ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների համակարգը և դրանց կազմավորումը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
|
Հոդված 2. |
Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:
|
Հոդված 3. |
Արդարադատության իրականացումը |
Արդարադատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է՝
1) մարդու և քաղաքացու ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը, պետության և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող քաղաքացիական, տնտեսական վեճերի վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու և լուծելու միջոցով.
2) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և լուծելու միջոցով.
3) դատական նիստերում հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու և արդարացնելու միջոցով:
|
Հոդված 4. |
Դատական պաշտպանության իրավունքը |
Յուրաքանչյուր ոք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք:
|
Հոդված 5. |
Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
Օրենքի և դատարանի առջև բոլորը հավասար են և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:
Քաղաքացիներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
|
Հոդված 6. |
Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան |
Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
|
Հոդված 7. |
Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը |
Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից միանձնյա: Վերաքննիչ ատյանում գործերը քննվում են միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Վճռաբեկ ատյանում գործերը քննվում են կոլեգիալ՝ դատավորների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան երեք դատավորների կազմով:
|
Հոդված 8. |
Դատավարության լեզուն |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու և դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունք:
|
Հոդված 9. |
Գործերի քննության հրապարակայնությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:
Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:
Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:
|
Հոդված 10. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան).
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանը (այսուհետ՝ գերագույն դատարան):
|
Հոդված 11. |
Դատարանների նախագահների, դատավորների նշանակումը և ազատումը |
Առաջին ատյանի և գերագույն դատարանների նախագահներին և դատավորներին պաշտոնում նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
|
Հոդված 12. |
Դատական վիճակագրության արդյունքների և դատական պրակտիկայի ամփոփումը, դատական ակտերի կատարումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը՝
1) ամփոփում է դատական վիճակագրության արդյունքները.
2) կազմակերպում և իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների հարկադիր կատարումը.
3) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան:
ԳԼՈՒԽ 2
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ
|
Հոդված 13. |
Առաջին ատյանի դատարանի հասկացությունը և դրա տեղաբաշխումը |
Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, տնտեսական, քրեական, զինվորական, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի մեկ դատարան՝ նախագահի և վեց դատավորի կազմով, որի դատական տարածքը հանրապետության ողջ տարածքն է:
Առաջին ատյանի դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է: Առաջին ատյանի դատարանը նստավայրեր ունի նաև հանրապետության շրջկենտրոններում:
|
Հոդված 14. |
Առաջին ատյանի դատարանի նախագահը |
Առաջին ատյանի դատարանի նախագահը՝
1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին օրենքով վերապահված լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.
5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
|
Հոդված 15. |
Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը |
Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:
Առաջին ատյանի դատարանն ունի աշխատակազմի այլ հաստիքներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ
|
Հոդված 16. |
Գերագույն դատարանը |
Գերագույն դատարանը կազմված է նախագահից և վեց դատավորներից: Գերագույն դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:
|
Հոդված 17. |
Գերագույն դատարանի վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հասկացությունը և կազմը |
Գերագույն դատարանը հանրապետության տարածքում արդարադատություն է իրականացնում՝
վերաքննության կարգով՝ մեկ դատավորի կազմով.
վճռաբեկության կարգով՝ կոլեգիալ՝ ոչ պակաս, քան երեք դատավորի կազմով:
|
Հոդված 18. |
Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը |
Գերագույն դատարանի դատավորը վերաքննության կարգով արդարադատություն իրականացնելիս ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաքննիչ դատարանում վարույթը կարգավորող նորմերով:
|
Հոդված 19. |
Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանը |
Գերագույն դատարանի դատավորները առաջին և վերաքննիչ ատյանների քննած գործերը վճռաբեկության կարգով քննելիս դատաքննությունն իրականացնում են՝ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վարույթը վճռաբեկ դատարանում կարգավորող նորմերով:
|
Հոդված 20. |
Գերագույն դատարանի սահմանադրական վերահսկողություն իրականացնելու լիազորությունները |
Գերագույն դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական դատարանի լիազորություններ իրականացնող ատյանն է:
Գերագույն դատարանը սահմանադրական դատարանի լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմերով՝ մինչև «Սահմանադրական դատարանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը:
Գերագույն դատարանը սահմանադրական վերահսկողության լիազորություններն իրականացնելիս գործերը քննում է կոլեգիալ, բայց ոչ պակաս, քան հինգ դատավորի կազմով:
Նիստի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ:
Նիստի որոշումներն ստորագրում են նախագահողը և քարտուղարը:
Նիստի քարտուղարը գերագույն դատարանի դատավորի պարտականությունների կատարման հետ միասին կազմակերպում է նաև նիստերի նախապատրաստման աշխատանքը, ապահովում է արձանագրությունների կազմումը և կատարում է նիստի ընդունած որոշումների իրագործման համար անհրաժեշտ գործողություններ:
|
Հոդված 21. |
Գերագույն դատարանի նախագահը |
Գերագույն դատարանի նախագահը դատավոր է:
Գերագույն դատարանի նախագահը՝
1) ապահովում է գերագույն դատարանի բնականոն աշխատանքը.
2) հրավիրում և վարում է սույն օրենքի 20 հոդվածով սահմանված նիստերը.
3) կազմակերպում է դատարանի վերաքննիչ և վճռաբեկ ատյանների աշխատանքը, նշանակում է դատարանի կազմեր դատական նիստերում գործերի քննության համար.
4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման աշխատանքները, դատական մարմիններին և պաշտոնատար անձանց միջնորդություններ է ներկայացնում օրենքի խախտումների, դրանք ծնող պատճառների, իրավախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման վերաբերյալ.
5) գրանցում է փաստաբանների միությունը.
6) գրանցում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին.
7) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
8) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
9) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
10) վարում է դատական վիճակագրությունը.
11) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
12) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
13) լուծում է բացարկների հետ կապված հարցերը.
14) (կետն ուժը կորցրել է 28.03.2002 ՀՕ-198)
14) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:
(21-րդ հոդվածը փոփ. 28.03.2002 ՀՕ-198)
|
Հոդված 22. |
Գերագույն դատարանի աշխատակազմը |
Գերագույն դատարանի նախագահի համար նախատեսվում է ավագ խորհրդականի մեկ հաստիք:
Գերագույն դատարանին տրամադրվում են նիստերի քարտուղարի չորս և գործավարի մեկ հաստիքներ:
Գերագույն դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 4
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 23. |
Դատարանների ֆինանսավորումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ առանձին տողով:
|
Հոդված 24. |
Դատարանի կնիքը |
Յուրաքանչյուր դատարան ունի համարակալված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:
Ֆինանսական գործառույթների իրականացման համար դատարանի նախագահին տրամադրվում է կնիք, այդ դատարանի անվանմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով:
|
Հոդված 25. |
Դատական իշխանության խորհրդանիշերը |
Դատարանի շենքի վրա բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Դատարանի նիստերի դահլիճում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
|
Հոդված 26. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996թ. մայիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
|
Հոդված 27. |
Անցումային դրույթներ |
Նոր դատական համակարգի կազմավորման փուլում դատավորներին պաշտոններում նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջադրմամբ:
Ազգային ժողովի կողմից դատարանի նախագահ կամ դատավոր նշանակելու Հանրապետության Նախագահի առաջարկությունը կրկնակի մերժվելու դեպքում Հանրապետության Նախագահը իրավազոր է դատարանի նախագահին կամ դատավորին նշանակել իր հրամանագրով կամ ներկայացնել նոր թեկնածություն:
Նոր դատական համակարգի կազմավորումից հետո դատարանների նախագահների և դատավորների նշանակումը և նրանց լիազորությունների դադարեցումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 դեկտեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-80 |
|