Համարը 
N 538
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.11.28/29(38)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.10.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.05.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հոկտեմբերի 2006թ.

N 538

ք.Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13,14,18-րդ կետերի, 18-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվությունների ձևերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. փետրվարի 4-ի «Բնակչության զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 20 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«31» հոկտեմբերի 2006թ.

թիվ 538 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են զբաղվածության տարածքային պետական մարմիններում (այսուհետ` տարածքային մարմին) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ՝ մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ՝

ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,

բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,

գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող ունկնդրի համար.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող ունկնդրի համար.

գ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`

ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,

բ) սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:

7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:

9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ և հաշմանդամ ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

10. Ունկնդրին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում, փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

12. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային մարմնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:

13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:

 

II. Մասնագիտական ուսուցման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին

 

14. Նախարարությունը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է հրապարակում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին:

15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային մարմնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:

16. Տարածքային մարմինը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:

17. Նախարարությունն իր իրավասության սահմաններում, տարածքային մարմիններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

18. Նախարարությունը պայմանագրի պատճենը տրամադրում է համապատասխան տարածքային մարմնին:

19. Տարածքային մարմինը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:

Տարածքային մարմնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:

20. Նախարարությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում ըստ ֆինանսավորման աղբյուրների կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

21. Հիմնադրամը մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:

 

III. Մասնագիտական ուսուցման իրականացումն այլ միջոցների հաշվին

 

22. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է նախարարություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:

23. Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր: Պայմանագրի պատճենը եռօրյա ժամկետում տրամադրվում է տարածքային մամնին:

24. Տարածքային մարմինը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:

25. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային մարմին է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:

 

IV. Հաշվետվությունը

 

26. Տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան