Համարը 
ՀՕ-80
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.11.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.06.2008

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996թ. մայիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:


Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների համակարգը և դրանց կազմավորումը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:

 

Հոդված 2.

Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:

 

Հոդված 3.

Արդարադատության իրականացումը

 

Արդարադատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է՝

1) մարդու և քաղաքացու ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը, պետության և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող քաղաքացիական, տնտեսական վեճերի վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու և լուծելու միջոցով.

2) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և լուծելու միջոցով.

3) դատական նիստերում հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու և արդարացնելու միջոցով:

 

Հոդված 4.

Դատական պաշտպանության իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք:

 

Հոդված 5.

Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

Օրենքի և դատարանի առջև բոլորը հավասար են և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

Քաղաքացիներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 6.

Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան

 

Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:

 

Հոդված 7.

Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

 

Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից միանձնյա: Վերաքննիչ ատյանում գործերը քննվում են միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

Վճռաբեկ ատյանում գործերը քննվում են կոլեգիալ՝ ոչ պակաս, քան երեք դատավորների կազմով:

(7-րդ հոդվածը փոփ. 20.06.2002 ՀՕ-214)

 

Հոդված 8.

Դատավարության լեզուն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու և դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունք:

 

Հոդված 9.

Գործերի քննության հրապարակայնությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:

Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:

 

Հոդված 10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան).

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանը (այսուհետ՝ գերագույն դատարան):

 

Հոդված 11.

Դատարանների նախագահների, դատավորների նշանակումը և ազատումը

 

Առաջին ատյանի և գերագույն դատարանների նախագահներին և դատավորներին պաշտոնում նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

Հոդված 12.

Դատական վիճակագրության արդյունքների և դատական պրակտիկայի ամփոփումը, դատական ակտերի կատարումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը՝

1) ամփոփում է դատական վիճակագրության արդյունքները.

2) կազմակերպում և իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների հարկադիր կատարումը.

3) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 13.

Առաջին ատյանի դատարանի հասկացությունը և դրա տեղաբաշխումը

 

Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, տնտեսական, քրեական, զինվորական, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի մեկ դատարան՝ նախագահի և վեց դատավորի կազմով, որի դատական տարածքը հանրապետության ողջ տարածքն է:

Առաջին ատյանի դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է: Առաջին ատյանի դատարանը նստավայրեր ունի նաև հանրապետության շրջկենտրոններում:

 

Հոդված 14.

Առաջին ատյանի դատարանի նախագահը

 

Առաջին ատյանի դատարանի նախագահը՝

1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին օրենքով վերապահված լիազորությունները.

2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.

4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.

5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը

 

Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:

Առաջին ատյանի դատարանն ունի աշխատակազմի այլ հաստիքներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 16.

Գերագույն դատարանը

 

Գերագույն դատարանը կազմված է նախագահից և վեց դատավորներից: Գերագույն դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:

 

Հոդված 17.

Գերագույն դատարանի վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հասկացությունը և կազմը

 

Գերագույն դատարանը հանրապետության տարածքում արդարադատություն է իրականացնում՝

վերաքննության կարգով՝ մեկ դատավորի կազմով.

վճռաբեկության կարգով՝ կոլեգիալ՝ ոչ պակաս, քան երեք դատավորի կազմով:

 

Հոդված 18.

Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը

 

Գերագույն դատարանի դատավորը վերաքննության կարգով արդարադատություն իրականացնելիս ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաքննիչ դատարանում վարույթը կարգավորող նորմերով:

 

Հոդված 19.

Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանը

 

Գերագույն դատարանի դատավորները առաջին և վերաքննիչ ատյանների քննած գործերը վճռաբեկության կարգով քննելիս դատաքննությունն իրականացնում են՝ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վարույթը վճռաբեկ դատարանում կարգավորող նորմերով:

 

Հոդված 20.

Գերագույն դատարանի սահմանադրական վերահսկողություն իրականացնելու լիազորությունները

 

Գերագույն դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական դատարանի լիազորություններ իրականացնող ատյանն է:

Գերագույն դատարանը սահմանադրական դատարանի լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմերով՝ մինչև «Սահմանադրական դատարանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը:

Գերագույն դատարանը սահմանադրական վերահսկողության լիազորություններն իրականացնելիս գործերը քննում է կոլեգիալ, բայց ոչ պակաս, քան հինգ դատավորի կազմով:

Նիստի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ:

Նիստի որոշումներն ստորագրում են նախագահողը և քարտուղարը:

Նիստի քարտուղարը գերագույն դատարանի դատավորի պարտականությունների կատարման հետ միասին կազմակերպում է նաև նիստերի նախապատրաստման աշխատանքը, ապահովում է արձանագրությունների կազմումը և կատարում է նիստի ընդունած որոշումների իրագործման համար անհրաժեշտ գործողություններ:

 

Հոդված 21.

Գերագույն դատարանի նախագահը

 

Գերագույն դատարանի նախագահը դատավոր է:

Գերագույն դատարանի նախագահը՝

1) ապահովում է գերագույն դատարանի բնականոն աշխատանքը.

2) հրավիրում և վարում է սույն օրենքի 20 հոդվածով սահմանված նիստերը.

3) կազմակերպում է դատարանի վերաքննիչ և վճռաբեկ ատյանների աշխատանքը, նշանակում է դատարանի կազմեր դատական նիստերում գործերի քննության համար.

4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը.

5) գրանցում է փաստաբանների միությունը.

6) գրանցում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին.

7) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

8) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.

9) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

10) վարում է դատական վիճակագրությունը.

11) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

12) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

13) լուծում է բացարկների հետ կապված հարցերը.

14) (կետն ուժը կորցրել է 28.03.2002 ՀՕ-198)

14) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.

15) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:

(21-րդ հոդվածը փոփ. 28.03.2002 ՀՕ-198, խմբ., լրաց., փոփ. 20.06.2002 ՀՕ-214)

 

Հոդված 22.

Գերագույն դատարանի աշխատակազմը

 

Գերագույն դատարանի նախագահի համար նախատեսվում է ավագ խորհրդականի մեկ հաստիք:

Գերագույն դատարանին տրամադրվում են նիստերի քարտուղարի չորս և գործավարի մեկ հաստիքներ:

Գերագույն դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23.

Դատարանների ֆինանսավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ առանձին տողով:

 

Հոդված 24.

Դատարանի կնիքը

 

Յուրաքանչյուր դատավոր ունի համարակալված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:

Ֆինանսական գործառույթների իրականացման համար դատարանի նախագահին տրամադրվում է կնիք, այդ դատարանի անվանմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով:

(24-րդ հոդվածը փոփ. 20.06.2002 ՀՕ-214)

 

Հոդված 25.

Դատական իշխանության խորհրդանիշերը

 

Դատարանի շենքի վրա բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

Դատարանի նիստերի դահլիճում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

 

Հոդված 26.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996թ. մայիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 27.

Անցումային դրույթներ

 

Նոր դատական համակարգի կազմավորման փուլում դատավորներին պաշտոններում նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջադրմամբ:

Ազգային ժողովի կողմից դատարանի նախագահ կամ դատավոր նշանակելու Հանրապետության Նախագահի առաջարկությունը կրկնակի մերժվելու դեպքում Հանրապետության Նախագահը իրավազոր է դատարանի նախագահին կամ դատավորին նշանակել իր հրամանագրով կամ ներկայացնել նոր թեկնածություն:

Նոր դատական համակարգի կազմավորումից հետո դատարանների նախագահների և դատավորների նշանակումը և նրանց լիազորությունների դադարեցումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 դեկտեմբերի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-80