ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"21" դեկտեմբերի 2004թ. |
N 507 |
ք.Ստեփանակերտ
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. դեկտեմբերի 21-ի
թիվ 507 որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը (այսուհետ` մահվան պատճառական կապ) որոշելու կարգը:
2. Մահվան պատճառական կապը որոշում են մահացածի վերջին հաշվառման վայրն սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինը (այսուհետ` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) և կառուցվածքային ստորաբաժանումը: Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը: Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը սահմանելու համար բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը,
գ) մահվան վկայական,
դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների և խեղումների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը,
ե) բժշկական քարտ (առկայության դեպքում):
3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի ղեկավարն ուսումնասիրում է ներկայացված դիմումը, պարզում սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի առկայությունը և մեկշաբաթյա ժամկետում նշանակում բժշկասոցիալական փորձաքննության վայրը, օրը և ժամը` դրա մասին տեղեկացնելով դիմումատուին:
4. Ներկայացված փաստաթղթերի և հաշմանդամության սահմանման մասին բժշկասոցիալական փորձաքննության ակտի (առկայության դեպքում) հիման վրա, մանրակրկիտ վերլուծությունից հետո, հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության, կամ ռազմաճակատում գտնվելու, կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ, և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում սահմանված ձևի տեղեկանք:
5. Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները գրանցվում են բժշկասոցիալական փորձաքննության ակտում և համապատասխան գրանցամատյանում, որոնք ստորագրում են բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետները և վավերացնում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կնիքով:
6. Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում այն կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով: Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալիս` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահը փաստաթղթերը` դիմումի հետ միասին, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, որը կառուցվածքային ստորաբաժանման միջոցով` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իրականացնում է վերափորձաքննություն և ընդունում որոշում:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |