ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
(վերնագիրը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Սույն օրենքը կարգավորում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, հանրահռչակման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, հուշարձանի պեղման, պատմական միջավայրի պահպանման իրավական հարաբերությունները:
(1-ին հոդվածը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 2. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը |
Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ և իրավական ակտեր:
(2-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 3. |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նպատակը և խնդիրները |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նպատակն է՝
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.
բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:
Սույն օրենքի հիմնական խնդիրներն են՝
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումը.
բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, օգտագործման, հանրահռչակման և հուշարձանների պեղման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.
գ) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.
դ) հուշարձանների՝ որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:
(3-րդ հոդվածը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 3.1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գիտական-գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցներ, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային ու բնապատմական արգելոցները, արգելոց-թանգարանները, հիշարժան վայրերը` անկախ պաշտպանվածության աստիճանից.
2) պատմամշակութային արգելոցներ` հատուկ պահպանվող տարածքներ, որոնք առանձնացվել են պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք ներկայացնող հուշարձանների, դրանց համակառույցների, համալիրների և հուշարձանախմբերի` իրենց շրջակա բնապատմական միջավայրում պահպանման, վերականգնման, օգտագործման, հետազոտման ու հանրահռչակման նպատակով.
3) բնապատմական արգելոցներ` հատուկ պահպանվող տարածքներ, որոնք առանձնացվել են պատմամշակութային և բնական անտարանջատելի ամբողջական տարածքային համալիրների պահպանման, վերականգնման, օգտագործման, հետազոտման ու հանրահռչակման նպատակով.
4) պատմական միջավայր` հուշարձաններին և դրանց պահպանական գոտիներին շրջապատող պատմականորեն ձևավորված միջավայր` կառուցապատում, բնական կամ արհեստական լանդշաֆտ, պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների վայրեր, նշանավոր գործիչներին առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ, հնագիտական շերտեր.
5) արգելոց-թանգարան` պատմամշակութային արգելոցի տարատեսակ, որի մեջ պատմամշակութային և բնական ժառանգության պահպանության համար կարևորություն ունեցող ճարտարապետական, պատմական և բնության (բնական) հուշարձաններից բացի ընդգրկված է նաև թանգարանային ցուցադրություն.
6) հուշարձանների պետական կադաստր` տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, ինչպես նաև այդ բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին.
7) հուշարձանի հետախուզում ու հնագիտական պեղում` հնագիտական և մշակութային շերտերի, հնագիտական հուշարձանների` դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական և գիտագործնական համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են հողային աշխատանքների կամ տարածքի վերգետնյա տեղազննության և այդ ընթացքում հայտնաբերված նյութական մնացորդների համակողմանի ուսումնասիրության ու վավերագրման միջոցով.
8) հուշարձանի տարածք` հուշարձանի ֆիզիկական, պատմականորեն ու գործնականորեն զբաղեցրած հողատարածք.
9) պատմական և մշակութային հողեր` պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասեր.
10) հուշարձանների տեղափոխում` հուշարձանների արժեքները պայմանավորող բոլոր տարրերի (հատվածների) տեղափոխում` մի այլ վայրում այն նույնությամբ վերականգնելու համար.
11) հուշարձանի հարմարեցում` ծավալատարածական, հատակագծային այնպիսի փոփոխություն, որը չի առաջացնում հուշարձանի կերպարի, հորինվածքի և արժեքավոր տարրերի էական աղճատում.
12) հուշարձանների պետական ցուցակ` ցուցակ, որում ընդգրկելով օբյեկտին՝ տրվում է անշարժ հուշարձանի կարգավիճակ.
13) հուշարձանի պահպանական գոտի` տեսողական, լանդշաֆտային, պատմական ու քաղաքաշինական միջավայրի պահպանության նկատառումներով հուշարձանի զբաղեցրած տարածք, որը տեղանքում առանձնացվում է հատուկ նշաններով.
14) պահպանական պարտավորագիր` սույն օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի կատարման պարտավորվածության մասին հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործողի հայտարարություն:
(3.1-ին հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 4. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտները |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով, դրանց շրջապատող պատմական միջավայրը՝ կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:
|
Հոդված 5. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտները |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.
գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.
դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, հանրահռչակման, հուշարձանի պեղման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
(5-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 6. |
Հուշարձանների դասակարգումը և արժևորումը |
(վերնագիրը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:
Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:
Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:
Հուշարձանների դասակարգումը և արժևորումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հուշարձանները արժևորվում են նաև ըստ բնույթի՝
ա) հնագիտական՝ քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.
բ) պատմական՝ պատմության և մշակութային նշանավոր իրադարձություններին և նշանավոր գործիչներին առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ.
գ) քաղաքաշինական և ճարտարապետական՝ պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.
դ) մոնումենտալ արվեստի՝ մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:
(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 6.1. |
Հուշարձանի դրամական գնահատումը |
Յուրաքանչյուր հուշարձան, անկախ սեփականության ձևից, ունի իր դրամական արժեքը: Հուշարձանները ենթակա են դրամական գնահատման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(6.1-ին հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 7. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության արգելումը: |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:
ԳԼՈՒԽ 2
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 8. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և շրջանային պետական ծրագրերը.
գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը.
ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ, արգելոց-թանգարաններ և հաստատում դրանց պայմանակարգերը.
զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և հանրահռչակման միջոցառումների իրականացմանը.
է) բացառիկ դեպքերում, այն է` հուշարձանի զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու կամ հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական նշանակության քաղաքաշինական, արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում թույլտվություն է տալիս հանրապետական ու տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման համար.
ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 9. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Լիազորված մարմինը՝
ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը.
գ) պետական վերահսկողություն է իրականացնում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.
զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.
է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
ը) կազմում, ներդնում և վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).
թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը.
ժ) առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ պատմամշակութային և բնապատմական արգելոց ստեղծելու վերաբերյալ.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության ապահովումը.
ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
ժդ.1) սույն օրենքի պահանջների խախտման կամ կանխարգելման համար պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառում է ներգործության և պատասխանատվության միջոցներ.
ժդ.2) մասնակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հուշարձանների սեփականության իրավունքի դադարեցման գործընթացին.
ժդ.3) մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.
ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 10. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները՝
ա) շրջանի տարածքում ապահովում են վերահսկողությունը հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
բ) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.
գ) միջոցներ են ձեռնարկում շրջանի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
դ) մասնակցում են շրջանի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:
(10-րդ հոդվածը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 11. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը.
բ) աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը.
գ) սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները.
դ) հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին.
զ) լիազորված մարմնի համաձայնությամբ՝ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան -շենքերը և շինությունները.
է) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
ը) ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում է հուշարձանների պահպանության պայմանագիր:
(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 3
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 12. |
Հուշարձանների պետական հաշվառումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման՝ անկախ սեփականության ձևից:
Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:
Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ:
|
Հոդված 13. |
Հուշարձանների պետական ցուցակների կազմումը և հաստատումը |
Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ և իրավական հիմք են հանդիսանում օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար:
Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված մարմնի ներկայացմամբ:
Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ հուշարձանի գտնվելու վայրի և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:
Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
|
Հոդված 14. |
Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և ցուցակներից օբյեկտ հանելը |
Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից օբյեկտ հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանը պետական ցուցակից կարելի է հանել միայն այն դեպքում, եթե բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ ամբողջովին ավերվել է և ենթակա չէ մասնակի կամ ամբողջական վերականգնման, կորցրել է պատմամշակութային ու գիտական արժեքը: Հուշարձանների պետական ցուցակում սահմանված կարգով նոր օբյեկտ ընդգրկելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր չէ:
(14-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 4
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
|
Հոդված 15. |
Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը |
Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է՝
ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.
բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.
գ) պատմամշակութային և բնապատմական արգելոցների ստեղծումը.
դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.
ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումը և վերահսկումը.
զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.
է) հուշարձանների պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.
ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:
(15-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 16. |
Հուշարձանների տարածքը, պահպանական գոտիները, դրանց կարգավիճակը և օգտագործման ռեժիմը |
Հուշարձանի տարածքը՝ իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:
Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:
Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել՝
ա) հուշարձանի պահպանության գոտին.
բ) կառուցապատման կարգավորման գոտին.
գ) լանդշաֆտի պահպանման գոտին.
Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային և բնապատմական նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:
Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև նրանց պահպանության գոտու և պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է:
Այդ հողերի ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 17. |
Պատմամշակութային, բնապատմական արգելոցները, արգելոց-թանգարանները, դրանց կարգավիճակը և գործունեության ռեժիմը |
(վերնագիրը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
(1-ին մասն ուժը կորցրել է 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Պատմամշակութային արգելոցը ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:
Պատմամշակութային և բնապատմական արգելոց ստեղծելու առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:
Պատմամշակութային և բնապատմական արգելոցի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատմամշակութային, բնապատմական արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքում գործում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ տարածքների համար նախատեսված ռեժիմները և սահմանափակումները:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 18. |
Բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը |
Բնության հատուկ պահպանվող տարածքներում հուշարձանների պահպանությունն ապահովում են այդ տարածքները տնօրինող պետական մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված տարածքների սահմաններում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
|
Հոդված 19. |
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծերի համաձայնեցումը |
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով, և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից՝ կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:
Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանքները կազմում է լիազորված մարմինը և սահմանված կարգով հաստատում պետական կառավարման տարածքային մարմնի հետ համատեղ:
|
Հոդված 20. |
Նորահայտ հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը |
Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցվելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 21. |
Հուշարձանների քանդման արգելումը: Հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը |
Հուշարձանների քանդումը արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:
|
Հոդված 22. |
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ աշխատանքների համար հողի հատկացումները, նախագծերի համաձայնեցումը և այդ աշխատանքների ընթացքում հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովումը |
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ՝ հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում՝ տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
|
Հոդված 23. |
Հասարակայնության աջակցությունը հուշարձանների պահպանության և օգտագործման աշխատանքներին |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մասնակցությամբ, նախաձեռնությամբ, հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանսական և նյութատեխնիկական օգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, պեղման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման աշխատանքներին: Կարող են ներկայացնել և քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մասնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր:
(23-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 5
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
|
Հոդված 24. |
Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների նպատակները |
Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են.
ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և գիտության և այլ բնագավառներում՝ գիտության զարգացման նպատակով.
բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքում՝ տեղափոխելու նպատակով.
գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու և իրականացնելու նպատակով.
դ) հուշարձանների հնագիտական ժառանգության ուսումնասիրությունը դաշտային հետազոտությունների, հետախուզումների, պեղումների, ինչպես նաև կամերալ աշխատանքների միջոցով իրականացնելու նպատակով:
(24-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 25. |
Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումների թույլտվություն տալիս է լիազորված մարմինը՝ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:
Լիազորված մարմնին է վերապահվում հնագիտական պեղումների վերաբերյալ տեղեկույթի առաջին պաշտոնական հրապարակումը:
(25-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 26. |
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը |
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված մարմնի ներկայացմամբ:
|
Հոդված 27. |
Հնագիտական պեղումներ ձեռնարկողը |
Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձինք, եթե այդ աշխատանքներին համատեղությամբ կամ պայմանագրային կարգով մասնակից է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ ձեռնարկող սուբյեկտ:
(27-րդ հոդվածը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 28. |
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը |
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու համար թույլտվություն (բաց թերթիկ) ունեցող մասնագետն է:
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանությունը և անվթարությունն ապահովելու համար:
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո երկու տարվա ընթացքում հայտնաբերված թանգարանային և գիտական արժեք ներկայացնող բոլոր գտածոները հանձնում է լիազորված մարմնին:
(28-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 29. |
Հնավայրի ամբողջական պեղման անթույլատրելիությունը |
Անթույլատրելի է հնավայրի՝ բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մասը անհրաժեշտ է պահպանել հաջորդ սերունդների՝ առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրությունների համար:
Բացառություն են կազմում այն հնավայրերը, որոնք բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուսափելի և արագ ոչնչացման:
ԳԼՈՒԽ 6
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
|
Հոդված 30. |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակները |
Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:
Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է՝ առանց հուշարձանի տեսքի փոփոխության:
Նորոգում է համարվում նաև հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից օգտագործման համար:
Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացումն է՝ փաստագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:
Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերաստեղծումը՝ հուշարձանի ամբողջացման նպատակով:
Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
|
Հոդված 31. |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուները |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների սեփականատերերը և օգտագործողները:
Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատու կարող են լինել լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
(31-րդ հոդվածը փոփ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 32. |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնողները |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն:
(32-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 33. |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների դադարեցումը |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով կամ, եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերսկսվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո:
Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը և պետական կառավարման տարածքային մարմինը՝ տեղյակ պահելով լիազորված մարմնին:
ԳԼՈՒԽ 7
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
|
Հոդված 34. |
Սեփականության հարաբերությունների կարգավորումը հուշարձանների նկատմամբ |
Հուշարձանների նկատմամբ սեփականության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
|
Հոդված 35. |
Պետական սեփականություն համարվող հուշարձանները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունն են:
Պետական պատմամշակութային և բնապատմական արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, սահմանվում է օրենքով:
(35-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 36. |
Հուշարձանի սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները |
(վերնագիրը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձանի սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող հուշարձանը տնօրինել, տիրապետել և օգտագործել իր հայեցողությամբ, կատարել նրանում սույն օրենքին և այլ օրենքներին չհակասող գործողություններ:
Հուշարձանի սեփականատերը պարտավոր է՝
ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ տեղական ինքնակառավարման մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունը ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ նախապես համաձայնեցնելով դրանց նախագծերը լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին։
(36-րդ հոդվածը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 37. |
Հուշարձանների օտարումը |
Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերը այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:
Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:
|
Հոդված 37.1. |
Պետական սեփականություն չհամարվող հուշարձանների գնման նախապատվությունը |
Պետական սեփականություն չհանդիսացող հուշարձանների օտարման դեպքում գնման նախապատվությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
(37.1-ին հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 37.2. |
Հուշարձանի հետ վերցնելը կամ սեփականության իրավունքից զրկումը |
Սեփականատիրոջը հուշարձանի սեփականության իրավունքից զրկումը կատարվում է դատական կարգով` պետության կողմից դատարանի սահմանած գինը հատուցելու միջոցով, եթե հուշարձանի սեփականատերը իր գործողություններով կամ անգործությամբ նպաստում է հուշարձանի քանդմանը կամ պահում է անտնտեսվար, որը սպառնում է դրանց նշանակության կորստին:
Եթե հուշարձանը հանդիսանում է սեփականատիրոջ բնակության վայրը, ապա նրան տրամադրվում է այլ համարժեք փոխհատուցում:
Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և այլ արտակարգ իրավիճակներում հուշարձանները կարող են լիազորված մարմնի որոշմամբ վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):
Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված հուշարձանի արժեքի հատուցման գնի չափը:
Սեփականատերը, ում պատկանող հուշարձանը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի հուշարձանը վերադարձնելու պահանջ ներկայացնել, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:
(37.2-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 8
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
|
Հոդված 38. |
Հուշարձանների օգտագործման հիմնական նպատակները |
Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական և հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:
Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվեն դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցությամբ:
Բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին և միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդ-շեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները և այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաև դրանց առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները:
Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը:
|
Հոդված 39. |
Հուշարձանների օգտագործման տրամադրումը |
Հուշարձաններն օգտագործման է տրամադրում դրանց սեփականատերը կամ օգտագործողը՝ կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաև հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեսված է վարձակալական պայմանագրով:
Հուշարձանն օգտագործման է տրամադրվում իր տարածքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանը ենթավարձակալության տրամադրելիս` ենթավարձակալի կողմից լիազորված պետական մարմնին տրամադրվում է հուշարձանի պահպանական պարտավորագիր:
(39-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 40. |
Հուշարձանների օգտագործման իրավունքի դադարումը |
Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Այդ պայմանները չկատարելու դեպքում՝
ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:
Օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե երեք տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով:
|
Հոդված 41. |
Հուշարձանների հանրահռչակումը, օգտագործումը գովազդային և զբոսաշրջիկության նպատակներով |
(վերնագիրը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
Հուշարձանի հանրահռչակումը կատարվում է հուշարձանների պետական ցուցակների հրապարակման, տեղեկատվական վահանակների, տարբերակիչ նշանների տեղադրման և այլ տեղեկությունների հրապարակման միջոցով:
Լիազորված մարմինը հուշարձանի համալիրներում և առանձին հուշարձանների մոտ տեղադրում է միասնական նմուշով պատրաստված տեղեկատու ցուցանակներ:
Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ, իսկ պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների դեպքում` լիազորված մարմնի համաձայնությամբ:
Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ, պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների դեպքում` լիազորված մարմնի հետ:
Գովազդի և զբոսաշրջության նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(41-րդ հոդվածը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 9
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
|
Հոդված 42. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում է՝
ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով.
բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով.
գ) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.
դ) օրենքով չարգելվող այլ միջոցների հաշվին:
|
Հոդված 43. |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական ֆինանսավորումը |
Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են՝
ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու և քարոզչական աշխատանքները.
բ) պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության ապահովման՝ ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանսավորվում են նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման՝ ամրակայման և վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:
ԳԼՈՒԽ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
|
Հոդված 44. |
Պատասխանատվությունը հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար |
Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման՝ օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման՝ օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 45. |
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը |
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցել պատճառած վնասները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 45.1. |
Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը |
1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:
2. Լիազորված մարմնի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վարույթ հարուցել և դրա առանձին փուլեր իրականացնելու լիազորություններ վերապահել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կամ իր կողմից ստեղծած հանձնաժողովին:
3. Վարչական ակտի դեմ բերված բողոքները քննելու նպատակով լիազորված մարմնի ղեկավարը կարող է ստեղծել հանձնաժողով:
(45.1-ին հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 45.2. |
Կարգադրագիրը |
1. Կարգադրագիրը լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորության շրջանակներում ընդունած իրավական ակտ է` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում սույն օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև սույն օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը:
2. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրով սահմանվում է թույլ տված խախտումների վերացման, ինչպես նաև սույն օրենքի այլ պահանջների կատարման ապահովման ողջամիտ ժամկետ:
3. Կարգադրագրի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրում նշված պահանջները և այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին:
5. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերը կարող են վիճարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Պաշտոնատար անձանց տրված կարգադրագրի մասին միաժամանակ տեղեկացվում է նրա անմիջական ղեկավարը:
7. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրի պահանջների չկատարումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Տուգանք նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նույն կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չկատարելը յուրաքանչյուր անգամ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
8. Կարգադրագրի պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելը պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց չի ազատում կարգադրագրի պահանջները կատարելու պարտականությունից:
9. Կարգադրագրի գործողությունը դադարեցվում է`
1) լիազորված մարմնի ղեկավարի կողմից` պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումով, եթե այն չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.
2) կարգադրագիրը տված լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից` պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումով, կարգադրագրի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
(45.2-րդ հոդվածը լրաց. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 11
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(11-րդ գլուխը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 46. |
Միջազգային համագործակցությունը հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառում |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համագործակցում է հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառի միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ՝ համաձայն միջազգային պայմանագրերի:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրով սահմանված են հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունը իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:
(11-րդ գլուխը խմբ. 25.04.2013 ՀՕ-14-Ն)
ԳԼՈՒԽ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 47. |
Օրենքի ուժի մեջ մտնելը: |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 մայիսի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-59 |
|