ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» հուլիսի 2009թ. |
N 457-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 6-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված պետական գնումների գործակալության լիազորությունը վերապահել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հաստատել`
1) գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը` համաձայն թիվ 5 հավելվածի.
6) բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը` համաձայն թիվ 6 հավելվածի:
3. Սահմանել, որ գնումների պաշտոնական տեղեկագիրը կարող է հրատարակվել էլեկտրոնային ձևով` ինտերնետային կայքում:
4. Ուժը կորցրած ճանաչել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 7 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության կարգը, գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 174 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու մասին» թիվ 75 որոշումը:
5. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
3. Գնման առարկայի բնութագիրը ներառում է`
1) ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները: Խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում տեխնիկական հատկանիշը ներառում է գնվելիք ծառայության առաջադրանքը: Տեխնիկական հատկանիշները սահմանվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի համաձայն.
2) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը (այսուհետ` գնման ժամանակացույց): Գնման ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով գնման առարկայի ձեռքբերման համար պահանջվող ժամկետները.
3) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց վճարման պայմանները (այսուհետ` վճարման ժամանակացույց):
4. Շինարարական աշխատանքի գնման առարկայի բնութագրերը սահմանվում են սահմանված կարգով փորձաքննություն անցած` հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կատարվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, եթե այդ աշխատանքի կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությունը պարտադիր է: Եթե շինարարական աշխատանքի կատարման պայմանագիրը կնքվելու է նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան գնման պայմանագրի գինն է, և աշխատանքների մնացած մասը կատարվելու է հաջորդ տարիներին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, ապա շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքով, նշելով տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:
5. Գնման առարկայի բնութագիրը հաստատում է պատվիրատուի ղեկավարը: Սույն կարգի իմաստով պատվիրատուն այն պետական մարմինն է, որի կարիքների համար կատարվելու է տվյալ գնումը: Գնման առարկայի բնութագրերի նախագիծը կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պատվիրատուի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում): Ընդ որում, պատասխանատու ստորաբաժանման` գնման առարկայի բնութագրերի նախագծման աշխատանքները կազմակերպող անձինք (ներկայացուցիչները)`
1) պետք է ունենան գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է` ելնելով գնման առարկայի տեսակից: Եթե պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա պատասխանատու ստորաբաժանման աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է (են) համապատասխան փորձագետ (փորձագետներ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր տված եզրակացությունների և առաջարկների համար.
2) կամ հրավիրված փորձագետները չեն կարող մասնակցել գնումների գործընթացի կազմակերպմանը (նախապատրաստմանը), եթե նրանց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոսի չափով բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ գնումների գործընթացի կազմակերպման գործում ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն:
6. Գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը գրավոր սահմանում է պատասխանատու ստորաբաժանում: Ընդ որում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնում կատարելու պահանջի ծագման օրը սահմանված կարգով (այդ թվում` օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն) տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական միջոցների նախատեսման, մրցույթը (սահմանափակ մրցույթը, գնանշման հարցումը, մրցակցային բանակցությունները) չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ պատվիրատուի տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսերի նախահաշվի (այսուհետ` նախահաշիվ) հաստատման օրն է.
2) որպես կանոն, օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված գնումների անվանացանկում (այսուհետ` գնումների անվանացանկ) կատարվող փոփոխությունները, այդ թվում` վերաբաշխումները չեն կարող գերազանցել գնումների անվանացանկի, ներառյալ կատարված լրացումները, ընդհանուր գումարի քսան տոկոսը.
7. Պատասխանատու ստորաբաժանումը գնման պահանջի ծագման օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում`
1) գնման առարկայի բնութագրերի նախագիծը.
2) գնումը կատարելու ձևի վերաբերյալ առաջարկը.
3) այն անձանց (թեկնածուների) ցուցակը, ովքեր առաջադրվում են մրցույթի կամ առաջարկները գնահատող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվելու նպատակով: Թեկնածուները ներկայացվում են ըստ հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Ներկայացված թեկնածուները պետք է ունենան մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում`
ա. եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա մրցույթի հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) մրցույթի հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է (են) համապատասխան փորձագետ (փորձագետներ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր տված եզրակացությունների և առաջարկների համար,
բ. պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է հիմնավորել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուների անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը,
գ. մրցույթի հանձնաժողովի անդամները կամ հրավիրված փորձագետները չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նրանց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոսի չափով բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ գնումների գործընթացի կազմակերպման գործում ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն.
4) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը:
8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, մինչև պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվելը, համաձայնեցվում են պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուի կամ գնումների գործի համակարգման պատասխանատու ստորաբաժանման հետ:
9. Վճարման ժամանակացույցը հաստատելիս` հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից և (կամ) պատվիրատուի տնoրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցներից գնումների ֆինանսավորումն իրականացվում է նախահաշվի շրջանակներում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնումը կարող է կատարվել, եթե գնման առարկան ներառված է գնումների անվանացանկում:
10. Մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված վճարման ժամանակացույցի հաստատումը` դրա երեք օրինակը ներկայացվում է պատվիրատուին սպասարկող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժին (այսուհետ` ՏԳԲ): Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԳԲ-ի պաշտոնատար անձի կողմից ստորագրվում և ՏԳԲ-ի դրոշմակնիքով հաստատվում են վճարման ժամանակացույցի ներկայացված օրինակները: Վճարման ժամանակացույցը հաստատվում է, եթե դրանով նախատեսված հատկացումները համապատասխանում են նախահաշվին, հակառակ դեպքում վճարման ժամանակացույցը վերադարձվում է: Պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է ՏԳԲ:
11. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գնում կատարելու դեպքում`
1) վճարման ժամանակացույցը հաստատվում է տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որը ներառվում է կնքված պայմանագրում` փոփոխությունների կատարման ձևով.
2) գնման պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է օրերով, որի հաշվարկի սկիզբը համընկնում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա հետ:
12. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը (այսուհետ` գնման հայտ) պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Պատվիրատուի ղեկավարը կարող է`
1) պատասխանատու ստորաբաժանման` սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել այլ անձի կամ այդ նպատակով կազմավորված տեխնիկական հսկողության հանձնաժողովին, որի անդամներ կարող են նաև լինել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.
2) պատվիրատուի ղեկավարի` սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել պատվիրատուի այլ պաշտոնատար անձի:
14. Լիազոր մարմնի կողմից հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառված ու պետական կամ ծառայողական գաղտնիք`
1) չպարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը հաստատվում են մրցույթի հանձնաժողովների կողմից` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) ներկայացմամբ.
2) պարունակող ապրանքների տեխնիկական բնութագրերը հաստատվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներ կատարող պատվիրատուների ղեկավարների կողմից:
III. ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15. Գնման առարկայի բնութագիրը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում, գնման հայտն ուղարկվում է գործակալություն: Գնման պայմանագիրը կնքվում է ներկայացված գնման հայտի հիման վրա: Եթե չի կիրառվում օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, ապա պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` գնման պայմանագիր կնքելու համար:
16. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված պայմաններով մեկ անձից գնում կատարելու դեպքում.
1) պատվիրատուն հարցում է կատարում գործակալությանը` գնման առարկայի` պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնի վերաբերյալ.
2) գործակալությունը ստացված հարցմանը պատասխանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում` պատվիրատուին տրամադրելով տեղեկանք` գնման առարկայի` պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնի վերաբերյալ` տեղեկանքը տրամադրելու օրվա դրությամբ: Ընդ որում տեղեկանքի գործողության ժամկետը սահմանվում է մինչև ընթացիկ եռամսյակի ավարտը.
3) գնման պայմանագրի կնքման համար պարտադիր պայման է հանդիսանում.
ա. պայմանագրի կատարման, իսկ պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում` կանխավճարի ապահովում ներկայացնելը, որը պետք է համապատասխանի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի» 17-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջներին,
բ. մասնակցի կողմից օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը.
4) գնման պայմանագիրը կնքվում է մինչև տվյալ եռամսյակի ավարտը գործողության ժամկետով.
5) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքի, 3-րդ ենթակետում նշված ապահովման և հայտարարության պատճենները գնման ընթացակարգի արձանագրության պատճենի հետ ներկայացվում են լիազոր մարմին:
17. Պատվիրատուի հարցման և գործակալության տեղեկանքի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
18. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված պայմանների կիրառմամբ պատվիրատուն չի կարող գնման պայմանագիր կնքել պարբերական մրցույթով տվյալ ապրանքի մատակարարման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) համար պայմանագիր կնքած անձի հետ:
19. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններով մրցակցային բանակցությունների ձևով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով և 18-րդ կետով սահմանված պայմանները` բացառությամբ 16-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանների, ինչպես նաև գնման պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմին է ներկայացնում կնքված գնման պայմանագրի պատճենը:
20. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացության (այսուհետև՝ լիազոր մարմնի եզրակացություն) առկայությունը տվյալ պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է, բացառությամբ պարբերական մրցույթներով կնքված գնման պայմանագրերի և լիազոր մարմնի հաստատած ցանկում ներառված, ինչպես նաև բնական մենաշնորհ հանդիսացող սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների ձեռքբերման դեպքերում կատարվող գնումների: Լիազոր մարմնի եզրակացությունը ստանալու նպատակով, պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող` օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված ձևերով գնումների կատարման դեպքում գործակալությունը, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, ինչպես նաև օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված ձևով գնումների կատարման դեպքում պատվիրատուն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին մասին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության պատճենը:
21. Գնման պայմանագրերում`
1) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պայմանագրով սահմանվող տույժերի և (կամ) տուգանքների չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,05 տոկոսից, իսկ տույժերը հաշվարկվում են օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.
2) նախատեսվում է, որ պայմանագիր կնքած անձի նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում և հաշվանցվում են վճարվող գումարներից.
3) նախագծային և շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնման դեպքում աշխատանքի արդյունքի համար նախատեսվում է երաշխիքային ժամկետ: Ընդ որում`
ա. գնման պայմանագրով երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված իրատեսական ժամկետում վերացնել թերությունները,
բ. կապալառուի կողմից գնման պայմանագրով նախատեսված երաշխիքային պայմանների չկատարումը հանգեցնում է պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:
22. Եթե շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա այդ աշխատանքի նկատմամբ հսկողություն իրականացնող անձը (այդ թվում` տեխնիկական հսկողություն իրականացնող անձը) իր պարտավորությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար ենթարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության, եթե ապացուցվել է այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու հանգամանքը:
23. Եթե գնման առարկայի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պետության կարիքների համար կնքված գնման պայմանագրում կատարված փոփոխությունն այն կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմին` բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի:
24. Արգելվում է գնման պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխմանը: Ընդ որում, արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների նվազեցումը.
2) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների փոփոխումը, ինչը հանգեցնում է պայմանագրի գնի ավելի քան քսան տոկոսի չափով փոփոխման.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը: Փոխարինումը համարվում է արդյունավետ, եթե դրա հետևանքով պայմանագրով նախապես սահմանված ոչ ֆինանսական արդյունքներն ստացվում են համեմատաբար քիչ ֆինանսական միջոցների ծախսմամբ.
4) պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը միևնույն ժամկետից ավելի ժամկետով և (կամ) մեկ անգամից ավելի անգամ երկարաձգելը.
5) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը: Պայմանագրի կողմերի գործողություններից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պարբերական մրցույթով կնքված պայմանագրի շրջանակում գնում կատարելու նպատակով կնքվող համաձայնագրում փոփոխությունների կատարման նկատմամբ չեն կիրառվում սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետով սահմանված պայմանները:
25. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են պատվիրատուի ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ` արձանագրություն) ստորագրմամբ: Արձանագրությունն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա:
26. Պատասխանատու ստորաբաժանումը տալիս է պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` հարցի կարգավորման համար: Գործակալության կողմից կնքված պայմանագրի շրջանակներում բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գործակալությանը` ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում գործակալությունը, ներկայացված առաջարկություններին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ` հարցի կարգավորման համար:
27. Գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և դրանց հաշվանցումը վճարվելիք գումարներից:
28. Դրական եզրակացության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային oրվա ընթացքում ստորագրում է արձանագրությունը:
29. Պատվիրատուն լիազոր մարմնի եզրակացությունը ստանալու, պայմանագիր կնքելու (եթե տվյալ պայմանագրի կնքման դեպքում սույն կարգի համաձայն լիազոր մարմնի եզրակացությունը նախատեսված չէ), դրանում փոփոխություն կատարելու, կամ պայմանագրի պատճենը գործակալությունից ստանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ` քաղվածք), իսկ սույն կարգով նախատեսված դեպքում նաև լիազոր մարմնի եզրակացության պատճենը:
30. Լիազոր մարմնի եզրակացությունը գործակալություն մուտքագրվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը եզրակացության, պայմանագրի և պայմանագրի կատարման ապահովման պատճենները տրամադրում է պատվիրատուին:
31. Եզրակացության, արձանագրության և լիազոր մարմնի եզրակացության ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարը:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
32. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն արձանագրության պատճենն ու վճարման հանձնարարագիրը (այսուհետ` վճարման հանձնարարագիր) ներկայացնում է ՏԳԲ:
33. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ են ներկայացվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով: Ընդ որում`
ա. կանխավճարի չափը չի կարող գերազանցել պայմանագրի գնի քսանհինգ տոկոսը: Կապված գնման առարկայի բնույթից և առանձնահատկություններից սույն կետով սահմանված չափը գերազանցող կանխավճար կարող է նախատեսվել միայն լիազոր մարմնի համաձայնությամբ` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում.
բ. կանխավճարը մարվում է սույն կարգի 25-րդ կետով նախատեսված արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:
34. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն կատարում է վճարում:
35. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 2-րդ մասով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում`
1) պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են եզրակացության, արձանագրության և տվյալ գործարքի հետ կապված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
2) վճարում կատարվելու նպատակով ՏԳԲ է ներկայացվում սույն կարգի 32-րդ կետում նշված փաստաթուղթը:
36. ՏԳԲ-ն սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է քաղվածք` դրա գանձապետական հաշվից:
V. ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման դեպքում`
1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով, 10-րդ, 29-րդ, 32-36-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում` բացառությամբ սույն կարգի 33-րդ կետի 2-րդ ենթակետով և 35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նորմերի.
2) գնման պահանջի ծագման օրը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծախսերի նախահաշիվների հաստատման (փոփոխման) օրը.
3) գնումների ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
38. Պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից նախնական հսկողության դեպքում սույն կարգի 15-20-րդ, 23-րդ և 30-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է մրցույթների (առաջարկները գնահատող) հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել հանձնաժողովների կազմավորման և գործունեության հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`
1) բաց նպատակային և փակ մրցույթի դեպքում` այն պատվիրատուի ներկայացուցիչները, որի կարիքների համար իրականացվում է տվյալ գնումը: Եթե բաց նպատակային մրցույթը հայտարարվում է մեկից ավելի պատվիրատուների կարիքների համար գնում կատարելու նպատակով, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում են հավասար թվով ներկայացուցիչներ, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնման ընդհանուր գումարը տվյալ մրցույթում ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ:
2) բաց պարբերական մրցույթի դեպքում` ոչ ավելի, քան այն վեց պատվիրատուների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կազմակերպած գնման ընթացակարգերի արդյունքում կատարված համանման գնումներն ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ: Եթե այդպիսի պատվիրատուների թիվը չի գերազանցում երկուսը, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում է երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարված համանման գնումների ընդհանուր գումարն ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ:
4. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովը կազմավորվում է գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` տվյալ պատվիրատուի ղեկավարի կամ նրա տեղակալի հրամանով: Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով, նաև`
1) նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար (այսուհետ` քարտուղար): Փակ մրցույթի դեպքում քարտուղարը պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուն կամ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչն է: Բաց մրցույթի դեպքում քարտուղարը գործակալության ներկայացուցիչն է.
2) հանձնաժողովի կազմում, խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են ներգրավվել այլ անձինք (այսուհետ` խորհրդատու).
3) սահմանվում են հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը և առաջին նիստի անցկացման օրն ու ժամը:
5. Հանձնաժողովը կազմավորվում է`
1) բաց նպատակային մրցույթի դեպքում` գնման առարկայի բնութագրերը գործակալություն ներկայացվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում.
2) բաց պարբերական մրցույթի դեպքում` գնման առարկան «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառվելու օրվան հաջորդող քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նախկինում տվյալ գնման համար պարբերական մրցույթով գնման պայմանագիր կնքած լինելու դեպքում` այնպիսի ժամկետում, որ կնքվելիք գնման պայմանագիրն ուժի մեջ մտնի նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրանալու օրը.
3) փակ մրցույթի դեպքում` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
6. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են բաց մրցույթի դեպքում` հանձնաժողովի անդամների կեսից ավելին, իսկ փակ մրցույթի դեպքում` հանձնաժողովների անդամների երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները պարտադիր ստորագրում են հանձնաժողովի որոշումները և (կամ) հանձնաժողովի կողմից հաստատվող այլ փաստաթղթեր: Եթե հանձնաժողովի նիստին ներկա անդամը քվեարկում է դեմ, ապա ներկայացնում է գրավոր բացատրագիր, որը կցվում է արձանագրությանը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում` հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները պարտադիր ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրվա և ժամի մասին:
8. Հանձնաժողովի նիստը, այդ թվում` հատուկ նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է` բաց մրցույթի դեպքում` գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը հետևյալ հաջորդականությամբ`
1) ժամանակավորապես դադարեցնում է գնման գործընթացը` ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով.
2) դիմում է հանձնաժողովի նիստին չներկայացած անդամին (անդամներին) առաջադրողին` պահանջելով ապահովել տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ ներկայացնել հանձնաժողովի նոր անդամի թեկնածություն.
3) սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման վերջին ժամկետին.
4) գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման ժամկետը լրանալու պահին նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի կազմից հետ է կանչում տվյալ նիստին չներկայացած հանձնաժողովի անդամին (անդամներին)` դրա մասին ծանուցելով հանձնաժողովի այդ անդամի թեկնածությունն առաջադրողին.
5) հանձնաժողովի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի, իսկ բաց մրցույթի դեպքում` գործակալության աշխատողներից նշանակում է հանձնաժողովի նոր անդամ (անդամներ):
9. Հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` բաց մրցույթի դեպքում` գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ տեղակալի գրավոր հանձնարարության կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Քարտուղարը նիստից առնվազն քառասունութ ժամ առաջ` արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:
10. Այն դեպքում, երբ հանձնաժողովը չի ապահովում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է բաց մրցույթի դեպքում` գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը զեկուցագիրն ստանալու նույն օրը`
1) հրամանով` մինչև հինգ աշխատանքային օրով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը.
2) հանձնարարում է իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ եզրակացություն ներկայացված զեկուցագրի մասին: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար քարտուղարից գրավոր պահանջել լրացուցիչ նյութեր:
11. Իրավաբանական ծառայության եզրակացության հիման վրա բաց մրցույթի դեպքում` գործակալության պետը, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարը կամ տեղակալը կարող է, հարցի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը նման դեպքում երկարաձգվում է մինչև եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի վերաբերյալ ընդունվում է հրաման:
12. Զեկուցագրի մասին իրավաբանական ծառայության գրավոր եզրակացությունն ստանալուց հետո բաց մրցույթի դեպքում` գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ տեղակալի հրամանով`
1) հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե ներկայացված եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
2) ըստ իրավաբանական ծառայության եզրակացության` վերանայվում (փոփոխվում) են հանձնաժողովի որոշումները:
13. Զեկուցագիրը համարվում է հիմնավոր, եթե դրանում արձանագրվել է գնման ընթացակարգի խախտում:
14. Մինչև կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեության կասեցման հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
15. Հանձնաժողովի անդամի, հանձնաժողովի քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
16. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը և ժամին, որում`
1) բաց մրցույթի դեպքում հաստատվում է մրցույթի մասին հայտարարության տեքստը, իսկ բաց պարբերական մրցույթի դեպքում` նաև գնման առարկայի տեխնիկական բնութագրերը.
2) հաստատվում է մրցույթի հրավերի տեքստը.
3) հաստատվում են հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման oրը և ժամը:
17. Մրցույթի հրավերում նախատեսվում է նաև, որ`
1) գնման պայմանագրերի ոչ ավելի, քան քսանհինգ տոկոսը կարող է իրականացվել գործակալական կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով.
2) մասնակիցը հայտի և պայմանագրի կատարման, այդ թվում` կանխավճարի ապահովումը ներկայացնում է երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևով.
3) պայմանագրի կատարման ապահովման չափը հավասար է գնման պայմանագրի գնի հինգ տոկոսին.
4) պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրի կատարման ապահովման փոխարեն ներկայացվող կանխավճարի ապահովման չափը հավասար է պայմանագրի գնի հինգ տոկոսին և նախատեսված կանխավճարի չափի հանրագումարին.
5) բովանդակային պահանջներ են համարվում հրավերով սահմանված` մասնակցից պահանջվող տեղեկություններին (փաստաթղթերին) ներկայացվող վավերապայմանների պահպանումը: Ընդ որում, օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված`
ա. «մասնագիտական հատկանիշներ» որակավորման չափանիշը գնահատելիս, եթե ներկայացված պայմանագրերում և դրանց կատարումը հիմնավորող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, հիմք է ընդունվում կատարումը հիմնավորող փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը.
բ. «տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշը գնահատելիս, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, հիմք է ընդունվում տվյալ գույքի պետական գրանցումը կամ հաշվառումը հավաստող փաստաթղթում ներկայացված տեղեկատվությունը, իսկ եթե գույքն ենթակա չէ պետական գրանցման կամ հաշվառման` գույքի նկատմամբ իրավազորությունը հավաստող փաստաթղթում նշված տեղեկատվությունը.
գ. «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշը գնահատելիս, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, հիմք է ընդունվում բանկային կամ այլ վարկային կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերում նշված տեղեկատվությունը.
դ . «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշը գնահատելիս, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, հիմք է ընդունվում մասնակցի կողմից տվյալ աշխատողի իր մոտ աշխատելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթում նշված տեղեկատվությունը.
6) եթե գնման պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան գնման պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդ տարիներին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, պայմանագրի կատարման ապահովումը հավասար է`
ա. տվյալ տարում մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի հինգ տոկոսին, իսկ կանխավճար նախատեսված լինելու դեպքում` տվյալ տարում մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի հինգ տոկոսի և կանխավճարի չափի հանրագումարին, որը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևով: Ընդ որում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդ տարիներին ապրանքները մատակարարվում, աշխատանքները կատարվում կամ ծառայությունները մատուցվում են համաձայնագիր կնքելու միջոցով, և`
բ. հաջորդ տարիներին մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի հինգ տոկոսին, որը ներկայացվում է տուժանքի ձևով: Եթե հաջորդ տարվա ընթացքում պայմանագրի շարունակման համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը փոխարինվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ապահովման չափով և ձևերով: Ընդ որում, ապահովումը ներկայացվում է համաձայնագիր կնքելու ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում գնման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվում է.
7) այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարում չեն նախատեսվում ֆինանսական միջոցներ, ապա գնման պայմանագիրը լուծվում է.
8) եթե գնման պայմանագիրը կնքվելու է օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, ապա պայմանագրի կատարման ապահովումը ներկայացվում է տուժանքի ձևով` գնման պայմանագրի գնի հինգ տոկոսի չափով: Ընդ որում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ ապրանքները մատակարարվում, աշխատանքները կատարվում կամ ծառայությունները մատուցվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե գնման պայմանագիրը կնքվելու կամ դրան հաջորդող տարվա ընթացքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը փոխարինվում է սույն կարգով նախատեսված ապահովման չափով և ձևերով: Ընդ որում, ապահովումը ներկայացվում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային oրվա ընթացքում: Հակառակ դեպքում գնման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվում է:
18. Բաց մրցույթի դեպքում, ոչ ուշ, քան հանձնաժողովի առաջին նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, քարտուղարը հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին հայտարարության տեքստն էլեկտրոնային և թղթային տարբերակներով ներկայացնում է գործակալության պետին` այն լիազոր մարմին ուղարկելու նպատակով: Լիազոր մարմինը մրցույթի մասին հայտարարության տեքստն ստանալուց հետո, եթե հայտարարությունը կազմված է սահմանված կարգին համապատասխան, այն հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
19. Բաց մրցույթի հրավեր ստանալու համար` մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված կարգով գործակալություն է ներկայացվում այդպիսի պահանջ: Փաստաթղթային ձևով մրցույթի հրավեր ստանալու պահանջի դեպքում ներկայացվում է նաև մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Գործակալությունն ապահովում է փաստաթղթային ձևով մրցույթի հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Էլեկտրոնային ձևով մրցույթի հրավերի տրամադրման պահանջի դեպքում գործակալությունն ապահովում է էլեկտրոնային ձևով մրցույթի հրավերի տրամադրումը նման պահանջ ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, եթե էլեկտրոնային ձևով մրցույթի հրավերի տրամադրումը հնարավոր է:
20. Փակ մրցույթի դեպքում քարտուղարը հանձնաժողովի առաջին նիստի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի հրավերի տրամադրումը բոլոր հնարավոր մասնակիցներին:
21. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար բաց մրցույթի դեպքում` գործակալություն, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուին է ներկայացվում այդպիսի պահանջ և ռուսերենով կամ անգլերենով մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը կազմում է գնումների բազային միավորի մեկ քառորդը: Այդ դեպքում քարտուղարը ապահովում է մրցույթի հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
22. Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը գործակալությանը, պատվիրատուին և (կամ) նրա պաշտոնատար անձանց արգելվում է մրցույթի հրավերի տրամադրման պահանջ ներկայացրած և (կամ) մրցույթի հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) մրցույթին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՑՈՒՄԸ
23. Մրցույթի հայտերը ներկայացվում են մինչև դրա համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մրցույթի հայտերն ստանում և մրցույթի հայտերի գրանցամատյանում գրանցում է քարտուղարը` լիազոր մարմնի սահմանած կարգով: Մրցույթի մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:
24. Եթե չեն կիրառվում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու պահին` հանձնաժողովի հատուկ նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են բաց մրցույթի դեպքում` հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը, իսկ փակ մրցույթի դեպքում` երեք քառորդը:
25. Հատուկ նիստում`
1) նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի որևէ անդամ, որն ընտրվել է որպես նիստը նախագահող, նիստը հայտարարում է բացված: Հատուկ նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է, ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության, նախագահի թեկնածուից հետո նշված հաջորդ թեկնածուն: Քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և նախագահին փոխանցում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. մրցույթի հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում է սահմանված կարգին համապատասխանող գնահատված հայտերը` առաջարկները պարունակող ծրարները,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը,
գ. յուրաքանչյուր մասնակցի որակավորման հատկանիշները հավաստող փաստաթղթերի համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` մեկ թվով արտահայտված` հիմք ընդունելով տառերով գրվածը.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Եթե առկա է անհամապատասխանություն մասնակցի կողմից ներկայացված մրցույթի հայտի բնօրինակի և պատճենների միջև, ապա հանձնաժողովի կողմից գնահատման համար հիմք է ընդունվում տվյալ հայտի բնօրինակը.
5) սույն կետի համաձայն հանձնաժողովի կողմից մրցույթի հայտերը գնահատվելուց հետո քարտուղարը չմերժված մրցույթի հայտերի բնօրինակներն առանձնացնում և հանձնաժողովի անդամների ներկայությամբ գույքագրում է: Հանձնաժողովի լուծարումից հետո քարտուղարը սահմանված կարգով ապահովում է ծրարի հանձնումն արխիվ: Բաց մրցույթի դեպքում` գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուն մերժված հայտերի պատճենները վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց` հատուկ նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.
6) հանձնաժողովի նախագահը հրապարակում է օրենքով նախատեսված տեղեկությունները և մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստի օրը, ժամը և նիստը հայտարարում փակված:
26. Ոչ ուշ, քան հատուկ նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հանձնաժողովի անդամներին ուղարկում (տրամադրում) է մրցույթի հայտերի գնահատման թերթիկների (այսուհետ` գնահատման թերթիկ) երկուական և հանձնաժողովի կողմից սահմանված կարգին համապատասխանող գնահատված հայտերի (այսուհետ` մրցութային առաջարկ) պատճենների մեկական օրինակներ:
27. Հանձնաժողովի կազմում միևնույն պատվիրատուից ավելի քան մեկ ներկայացուցիչ լինելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նրանց տրամադրում է մրցութային առաջարկների պատճենների մեկական օրինակ:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ
28. Հանձնաժողովի անդամը սույն կարգի 26-րդ կետի համաձայն ստացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի`
1) որակավորման հատկանիշների համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին.
2) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին.
3) ներկայացրած ֆինանսական ցուցանիշների` գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը:
29. Սույն կարգի 28-րդ կետի`
1) 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տվյալներին տրվում են հրավերով նախատեսված պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է, եթե մրցույթի հայտով մասնակցի ներկայացրած տվյալները բավարարում են մրցույթի հրավերով այդ տվյալների համար սահմանված նվազագույն պահանջները.
2) 3-րդ ենթակետով նախատեսված գնահատումն իրականացվում է մրցույթի հայտով ներկայացված գնային առաջարկի թվերով և տառերով արտահայտված տվյալների համապատասխանությունը և դրանց, ինչպես նաև ինքարժեքի հաշվարկման (թվաբանական) ճշտությունը գնահատելու միջոցով: Թվերով և տառերով արտահայտված տվյալների միջև անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում տառերով արտահայտված տվյալները: Հաշվարկման (թվաբանական) անճշտությունների դեպքում մրցույթի հրավերով սահմանված կարգով կատարվում է վերահաշվարկ: Վերահաշվարկի շրջանակներում չի կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված գնային առաջարկը:
30. Հանձնաժողովի անդամը գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկի երկու օրինակում, ստորագրում և մեկ օրինակն ուղարկում (տրամադրում) է քարտուղարին` հանձնաժողովի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի անդամը մրցույթի հայտի պատճենը և գնահատման թերթիկի մյուս օրինակը հանձնում է հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով իր թեկնածությունն առաջադրած պատվիրատուի համապատասխան ստորաբաժանմանը` արխիվացման համար:
VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՆԻՍՏԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
31. Ընտրված մասնակցին որոշելու նպատակով` մրցույթի հայտերը ներկայացվելու վերջին օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրավիրվում է նիստ: Հրավիրվող նիստում`
1) քարտուղարն ստացած գնահատման թերթիկները փոխանցում է նախագահին, որը հայտարարում է մրցույթի յուրաքանչյուր անդամի կողմից մրցույթի մասնակիցներին տրված գնահատականները.
2) հանձնաժողովը գնահատման թերթիկների հիման վրա որոշում է ընտրված և 2-րդ ու 3-րդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին, իսկ մրցույթի մնացած հայտերը մերժում է:
32. Մինչև հանձնաժողովի կողմից ընտրված մասնակցին որոշելը` հանձնաժողովի անդամը կարող է վերանայել իր կողմից ստորագրված գնահատման թերթիկում նշված գնահատականները` հանձնաժողովին գրությամբ ներկայացնելով գնահատման նոր թերթիկ:
33. Հանձնաժողովը կարող է ընդունել որոշում մրցույթի որակավորված մասնակիցներից բացատրություններ պահանջելու մասին: Նման դեպքում կարող է հրավիրվել նոր նիստ: Բացատրությունները չեն կարող հանգեցնել մրցույթի հայտի փոփոխությանը: Նիստը կարող է հրավիրվել սույն կարգի 29-րդ կետի համաձայն մրցույթի բոլոր հայտերի գնահատումից հետո:
34. Եթե հանձնաժողովը`
1) չի ընդունում որոշում ընտրված մասնակցից իր որակավորման հատկանիշների վերահաստատման պահանջ ներկայացնելու մասին, ապա ընտրված մասնակցին որոշելու նպատակով հրավիրվող նիստը միաժամանակ մրցույթի արդյունքներն ամփոփող նիստ է.
2) ընդունում է որոշում ընտրված մասնակցից իր որակավորման հատկանիշները վերահաստատել պահանջելու մասին, ապա ընտրված մասնակցին որոշելու նպատակով հրավիրված նիստը համարվում է փակված: սույն ենթակետով նախատեսված դեպքում մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրվում է հանձնաժողովի նիստ: Ընտրված մասնակցի որակավորման հատկանիշները համարվում են վերահաստատված, եթե նա հանձնաժողովին ներկայացնում է դրա մասին գրավոր հայտարարություն: Վերահաստատման շրջանակներում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը և (կամ) պահանջվել և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր: Եթե ընտրված մասնակիցը չի վերահաստատում որակավորման իր հատկանիշները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է, իսկ մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում:
35. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման նիստում հրապարակում է հաղթող ճանաչված մասնակցի անվանումը (անունը) և հիմնավորում նրա ընտրությունը:
36. Քարտուղարը մրցույթի արդյունքների ամփոփման նիստից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում բաց մրցույթի դեպքում` գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին է տրամադրում մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության պատճենը, որն ապահովում է oրենքով սահմանված կարգով պայմանագրի կնքումը:
37. Այն դեպքում, երբ մրցույթի արդյունքում պայմանագիր չի կնքվում` պայմանավորված այնպիսի հանգամանքներով, որոնց համար կողմերը պատասխանատվություն չեն կրում, ապա նշված կողմերի միջև իրավահարաբերությունը դադարում է:
IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
38. Լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու, մրցույթը չկայացած հայտարարելու կամ սույն կարգի 37-րդ կետով նախատեսված հիմքերի ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը կազմում և բաց մրցույթի դեպքում` գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին է տրամադրում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն: Հաշվետվությանը կցվում են հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող` տվյալ մրցույթին վերաբերող բոլոր փաստաթղթերը (նամակներ, որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ և այլ փաստաթղթեր): Հաշվետվությունն ստացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում բաց մրցույթի դեպքում` գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ նրա տեղակալի հրամանով հանձնաժողովը լուծարվում է:
X. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Ապրանքների գնման դեպքում` մրցույթի հրավերի և բաց պարբերական մրցույթի մասին հայտարարության տեքստերի հաստատման ժամանակ հաշվի են առնվում պարբերական մրցույթի ընթացակարգի հետևյալ առանձնահատկությունները`
1) մրցույթի մասին հայտարարության հրապարակումից հետո, որպես մրցույթի հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում` կցելով հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իրենց հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, ինչպես նաև տուժանքի ձևով մրցույթի հայտի ապահովում, որի չափը հավասար է գնումների բազային միավորի մեկ քառորդին: Մրցույթի մասին հայտարարությունը և հրավերը վավերական են մեկ տարի: Նշված ժամկետում մրցույթի հրավերում օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել փոփոխություններ, որի դեպքում կազմակերպվում է վերագրանցում.
2) ներկայացված փաստաթղթերի հիման վրա անձի որակավորումը գնահատում է հանձնաժողովի քարտուղարը` այդ փաստաթղթերը գործակալություն ստացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավերով սահմանված չափանիշներին համապատասխանող անձը գրանցվում է որպես այդ մրցույթի հնարավոր մասնակից, որի հետ գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը կնքում է գնման նախնական պայմանագիր: Անհամապատասխանության դեպքում գրանցումը մերժվում է, որի մասին գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է անձին` նշելով մերժման հիմքը: Կնքվելիք գնման նախնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`
ա. մրցույթի հայտը ներկայացնելը, իսկ հաղթող ճանաչվելու դեպքում նաև պայմանագիր կնքելը պարտադիր են, և այդ պահանջի խախտման դեպքում մասնակիցը հայտը ներկայացնելու կամ պայմանագիրը կնքելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին մուտքագրում է հայտի ապահովման չափով գումար,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը չվճարվելու դեպքում` գնման նախնական պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.
3) մինչև յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, սակայն ոչ շուտ, քան մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը, մրցույթի հրավերով սահմանված ժամին և վայրում` գրանցված մասնակիցները գործակալություն են ներկայացնում օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կազմված մրցույթի հայտեր: Մրցույթի հայտերն ստանում և մրցույթի հայտերի գրանցամատյանում գրանցում է քարտուղարը` լիազոր մարմնի սահմանած կարգով: Մրցույթի մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Մրցույթի հայտը ներառում է`
ա. մասնակցի գնային առաջարկը: Գնային առաջարկը ներկայացվում է ապրանքի միավորի գնով,
բ. մասնակցի հայտարարությունը մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցման պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին.
4) մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերով սահմանված օրը, ժամին և վայրում, հանձնաժողովի հատուկ նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը: Հատուկ նիստում`
ա. նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի որևէ անդամ, որն ընտրվել է որպես նիստը նախագահող, նիստը հայտարարում է բացված: Քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և նախագահին փոխանցում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է մրցույթի հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում է համապատասխանող գնահատված հայտերը` առաջարկները պարունակող ծրարները, գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցման պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին մասնակցի հայտարարության առկայությունը և դրա համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին, գնահատում է գնային առաջարկը կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված պահանջներին: Հանձնաժողովի նախագահը հրապարակում է համապատասխանող գնահատված գնային առաջարկները` հիմք ընդունելով տառերով գրվածը: Պահանջի դեպքում հրապարակված գնային առաջարկների պատճեններն անհապաղ տրամադրվում են,
գ. սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Գործակալությունը մերժված հայտերի պատճենները վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց` հատուկ նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:
40. Հատուկ նիստում, որը նաև մրցույթի արդյունքներն ամփոփոխ նիստ է, որոշվում և հայտարարվում են տվյալ ամսվան հաջորդող եռամսյակի կտրվածքով մրցույթի հաղթողը և երկրորդ ու երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցները: Մրցույթի հաղթող է համարվում այն մասնակիցը, որի ներկայացրած գնային առաջարկն ամենացածրն է:
41. Մրցույթի հաղթողին որոշելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գործակալությունը պայմանագիր կնքելու մասին առաջարկ է ներկայացնում հաղթող ճանաչված մասնակցին, որը ծանուցումն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալություն է ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում: Ապահովման չափն հավասար է գնումների բազային միավորի կեսին:
42. Պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է գնման պայմանագիր: Գնման պայմանագիրը կնքվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող եռամսյակի ավարտը գործողության ժամկետով: Կնքված գնման պայմանագիրը և դրանում կատարված փոփոխությունները հրապարակվում են լիազոր մարմնի կողմից:
43. Սույն կարգի 42-րդ կետի համաձայն կնքված գնման պայմանագրի շրջանակում գնում կատարելու նպատակով պատվիրատուն գործակալություն է ներկայացնում գնման հայտ: Գնման հայտն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պայմանագիր կնքած մատակարարի հետ կնքում է ապրանքի մատակարարման մասին համաձայնագիր: Համաձայնագրով կանխավճար նախատեսվելու դեպքում մատակարարը մինչև համաձայնագրի կնքումը գործակալություն է ներկայացնում կանխավճարի ապահովում` կանխավճարի գումարի չափով: Նման դեպքում համաձայնագիրը կնքվում է գնման հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
44. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների դեպքում պարբերական մրցույթները կազմակերպվում են սույն կարգի 39-43-րդ կետերով սահմանված կարգով` հաշվի առնելով հետևյալ պայմանները`
1) գործակալությանը վերապահված լիազորություններն իրականացնում է պատվիրատուն.
2) գնային առաջարկներ ներկայացնելու և պայմանագիր կնքելու իրավունք ունեն գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման տվյալ գործընթացի հնարավոր մասնակից համարվող բոլոր մասնակիցները.
3) պայմանագրերին վերաբերող տեղեկությունները չեն հրապարակվում լիազոր մարմնի կողմից:
XI. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով մրցույթները կազմակերպվում են սույն կարգի 1-38-րդ կետերով սահմանված կարգով` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) հանձնաժողովի անդամը սույն կարգի 28-րդ կետի համաձայն ստացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի`
ա. որակավորման հատկանիշների համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին,
բ. ծառայությունների մատուցման առաջարկվող կարգի (մեթոդաբանության) համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին,
գ. ներկայացրած ֆինանսական ցուցանիշների` գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված տվյալների գնահատման նպատակով մասնակցի` օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`
ա. «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված որակավորման հատկանիշներին տրվում են հրավերով նախատեսված պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է այն դեպքում, երբ մասնակցի որակավորման հատկանիշների մասին նշված տվյալները համապատասխանում են հրավերով այդ հատկանիշի համար սահմանված չափանիշին,
բ. «ա» կետով նախատեսված որակավորման հատկանիշներին և ծառայությունների մատուցման առաջարկվող կարգին (մեթոդաբանությանը) կարող են տրվել հետևյալ գնահատականները`
|
Որակավորման չափանիշը |
Գնահատականը |
|
նվազագույն |
առավելագույն |
|
Պարտավորությունների կատարման իրավունք |
առկա է կամ բացակայում է |
|
Տեխնիկական միջոցներ և ֆինանսական միջոցներ |
|
Մասնագիտական հատկանիշներ (աշխատանքային փորձը) |
20 |
25 |
|
Աշխատանքային ռեսուրսներ (առաջադրանքի կատարման համար առաջարկվող աշխատակազմ) |
40 |
50 |
|
Ծառայությունների մատուցման առաջարկվող կարգը (մեթոդաբանությունը) |
20 |
25 |
|
Ընդամենը |
80 |
100 |
գ. մասնակցի որակավորման հատկանիշը և (կամ) ծառայությունների մատուցման առաջարկվող կարգը (մեթոդաբանությունը) գնահատվում են նվազագույն միավորից ցածր, եթե վերջինիս մրցույթի հայտով ներկայացված տվյալները չեն բավարարում տվյալ չափանիշի գծով հրավերով սահմանված նվազագույն պահանջները.
դ. եթե մրցույթի հանձնաժողովի կողմից մասնակցի առաջարկին տրված հանրագումարային գնահատականը 80 միավորից կամ որևէ չափանիշի գծով մրցույթի հանձնաժողովի կողմից տրված հանրագումարային գնահատականն այդ չափանիշի համար սահմանված նվազագույն միավորից ցածր է, ապա տվյալ մասնակիցը չի որակավորվում, և նրա հայտը մերժվում է.
3) եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա խորհրդատուի ընտրությունը կատարվում է օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններով: Այդ դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է հետևյալ կարգով`
ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԱԳ-ն մասնակցի առաջարկած (գնահատվող) գինն է,
բ. որակավորված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
| ՄԳ = (ԳՄ X 0.3) + (ՈՄ X 0.7), |
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
Ո Մ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և ծառայությունների մատուցման առաջարկվող կարգին (մեթոդաբանությանը) տրված միավորն է.
4) մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.
5) եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն ընտրված մասնակցին կարող է առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` մրցույթը հայտարարվում է չկայացած:
XII. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Երկու փուլով անցկացվող մրցույթի դեպքում մրցույթի սկզբնական հայտերը ներկայացվում են հրավերով սահմանված ժամկետում, որը չի կարող պակաս լինել մրցույթի մասին հայտարարության
հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված քսան օրացուցային օրվանից: Մրցույթի սկզբնական հայտերի բացման նիստը հրավիրվում է սկզբնական հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու պահին:
47. Մրցույթի սկզբնական հայտերը կազմվում և ներկայացվում են մեկ փուլով անցկացվող մրցույթի հայտը կազմելու և ներկայացնելու համար օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան:
Սկզբնական հայտը պարունակում է մասնակցի միայն`
1) մրցույթի հրավերով սահմանված որակավորման հատկանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող` հրավերով պահանջվող փաստաթղթերը.
2) առաջարկներ` կապված գնման առարկայի տեխնիկական հատկանիշների նկարագրման ու գնման ժամանակացույցի հետ:
48. Մրցույթի սկզբնական հայտերը գնահատվում են մեկ փուլով անցկացվող մրցույթի հայտերի գնահատման կարգին համապատասխան, մրցույթի հայտերն ամփոփող նիստում, որը հրավիրվում է
սկզբնական հայտերի բացման նիստին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
49. Մրցույթի առաջին փուլի հայտերն ամփոփող նիստի ընթացքում մրցույթի հրավերի պահանջները բավարար գնահատված` նիստին ներկա մասնակիցների հետ բանակցելու միջոցով հստակեցվում են գնման առարկայի տեխնիկական հատկանիշները և գնման ժամանակացույցը:
50. Մրցույթի առաջին փուլի ամփոփման նիստին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարն առաջին փուլն անցած բոլոր մասնակիցներին տրամադրում է երկրորդ փուլին մասնակցելու վերջնական հրավեր, որը կազմվում է մեկ փուլով մրցույթի հրավերի կազմման կարգին համապատասխան:
51. Բաց մրցույթի դեպքում մինչև վերջնական հրավերն առաջին փուլն անցած մրցույթի մասնակիցներին տրամադրելը գործակալությունը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հրավերում ներառվող գնման առարկայի տեխնիկական հատկանիշները և գնման ժամանակացույցը:
52. Վերջնական հայտ ներկայացնելու իրավունք ունեն միայն վերջնական հրավեր ստացած անձինք:
53. Երկու փուլով մրցույթի երկրորդ փուլի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են մեկ փուլով մրցույթի ընթացակարգի համար գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված պայմանները` հաշվի առնելով սույն կարգի 46-52-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:
XIII. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
54. Պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար մրցույթի ձևով կատարվող գնումների դեպքում քարտուղար է նշանակվում տվյալ կազմակերպության գնումների գործի համակարգման պատասխանատուն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել լիազոր մարմին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՍՏՈՒԳԵԼԸ
3. Պատվիրատուն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության պատճենը (այսուհետ` արձանագրություն):
4. Լիազոր մարմինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է արձանագրության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:
5. Համապատասխանության դեպքում լիազոր մարմինը պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացություն (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն):
6. Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին` անհամապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումն ուղարկում է լիազոր մարմին` վերջինիս գրությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և ընդունում այն, եթե`
1) պատվիրատուն գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.
2) անհամապատասխանությունը վերաբերում է արձանագրության վարման կարգին, և պատվիրատուն լիազոր մարմին ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.
3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանության հետ և հավաստում, որ անհամապատասխանությունը տեղ է գտել անկանխատեսելի ու անհաղթահարելի հանգամանքի ծագմամբ և պատվիրատուի գործողության հետևանք չէ.
4) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:
8. Ներկայացված պարզաբանումը ընդունելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է տրամադրում լիազոր մարմնի եզրակացություն:
9. Ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանության մասին հարցը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը:
2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ
3. Լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման գործառույթն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունում լիազոր մարմնի գործառույթների կատարման կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում): Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ, խորհրդատուներ և այլ անձինք:
4. Բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման աշխատանքների մասին տեղեկություններն արձանագրվում են փաստաթղթեր կազմելով, որոնք ստորագրում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը և այդ փաստաթղթերը կազմած անձը:
5. Բողոքի քննարկման արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը կազմում է գրավոր եզրակացություն, որը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելու դեպքում հրապարակվում է լիազոր մարմնի կողմից:
6. Բյուջետային տարվան հաջորդող եռամսյակի ընթացքում լիազոր մարմինը հրապարակում է նախորդ տարվա ընթացքում պատվիրատուների և (կամ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կողմից գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:
III. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
7. Բողոքի քննարկումը կազմակերպում է պատասխանատու ստորաբաժանումը` օրենքով սահմանված կարգով: Բողոքի քննարկման արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը բողոքի կապակցությամբ ընդունում է որոշում:
8. Բողոքի վերաբերյալ եզրակացության նախապատրաստման աշխատանքների շրջանակներում, պատասխանատու ստորաբաժանման նախաձեռնությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ, կարող են կազմակերպվել քննարկումներ: Քննարկումները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք արձանագրվում են: Նիստի արձանագրությունն ստորագրում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը և տվյալ նիստի քարտուղարը:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
9. Գնումների գործընթացի վերահսկման նպատակն է`
1) պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման գնահատումը.
2) գնումների իրականացման գործում առկա թերությունների հայտնաբերումն ու հրապարակումը և գնումների գործընթացի բարելավումը:
10. Գնումների գործընթացը վերահսկվում է պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը գնահատելու և (կամ) գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատությունն ստուգելու միջոցով:
11. Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատությունն ստուգվում է այն դեպքում, երբ լիազոր մարմին ներկայացվում է գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի կազմման հիմքերի արժանահավատության գնահատման գրավոր պահանջ, բողոք կամ վերադասի հանձնարարություն:
12. Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատության ստուգման նպատակով լիազոր մարմինը կարող է ներգրավել գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի կազմման հիմքերի արժանահավատությունը գնահատելու մասնագիտական կարողություններ ունեցող պետական մարմիններ և (կամ) փորձագետների, և դրա համար պահանջվող ծախսերը կատարվում են նման պահանջ ներկայացնողի հաշվին` բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջը ներկայացվել է վերադասի, պատվիրատուների կամ գործակալության կողմից:
13. Պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգման միջոցով:
14. Լիազոր մարմնի գրավոր պահանջի հիման վրա պատվիրատուները և (կամ) գործակալությունը լիազոր մարմին են ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության կազմման համար հիմք ծառայած` պատվիրատուի և (կամ) գործակալության տնօրինման տակ գտնվող փաստաթղթերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում լիազոր մարմնի ներկայացուցիչներին պատվիրատուի և (կամ) գործակալության մոտ ուսումնասիրելու այդ փաստաթղթերը:
V. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների`
1) հետ կապված բողոքները քննարկում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը` օրենքով սահմանված կարգով: Բողոքի վերաբերյալ ընդունված որոշման պատճենը որոշման ընդունման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է լիազոր մարմին.
2) վերահսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը` կազմակերպության կանոնադրությամբ վերջինիս վերապահված վերահսկողության լիազորության սահմաններում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման, պետության հիմնարկների, պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման պայմանները սահմանում է տվյալ կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
2. Գնումը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե գնման պայմանագիրը կնքվում, գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում և օգտագործվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս:
3. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
ԼՂՀ կառավարության
«22» հուլիսի 2009թ. թիվ 457-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություն
2. Բնական գազի մատակարարման ծառայություն
3. Խմելու ջրի մատակարարման ծառայություն
4. Ոռոգման ջրի մատակարարման ծառայություն
5. Տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարման ծառայություն
6. Ջրահեռացման ծառայություն
7. Կեղտաջրերի մաքրման ծառայություն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |