ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«21» մայիսի 2009թ. |
N 318-Ն |
ք. Ստեփանակերտ
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«21» մայիսի 2009թ. թիվ 318-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. «Արև» համակարգը հատուկ համակարգչային համակարգ է, որի միջոցով տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել համակարգչային տեխնիկայից:
3. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկայի տրամադրումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
4. «Արև» համակարգի ուսուցումը, համակարգչային տեխնիկայի տրամադրումը և տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
5. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկան տրամադրվում են տեսողության խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին և տեսողությունից զրկված հաշմանդամ երեխաներին (այսուհետ` հաշմանդամ)` հաշվի առնելով հետևյալ առաջնայնությունները`
1) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ.
2) աշխատող հաշմանդամներ, որոնց աշխատանքն ուղղակիորեն առնչվում է համակարգչի հետ.
3) հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ.
4) քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ.
5) աշխատանք փնտրող հաշմանդամներ:
II. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
6. «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու համար հաշմանդամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում դիմում, անձը և հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և սույն կարգի 5-րդ կետում նշված առաջնայնությունը հավաստող տեղեկանք:
7. Հաշմանդամի դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում, որտեղ նշում է կատարվում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:
8. Դիմումների հաշվառումը և մատյանի վարումն իրականացնում է նախարարությունը:
9. Նախարարությունը ուսումնասիրում է հաշմանդամի կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, որի հիման վրա ընդունում է որոշում հաշմանդամին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու մասին:
10. «Արև» համակարգի ուսուցումն իրականացնում է կազմակերպությունը` նախարարության կողմից հաշմանդամին տրված ուղեգրի հիման վրա:
11. Նախարարությունը սահմանում է հաշմանդամներին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու հերթականությունը:
12. Նախարարությունը մերժում է հաշմանդամին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրի տրամադրումը, եթե նա չի ներկայացնում սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:
III. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Նախարարության կողմից հաշմանդամին տրամադրված ուղեգրի հիման վրա կազմակերպությունում լրացվում է անհատական քարտ` հաշմանդամի «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում են հաշմանդամի անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը), ուսուցման և տեխնիկա տրամադրելու ժամկետները:
14. Հաշմանդամի և կազմակերպության միջև կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով «Արև» համակարգի համակարգչային տեխնիկա տրամադրելու վերաբերյալ:
15. Անհատական քարտը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Հաշմանդամին կարող է տրամադրվել քաղվածք` անհատական քարտից:
17. Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ուսուցումն ավարտած և համակարգչային տեխնիկա ստացած հաշմանդամների վերաբերյալ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |