ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2014թ. |
N 261-Ն |
ք. Ստեփանակերտ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 538 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող՝ աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 538 որոշումը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագրի և ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 25-ի N 261-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական ուսուցման նպատակն է՝ ունկնդրին աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։
3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:
4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`
1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց.
2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց.
3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:
5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) օրենքով չարգելված այլ միջոցներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`
1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից.
2) սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:
7. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել երեք ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` վեց ամիսը:
9. Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 164 որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:
10. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի պետական բյուջեում կամ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:
11. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային մարմնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` տրվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:
12. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:
II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
13. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային մարմնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`
1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.
2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:
14. Տարածքային մարմինը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ, որի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):
15. Նախարարությունը, իր իրավասության սահմաններում, տարածքային մարմիններից ստացված հայտերի հիման վրա, կազմակերպում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
16. Նախարարությունը սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրի պատճենը տրամադրում է տարածքային մարմնին:
17. Տարածքային մարմինը պայմանագրի պատճենը ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր, որի ձևը սահմանում է նախարարը:
18. Տարածքային մարմնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում:
19. Կազմակերպությունը, սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում, նախարարություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ՝ վճարումները հավաստող փաստաթղթեր):
20. Նախարարությունը, սույն կարգի 19-րդ կետում նշված վճարումները հավաստող փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է նախարարը:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտ-պահանջագիրն ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:
22. Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԸ
23. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է նախարարության աշխատակազմը:
24. Մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման պայմանագրերով նախատեսված դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսը վճարվում են առևտրային բանկերի միջոցով` նախարարության աշխատակազմի կողմից, այդ անձանց մասնագիտական ուսուցմանն ընգրկվելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար` ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):
25. Կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսը անձին տրամադրվում են տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը նախարարության աշխատակազմին է տրամադրվում մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության կողմից, յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:
26. Սույն կարգի 25-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո նախարարության աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է նախարարը:
27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտ-պահանջագիրն ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման պայմանագրերով նախատեսված դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսի համար վճարվող գումարը:
28. Սույն կարգի 27-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո նախարարության աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է ուսուցման մեջ ընդգրկված անձի բանկային հաշվի համարին:
29. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով՝ ուսուցումն ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը հարաբերվում է ծրագիրն ավարտածների ընդհանուր թվին և արտահայտվում է տոկոսով: Աշխատանքից ազատվածների թվից հանվում է այն անձանց թիվը, որոնք աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում տեղավորվել են աշխատանքի: Ընդ որում, ծրագրի կայուն զբաղվածության համապատասխան չափորոշիչը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |