Համարը 
ՆՀ-1792-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
13.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ

ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:

2. Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:

3. Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:

4. Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

5. Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ (այսուհետ` Օպերատիվ շտաբ):

6. Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին (այսուհետ` Շտաբի պետ):

7. Շտաբի պետին՝

1) հաստատել Օպերատիվ շտաբի անհատական կազմը.

2) անհրաժեշտության դեպքում միջոցառումների իրականացմանը և սահմանափակումների կիրառմանը ներգրավել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների, ինչպես նաև պետական այլ մարմինների և կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ներկայացուցիչների, քաղաքացիական անձանց։

8. Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

9. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:

10. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ ուժեղացված հսկողություն իրականացնել անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ:

11. Օպերատիվ շտաբին՝ վերահսկողություն իրականացնել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի կիրառման նկատմամբ:

12. Օպերատիվ շտաբի աշխատանքների սպասարկման ապահովումը վերապահել Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմին և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը:

13. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 13

Ստեփանակերտ

ՆՀ-1792-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական