ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9, 11, 18, 19, 21 և 22 հոդվածներին համապատասխան ԼՂ Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2006 N 539)
բ) զանգվածային ազատումների չափանիշները և զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման հետ կապված նրանց հնարավոր վնասների մասնակիորեն փոխհատուցման կարգը` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի.
գ) գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացած գործազուրկ անձանց, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց դրամական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն սույն որոշման թիվ 3 հավելվածի.
դ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգը (կցվում է):
ե) հաշմանդամների առանձին մասնագիտացված ձեռնարկություններ հիմնելու, նրանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու կարգը (կցվում է):
2. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները (կցվում է):
3. Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «գ» կետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների փաստացի մուտքերից մինչև 8 տոկոս հատկացնում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի հունիսի 16-ի թիվ 230 և հուլիսի 30-ի թիվ 258 որոշումները:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության 1998 թվականի
«4» փետրվարի թիվ 20 որոշման |
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(Հավելված թիվ 1-ը խմբ. 26.01.2005 N 31, ուժը կորցրել է 31.10.2006 N 539)
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության 1998 թվականի
«4» փետրվարի թիվ 20 որոշման |
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Աշխատողների զանգվածային ազատում է համարվում`
ա) գործատուի լուծարման կապակցությամբ աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության դադարեցումը.
բ) աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման դեպքում մեկ օրացուցային ամսվա ընթացքում տվյալ գործատուի վարձու աշխատողների ընդհանուր թվակազմի առնվազն 8 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 5 աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության դադարեցումը:
2. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները «Բնակչության զբաղվածության մասին» ԼՂ Հանրապետության օրենքի 19 հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետներում կասեցվում են սոցապահովության համապատասխան մարմնի կողմից:
3. Եթե գործատուն ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային ազատումների մասին ժամանակին ծանուցել է սոցապահովության համապատասխան մարմնին, ապա զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուի ընդունած որոշման կասեցման դեպքում «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19 հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն սոցապահովության համապատասխան ծառայությունը գործատուի հնարավոր վնասները փոխհատուցում է 25 տոկոսի չափով:
ԼՂ Հանրապետության կառավարությունը որոշ դեպքերում կարող է ցուցաբերել առանձին մոտեցում:
4. Սոցապահովության համապատասխան մարմինը աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման մասին գրավոր տեղեկացնում է գործատուին` նշելով կասեցման ժամկետը:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության 1998 թվականի
«4» փետրվարի թիվ 20 որոշման |
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԶԲԱՂՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգին համապատասխան դրամական օգնություն է տրվում գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացած գործազուրկ անձանց, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց, որոնց ընտանիքներում դրամական օգնության համար սոցապահովության տարածքային, շրջանային կենտրոն դիմելու պահին չկան զբաղված անձինք (բացառությամբ սովորող և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց):
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձանց տրվում է ամենամսյա դրամական օգնություն` գործազրկության բազային նպաստի 30 տոկոսի չափով, 5 ամիս ժամկետով` ցանկացած 12-ամսյա ժամանակաշրջանի համար:
Եթե սույն կետում թվարկած անձինք ունեն մինչև 16 տարեկան երեխաներ, ապա յուրաքանչյուր երեխայի հաշվով դրամական օգնության չափն ավելացվում է գործազրկության բազային նպաստի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 տոկոսով:
3. Դրամական օգնության համար դիմող անձը սոցապահովության տարածքային, շրջանային կենտրոն պետք է ներկայացնի.
ա) դիմում,
բ) տեղեկանք ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում են նրանց անունը, ազգանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը,
գ) տեղեկանք զինկոմիսարիատից ընտանիքի անդամի ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում,
դ) երեխաներ ունենալու դեպքում` ծննդյան վկայականների պատճենները,
ե) տեղեկանք` 16-ից բարձր տարիքի ընտանիքի անդամների սովորելու դեպքում:
4. Սոցապահովության տարածքային, շրջանային կենտրոնը սույն կարգին համապատասխան դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց դիմումներն ընդունում է մինչև տվյալ ամսվա 15-ը, իսկ դրամական օգնություն տալու վերաբերյալ որոշում է ընդունում մինչև տվյալ ամսվա վերջը:
5. Դրամական օգնությունը տրվում է հաջորդ ամսվա 1-ից և վճարվում գործազրկության նպաստի վճարման համար սահմանված կարգով:
6. Տարածքային, շրջանային կենտրոնը դրամական օգնություն ստանալու մասին դիմումը կարող է մերժել, եթե ներկայացված փաստաթղթերում կան կեղծ կամ սխալ տեղեկություններ:
7. Տարածքային, շրջանային կենտրոնը դրամական օգնության վճարումը կասեցնում կամ դադարեցնում է գործազրկության նպաստի վճարման կասեցման կամ դադարեցման համար սահմանված հիմքերով:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. 4 փետրվարի
թիվ 20 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկին սոցապահովության տարածքային, շրջանային (այսուհետև տարածքային մարմին) կողմից կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները`
ա) գործազուրկին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի, ձեռնարկների, թերթերի և այլ գրականության տրամադրում.
բ) տեղեկատվության տրամադրում`
ձեռնարկատիրության զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունների (ձեռնարկատերերի միություններ, ասոցիացիաներ, ձեռնարկատիրությանն աջակցող կենտրոններ և այլն), ինչպես նաև դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ.
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ մասնագիտական և շուկայական տնտեսության հիմունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունների և պայմանների վերաբերյալ:
2. Գործազուրկի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելու հետ կապված ծախսերը մասնակիորեն անհատույց փոխհատուցվում են մեկ անգամ` դրամական միջոցների միանվագ վճարման ձևով:
3. Տարածքային մարմինը ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն և կարողություն ունեցող գործազուրկի հետ կնքում է պայմանագիր` համաձայն սույն կարգի հավելվածի:
4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործազուրկին միանվագ տրամադրվում են միջոցներ` գործազրկության բազային նպաստի ութսունապատիկի չափով:
5. Տարածքային մարմինների երաշխավորագրերով աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի հաշվով (բայց 5 մարդուց ոչ ավելի) ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող գործազուրկին տրամադրվում են միջոցներ` գործազրկության բազային նպաստի քսանապատիկի չափով: Նշված գումարը տրամադրվում է տարածքային մարմինների կողմից` գործուղվող անձի հետ լրիվ աշխատանքային օրով, բայց ոչ պակաս, քան 12 ամիս ժամկետով` աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում:
6. Սույն կարգում նշված նպատակներով գործազուրկին ԼՂ Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից տրամադրվում են անհատույց միջոցներ` տարածքային մարմնի որոշմամբ:
7. ԼՂ Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից միջոցները տրամադրվում են, եթե, սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանագրից բացի, տարածքային մարմին լրացուցիչ ներկայացվում են`
ա) տեխնիկատնտեսական գործունեության հիմնավորման (բիզնես-ծրագրի) վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը` տրված տեղական համաձայնեցման կոմիտեի կողմից.
բ) ձեռնարկության պետական գրանցման կամ անհատ ձեռներեցի վկայականի պատճենը.
գ) ձեռնարկության, անհատ ձեռներեցի հաշվի համարը, սպասարկող բանկի հասցեն և ռեկվիզիտները:
8. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով գործազուրկին միջոցները տրամադրվում են տարածքային մարմնի կողմից` ձեռնարկության հաշվին համապատասխան փոխանցում կատարելու միջոցով:
9. Գործազուրկին անհատույց միջոցներ տրամադրելու օրվանից դադարեցվում է նրան գործազրկության նպաստի (եթե նա նպաստառու է) և դրամական օգնության վճարումը, ինչպես նաև սահմանված կարգով դադարեցվում է նրա գործազուրկի կարգավիճակը, և նա հանվում է հաշվառումից:
10. Տարածքային մարմինը վերահսկողություն է սահմանում սույն կարգին համապատասխան պայմանագիր կնքած գործազուրկին ձեռնարկատիրական գործունեության համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
| |
Հավելված
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգի |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ______
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկին աջակցելու մասին
Կնքված «-----» -------------------- 199 թ.
ԼՂ Հանրապետության սոցապահովության տարածքային, շրջանային մարմինը (այսուհետև
տարածքային մարմին), ի դեմս
__________________________________________________________________________ - ի
(տարածքային մարմնի անվանումը)
տնօրենը __________________________________________________________________ - ի
(անուն, ազգանուն)
ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող գործազուրկը (այսուհետև`
անձ) _______________________________________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
___________________________________________________________________________
(հաշվառման քարտի N -------, անձնագրի սերիան -------, համարը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Կողմերի պարտավորությունները
1. Անձը պարտավորվում է.
ա) պետական լիազորված մարմիններում գրանցել ձեռնարկությունը, ստանալ անհատ ձեռներեցի վկայականը (ընդգծել):
______________________________________________________________________________
(ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը, անվանումը ըստ
______________________________________________________________________________
կանոնադրության գործունեության հիմնական տեսակի)
բ) տարածքային մարմնի երաշխավորագրերով իր մոտ աշխատանքի տեղավորել ընդամենը
_______________________ անձի,
(թվերով և տառերով)
գ) տարածքային մարմնի պահանջով ներկայացնել հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին,
դ) ԼՂ Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից տրամադրված միջոցներն օգտագործել միայն ձեռնարկատիրական գործունեության նպատակների համար,
ե) սույն պայմանագրի գործողության ընթացքում տարածքային մարմնի հետ համաձայնեցնել տեխնիկատնտեսական հիմնավորումից (բիզնես-ծրագրից) շեղումներն ու փոփոխությունները,
զ) տարածքային մարմնին տեղեկացնել նրա երաշխավորագրերով ընդունված անձանց հետ աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ լուծման մասին` ազատման հրամանն արձակելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
2. Տարածքային մարմինը պարտավորվում է.
ա) ձեռնարկության հաշվին փոխանցել ________________________ դրամ,
(թվերով և տառերով)
որից ______________________________________________________ դրամը
(թվերով և տառերով)
որպես դրամական աջակցություն, ____________________________ դրամը
(թվերով և տառերով)
և ______________________ դրամը որպես լրավճար` տարածքային մարմնի
(թվերով և տառերով)
երաշխավորագրերով աշխատանքի ընդունվող հետևյալ (____________________ մարդ)
գործազուրկների համար` (թվերով և տառերով)
|
Գործազուրկի անունը,
ազգանունը |
Երաշխավորագրի
համարը |
Աշխատանքային
պայմանագրի համարը |
| 1. ____________________ |
______________________ |
____________________________ |
| 2. ____________________ |
______________________ |
____________________________ |
| 3. ____________________ |
______________________ |
____________________________ |
| 4. ____________________ |
______________________ |
____________________________ |
| 5. ____________________ |
______________________ |
____________________________ |
բ) նշված գումարը փոխանցվում է սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
2. Կողմերի պատասխանատվությունը
3. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Անձի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում տնօրենը կարող է լուծել սույն պայմանագիրը և ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ գանձել տրամադրված միջոցները:
3. Եզրափակիչ դրույթներ
5. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են ԼՂ Հանրապետության գործող օրենսդրությամբ:
6. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից և պահվում է պայմանագիրը կնքող կողմերի մոտ:
7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կողմերի իրավաբանական հասցեները`
Տարածքային մարմինը _________________________________________________________
(անվանումը)
_____________________________________________________________________________
(հասցեն, հաշվի համարը)
Տնօրեն_______________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
«-------» ------------------- 199 թ.
Անձ _________________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_____________________________________________________________________________
(հասցեն, անձնագրի համարը, սերիան)
«--------» ----------------------- 199 թ.
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. 4 փետրվարի
թիվ 20 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. Աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և հատուկ մասնագիտական ուսուցման, խորհրդատվության, աշխատանքի վերականգնման և սոցիալական աջակցության կարիք ունեցող աշխատանք փնտրող հաշմանդամներին լրացուցիչ երաշխիքներ ցույց տալու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով սոցապահովության տարածքային, շրջանային մարմինները (այսուհետև` տարածքային մարմին) մշակում են հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրեր` ելնելով աշխատաշուկայի իրավիճակի վերլուծությունից և կանխատեսումից:
2. Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով տարածքային մարմինները, անհրաժեշտության դեպքում գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ հիմնում են առանձին մասնագիտացված ձեռնարկություններ (առանձնացված ստորաբաժանումներ), որոնք լուծում են հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, նրանց ուսուցման կազմակերպման և աշխատանքի վերականգնման խնդիրները:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են ԼՂ Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համատեղ հաստատված նախահաշվի հիման վրա` այդ նպատակով նախատեսված ԼՂ Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցներից:
4. Տարածքային մարմինները ԼՂ Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ու համայնքների բյուջեների հաշվին, անհրաժեշտության դեպքում, կարող են պայմանագրային հիմունքներով կազմակերպել հաշմանդամների աշխատանքի վերականգնումը և մասնագիտական ուսուցումը` առանձին ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում:
5. Հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրերի իրագործման վերահսկողությունն իրականացնում են ԼՂ Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. փետրվարի 4-ի
թիվ 20 որոշմամբ |
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները
1. Վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտներն են համարվում աշխատանքային գործունեության այն բնագավառները, որտեղ, որպես կանոն, չի պահանջվում աշխատողների մասնագիտական նախնական պատրաստվածություն:
2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, պուրակների, մայթերի, սիզամարգերի բարեկարգման և ծառատնկման աշխատանքները.
բ) սոցիալական ոլորտի օբյեկտների կառուցման և նորոգման օժանդակ աշխատանքները.
գ) ճանապարհների, ջրատարների, ջրանցքների կառուցման, կոյուղու, գազի և այլ հաղորդակցման ուղիների ու միջոցների անցկացման առանձին օժանդակ շինարարական աշխատանքները.
դ) հատապտուղների հավաքման և տեսակավորման աշխատանքները.
ե) ծերերի, հաշմանդամների և հիվանդների խնամքը.
զ) գյուղատնտեսական աշխատանքները.
է) աշխատանքային գործունեության այլ մատչելի տեսակները:
3. Վարձատրվող հասարակական աշխատանքներին աշխատանք փնտրող անձանց մասնակցությունն իրականացվում է նրանց համաձայնությամբ` առաջնությունը տալով այն գործազուրկներին, որոնք չեն ստանում գործազրկության նպաստ և կարիք ունեն սոցիալական պաշտպանության ու նյութական օժանդակության:
4. Վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարողների և գործատուների միջև սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր:
5. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու գործուղում տալիս են սոցապահովության տարածքային, շրջանային մարմինները (այսուհետև` տարածքային մարմին):
6. Տարածքային մարմինները, ըստ ոլորտների, վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկելու համար, գործատուներից այդ աշխատանքների ծավալների ու կատարման ժամկետների մասին ստացված հայտերի համաձայն, կազմակերպում են աշխատուժի հավաքագրում:
7. Գործազրկության նպաստի իրավունք ունեցող անձը վարձատրվող հասարակական աշխատանքների ընթացքում ստանում են նաև գործազրկության նպաստ:
8. Վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարող անձանց վարձատրությունը կատարվում է դրանք պատվիրող գործատուների միջոցների հաշվին: Վարձատրվող հասարակական աշխատանքների պատվիրատուներ կարող են լինել պետական, տարածքային կառավարման մարմինները, համայնքները և գործատուները:
Վարձատրվող հասարակական աշխատանքների տևողությունը սահմանված կարգով հաշվի է առնվում աշխատանքային ստաժի մեջ և գործատուի կողմից, սահմանված կարգով, այդ մասին նշում է կատարվում անձի աշխատանքային գրքույկում:
9. Վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարող անձանց վրա տարածվում է ԼՂ Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը, այդ թվում` վարձու աշխատողների համար սահմանված բոլոր երաշխիքները: