ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հոկտեմբերի 2006թ. |
N 538 |
ք.Ստեփանակերտ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13,14,18-րդ կետերի, 18-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվությունների ձևերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. փետրվարի 4-ի «Բնակչության զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 20 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» հոկտեմբերի 2006թ.
թիվ 538 որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(վերնագիրը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ` տարածքային մարմին) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ՝ մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց, երկարամյա ծառայության արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)
2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:
3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:
4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ՝
ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,
բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,
գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:
5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,
բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:
(5-րդ կետը խմբ. 29.01.2009 N 44-Ն)
6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`
ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,
բ) սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:
(6-րդ կետը փոփ. 29.01.2009 N 44-Ն)
7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:
(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 44-Ն)
8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:
9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ հաշմանդամ և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 44-Ն, փոփ., լրաց. 29.12.2011 N 1034-Ն)
9.1 Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է`
1) գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.
2) գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար:
(9.1-ին կետը լրաց. 29.12.2011 N 1034-Ն)
10. Ունկնդրին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում, փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:
11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:
12. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:
Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային մարմնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:
12.1 Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է սոցիալապես անապահով ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:
(12.1-ին կետը լրաց. 29.12.2011 N 1034-Ն)
13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:
II. Մասնագիտական ուսուցման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին
(վերնագիրը խմբ. 29.01.2009 N 44-Ն)
14. Նախարարությունը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է հրապարակում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին:
15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային մարմնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`
ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.
բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:
16. Տարածքային մարմինը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:
17. Նախարարությունն իր իրավասության սահմաններում, տարածքային մարմիններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
18. Նախարարությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է համապատասխան տարածքային մարմնին:
(18-րդ կետը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
19. Տարածքային մարմինը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:
Տարածքային մարմնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:
20. Ուսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում նախարարություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):
Նախարարությունը սույն կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:
(20-րդ կետը փոփ. 29.01.2009 N 44-Ն, խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:
Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:
(21-րդ կետը խմբ. 29.01.2009 N 44-Ն)
III. Մասնագիտական ուսուցման իրականացումն այլ միջոցների հաշվին
22. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է նախարարություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:
23. Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը, նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային մարմնին:
(23-րդ կետը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)
24. Տարածքային մարմինը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:
25. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային մարմին է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:
IV. Հաշվետվությունը
26. Տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման վերաբերյալ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |