցանկ
|
1. |
Կապիտալ շինարարության վարչություն |
|
2. |
Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության վարչություն |
|
3. |
ՀՊՁ-1 ք. Ստեփանակերտ |
|
4. |
ՀՊՁ-2 ք. Ստեփանակերտ |
|
5. |
ՀՊՁ-3 ք. Ստեփանակերտ |
|
6. |
ՀՊՁ-4 ք. Ստեփանակերտ |
|
7. |
ՀՊՁ-5 ք. Շուշի |
|
8. |
ՀՊՁ-6 ք. ա. Ասկերան |
|
9. |
ՀՊՁ-7 ք. Մարտակերտ |
|
10. |
ՀՊՁ-8 ք. Մարտունի |
|
11. |
ՀՊՁ-9 ք. Ստեփանակերտ |
|
12. |
ԱՇԿ-1 Բերդաձոր |
|
13. |
ՀՄԱՎ ք. Ստեփանակերտ |
|
14. |
«Արցախ» ՏԱԱ ֆիրմա ք. Երևան |
|
15. |
ՆՄՎ. ք. Ստեփանակերտ |