ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
|
Հոդված 2. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև այլ իրավական ակտեր:
|
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այդ թվում` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների վրա:
(3-րդ հոդվածը փոփ. 14.09.2005 ՀՕ-221)
Գ Լ Ո Ւ Խ 2
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
|
Հոդված 4. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթևեկելու համար երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (այդ թվում` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) բուսական յուղի և կշռովի բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի և կվասի վաճառքի.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշների և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) նոտարական և փաստաբանական ծառայությունների իրականացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`
ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,
- բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,
- ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,
- 10 մ2 առևտրական տարածքը գերազանցող խանութների (բացառությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- հյուրանոցային ծառայությունների մատուցում,
- սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,
- դեղատնային գործունեություն,
- վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.
ա1) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտի համար`
- արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն.
բ) 2006 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումը և պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,
- մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
- հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
- գեղեցկության սրահների կազմակերպում.
գ) 2007 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- 10 մ2 առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների և տաղավարների (բացառությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10 մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10 մ2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.
ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:
Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը:
(4-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
|
Հոդված 5. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները |
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
|
Հոդված 6. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`
ա) սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի կողմից գրանցված և կապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:
Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:
(6-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
|
Հոդված 7. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները |
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`
ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.
բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:
|
Հոդված 8. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը վարում է կիրառման համար թույլատրվող հսկիչ‑դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
|
Հոդված 9. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը |
1. Հարկային մարմինը`
ա) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.
բ) իրականացնում է կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.
գ) ստուգում է հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
դ) անցկացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.
ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում է տուգանքներ.
զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հատուկ ֆոնդ, որի միջոցները ծախսվում են`
ա) հսկիչ գնումների ֆինանսավորման համար.
բ) սույն հոդվածով սահմանված հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման համար:
Սույն կետում նշված ֆինանսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
Գ Լ Ո Ւ Խ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հոդված 10. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար |
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:
(10-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221)
|
Հոդված 11. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը |
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համապատասխան որոշման հիման վրա:
Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ գործունեության այդ մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկների իրականացման համար սույն մասով նախատեսված տուգանքները չեն կիրառվում:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում՝ կրկնապատկվում է:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 12. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի է մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-168 |
|