Համարը 
N 102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.03.09/08(118)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.02.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» փետրվարի 2009թ.

N 102-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների ու քննարկումների (աշխատանքի) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը՝

1) մեկամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կազմը.

2) երկամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» փետրվարի 2009թ.

թիվ 102-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ

ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ)

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հանդիսանում է միջգերատեսչական կոորդինացնող մարմին, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը կից և կոլեգիալ հիմքերով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների տիրույթի կառավարման համակարգումը:

2. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ և պատշաճ պլանավորման ապահովումը՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան և ի շահ բոլոր օգտվողների.

2) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին (այսուհետ՝ վարչության պետ) առաջարկություններ ներկայացնելը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման և փոփոխման վերաբերյալ վարչության պետին առաջարկություններ ներկայացնելը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված խնդիրներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականության տիրույթի բաշխման և օգտագործման հայեցակարգի մշակման կազմակերպումը.

2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողներին ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովումը.

3) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ վարչության պետին առաջարկություններ ներկայացնելը.

4) ռադիոհաճախականության տիրույթի ազատականացման (կոնվերսիայի) աշխատանքների վերաբերյալ վարչության պետին առաջարկություններ ներկայացնելը.

5) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում տեխնիկական քաղաքականության վերաբերյալ վարչության պետին առաջարկություններ ներկայացնելը.

6) գործադիր իշխանության մարմիններից, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կազմակերպություններից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավաբանական անձանցից տեղեկություններ ստանալը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին իր վրա դրված իրավասությունների իրականացման համար:

5. Հանձնաժողովի կողմից ընդունված առաջարկությունները ներկայացվում են վարչության պետին հաստատման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաճախականությունների շերտերի բաշխումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակին և ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագրին համապատասխան:

Ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագիրը սահմանում է՝ տարբեր նշանակության գործող, հեռանկարում շահագործման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման հիմնական ուղղությունները՝ մինչև 2015 թվականը:

Ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագիրը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականության տիրույթի բաշխման և օգտագործման հայեցակարգի հիման վրա և հաստատվում է վարչության պետի հրամանով:

7. Հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են հանձնաժողովի նիստերում և դրանց կապակցությամբ ընդունվում են համապատասխան որոշումներ:

Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը:

8. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին առանց փոխարինման իրավունքի:

9. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք՝ հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նիստի նախագահողի ձայնը վճռորոշ է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում այն չի դրվում քվեարկության:

Հրավիրված մասնագետները քվեարկությանը չեն մասնակցում:

11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում է նիստը նախագահողը:

Արձանագրությունները 5-օրյա ժամկետում ներկայացվում են վարչության պետի հաստատմանը:

Վարչության պետը հաստատում է հանձնաժողովի արձանագրությունները 3-օրյա ժամկետում:

Վարչության պետն իրավունք ունի չհաստատել հանձնաժողովի արձանագրությունները: Այս դեպքում նա հիմնավորում է հանձնաժողովի արձանագրությունը չհաստատելու պատճառները:

12. Հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքային ծրագրին համապատասխան:

13. Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի հաստատման, նիստերի նախապատրաստման, արձանագրությունների վարման, ընդունված որոշումների ձևակերպման և հանձնաժողովի նիստերին այլ հարցերի ուսումնասիրման կարգը սահմանվում է հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգով, որն ընդունվում է նրա նիստերում:

14. Հանձնաժողովը կազմավորվում է կոլեգիալ հիմքերով:

Հանձնաժողովը ղեկավարում է նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետը, որը համակարգում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի հետ կապված աշխատանքները:

Նախագահը ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը և կրում է պատասխանատվություն հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման կապակցությամբ:

Հանձնաժողովի կազմում, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության ներկայացուցիչներից, ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մեկական անդամներ:

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավասու է հրավիրել մասնակցելու իր նիստերին համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչության պետը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը և պատասխանատու քարտուղարը նշանակվում են հանձնաժողովի անդամներից՝ վարչության պետի հրամանով:

Հանձնաժողովի նախագահողի բացակայության ժամանակ նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն ընդգրկվում կամ փոփոխվում են հանձնաժողովի կազմում այդ մարմինների ղեկավարների առաջարկությամբ:

15. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունն ապահովում է նաև հանձնաժողովի միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքի մասին տեղեկությունների պաշտպանության ապահովումը:

Հանձնաժողովի գործունեության հետ կապված գործավարությունը վարչության պետի հրամանով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ