ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2014թ. |
N 262-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 539 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանելու մասին» N 539 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 25-ի N 262-Ն որոշման |
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին) հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող, այդ թվում` առաջարկվող աշխատանքի վայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները:
2. Տարածքային մարմնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային մարմնի կողմից առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության պայմանները բնութագրող չափանիշներն են`
1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեկուկես չափը գերազանցող վարձատրություն` «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, այդ մասնագիտությամբ (որակավորմամբ) առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձի համար, ով անցել է մինչև վեց ամիս ժամկետով` տարածքային մարմնի կողմից կազմակերպված մասնագիտական կամ վարպետային ուսուցում.
2) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձանց համար:
3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում` մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կրթության և որակավորման համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի N 18-Ն հրամանով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղմունքների դասակարգիչը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի N 19-Ն հրամանով հաստատված աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դասակարգիչը.
3) Համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունենալու վերաբերյալ կրթական հաստատության կողմից տրված վկայականը:
4. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային մարմնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային մարմնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե`
1) այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին.
2) այդ աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |