ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և ենթակա ընկերությունների ցանկը հաստատելու մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և նախարարության ենթակա ընկերությունների ցանկը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998թ. հունվարի 27-ի ‹‹ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 5 որոշումը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 23-ի
թիվ 50 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
I Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնում է համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունն իր իրավասության շրջանակներում պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II Նախարարության խնդիրներն ու գործառույթները
5. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության, բնակարանային և կոմունալ տնտեսության, ավտոճանապարհաշինության և ինժեներական կառույցների գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառների (այսուհետև` բնագավառի) գործունեության կարգավորումը, դրանց հեռանկարային զարգացման ուղղությունների որոշումը.
բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
գ) ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, ղեկավար փաստաթղթեր, հրահանգներ, հանձնարարականներ և այլն) միասնական համակարգի մշակումն ու հաստատումը.
դ) բնագավառին վերաբերող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բաժինների մշակումը.
ե) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից բխող` հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, այդ նախագծերի` սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքներին մասնակցությունը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության նպատակով հողամասերի հատկացումների համաձայնեցումը.
է) տարածքային ճարտարապետաքաղաքաշինական ծառայությունների մեթոդական ղեկավարումը.
ը) քաղաքաշինության նպատակով օգտագործվող տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործման երաշխիքների ստեղծման ապահովումը.
թ) բնագավառի միասնական տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների կատարման համակարգումը հանրապետության տարածքում.
ժ) հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության կատարման համար ինժեներաերկրաբանական, հետազոտական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանցման, տարածքների ինժեներական պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպման ապահովումը.
ժա) գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից բնագավառի իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարումը ապահովելու համար (այդ թվում` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության) քաղաքաշինական պետական տեսչական վերահսկողության կազմակերպումը.
ժբ) նախագծահետազոտական և շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լիցենզավորման կազմակերպումը.
ժգ) լիցենզավորման ենթակա նախագծահետազոտական և շինարարական աշխատանքների ցանկի որոշումը.
ժդ) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքերի որոշումը.
ժե) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակման, իրականացման, ինչպես նաև տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պետական ընդունման ապահովումը.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծման ու վարման ապահովումը.
ժէ) պետական գեոդեզիական ցանկի ստեղծման ու պարբերական թարմացման, կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովումը.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության, պաշտպանության, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման ապահովումը.
ժթ) քաղաքաշինության բնագավառի ազգային ժառանգության արժեքների վերաբերյալ փաստաթղթերի ու նյութերի ժողովման ու պահպանման, այդ ուղղությամբ գիտական ուսումնասիրությունների անցկացման ապահովումը.
ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անունների միօրինականացման աշխատանքների համակարգումը.
իա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համակարգումը.
իբ) շինարարական և բնակարանային շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը և դրանց իրականացման վերահսկողության ապահովումը.
իգ) բնագավառին (այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարման կազմակերպումն ու համակարգումը.
իդ) քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության կազմակերպումը.
իե) կապիտալ ներդրումների պետական ծրագրերի` սահմանված կարգով մշակումն ու իրականացումը.
իզ) բնակարանային քաղաքականության (շինարարության), բնակարանային տնտեսությունում առկա առանձին հիմնահարցերի ծրագրային փաստաթղթերի մշակումը և ներդրման մեխանիզմների ապահովումը.
իէ) կոմունալ ծառայությունների և ավտոճանապարհների ու ինժեներական կառույցների սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականության հիմունքների մշակումը և ներդրման մեխանիզմների ապահովումը.
իը) հանրապետության բնակավայրերի մայրագծերով ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.
լ) մասնակցությունը բնագավառի մասնագիտական կադրերի պատրաստմանը և կադրերի վերապատրաստման համակարգի կատարելագործման ապահովումը.
լա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բնագավառի համագործակցության ապահովումը.
լբ) իր իրավասության սահմաններում մասնակցությունը բնագավառի հիմնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը.
լգ) բնագավառում ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքների ղեկավարումը.
լդ) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան բաժինների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
լե) մասնակցությունը պետական մասնակցությամբ ընկերությունների պետական բաժնեմասի կառավարմանը:
III Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգը ընդգրկում է իր ենթակայության ընկերությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ենթակա ընկերությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
8. Նախարարությունը`
ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ընկերությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ միջգերատեսչական հարցերի մշակման ու լուծման համար.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.
դ) կնքում է իր իրավասության սահմաններում միջպետական պայմանագրեր և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.
ե) անհրաժեշտության դեպքում ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
զ) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի հիմնարկությունների հրամաններն ու հրահանգները.
է) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը (պրակտիկան) բնագավառում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ և դրանք ներկայացնում է ԼՂՀ կառավարության կամ ԼՂՀ վարչապետի քննարկմանը.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ընկերությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության տրման համար.
թ) կազմակերպում է իր կառավարման ոլորտի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը և որոշակի առաջադրանքների չկատարման համար պատասխանատվության ենթարկում պաշտոնատար անձանց.
ժ) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համուղղում է (կոորդինացնում է) համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները.
ժա) իրականացնում է համակարգի ընկերությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ` հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժբ) իրականացնում է կենտրոնական աշխատակազմի ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցների հաշվին.
ժգ) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և դրանցում բերված փաստերի վերլուծությունը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների և ընկերությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
9. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
10. Նախարարությունը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետև` նախարար), որին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. Նախարարը`
ա) ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ.
բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է նախարարի տեղակալի, բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության գործառույթների սահմաններում.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը.
ե) հաստատում է նախարարության համակարգի ընկերությունների կանոնադրությունները.
զ) հաստատում է նախարարության ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը.
է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
ը) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական աշխատակազմի աշխատողներին, ենթակա ընկերությունների ղեկավարներին.
թա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.
թբ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում է կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության աշխատողներին.
թգ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
թդ) նախարարի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալը, նախարարության կենտրոնական աշխատակազմի և համակարգի ղեկավար աշխատողներ:
13. Նախարարության կոլեգիան`
ա) իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և նախարարության այլ հարցերը, քննարկում է համակարգի պետական կառավարման, քաղաքականության մշակման և ներդրման կարևորագույն հարցերը, բայց` ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ.
բ) արձակում է որոշումներ, ապահովում դրանց կենսագործումը` նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսվարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված նախարարության, հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության ընկերությունների ներկայացուցիչներից, բնագավառի` բարձր որակավորում ունեցող մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:
15. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն ձևավորելու, ինչպես նաև քաղաքաշինական կարևորագույն ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակության կառույցների նախագծերը քննարկելու և դրանցից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է ճարտարապետաքաղաքաշինական խորհուրդ` բաղկացած նախարարության, Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:
Ճարտարապետաքաղաքաշինական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 23-ի
թիվ 50 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական աշխատակազմի
Քաղաքաշինական ծրագրերի բաժին
Ավտոճանապարհների, ինժեներական կառույցների, բնակարանային-կոմունալ տնտեսության քաղաքականության բաժին
Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և լիցենզավորման բաժին (տեսչություն)
Գործավարության բաժին
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 23-ի
թիվ 50 որոշմամբ |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ենթակա ընկերությունների ցանկը
‹‹Կապիտալ շինարարության վարչություն›› պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՊՓԲԸ), ք. Ստեփանակերտ
‹‹Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության վարչություն›› ՊՓԲԸ, ք.Ստեփանակերտ
1-ին Համաշինարարական պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՀՊՓԲԸ-1), ք. Ստեփանակերտ
ՀՊՓԲԸ- 2, ք. Ստեփանակերտ
ՀՊՓԲԸ- 3, ք. Ստեփանակերտ
ՀՊՓԲԸ- 4, ք. Ստեփանակերտ
ՀՊՓԲԸ- 5, ք. Շուշի
ՀՊՓԲԸ- 6, ք. Ասկերան
ՀՊՓԲԸ- 7, ք. Մարտակերտ
ՀՊՓԲԸ- 8, ք. Մարտունի
ՀՊՓԲԸ- 9, ք. Հադրութ
1-ին արտադրաշինարարական ՊՓԲԸ, Բերքաձոր
Հատուկ մոնտաժային աշխատանքների ՊՓԲԸ, ք. Ստեփանակերտ
‹‹Արցախ›› տարածքային առևտրաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերություն, ք. Երևան
Նյութատեխնիկական մատակարարման ՊՓԲԸ, ք. Ստեփանակերտ