ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 922 |
ք.Ստեփանակերտ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ վարձու աշխատողի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով թաղման նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հաստատել թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» և «Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին) քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 350 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 922 որոշման |
ԿԱՐԳ
ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի (այսուհետ՝ վարձու աշխատող) մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ (այսուհետ` թաղման նպաստ) վճարելու հետ կապված հարաբերությունները:
2. Թաղման նպաստը վճարվում է վարձու աշխատողի գործատուի կողմից՝ տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճար) հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն թաղման նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, որը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից (այսուհետ՝ պետական բյուջե)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 395 որոշմամբ սահմանված կարգով: Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուի կողմից թաղման նպաստը վճարվում է իր միջոցների հաշվին, որը պետական բյուջեից չի փոխհատուցվում:
3. Թաղման նպաստ վճարվում է անկախ վարձու աշխատողի ապահովագրական ստաժի տևողությունից և մահվան պատճառից:
4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում միայն մեկ գործատուի կողմից՝ հուղարկավորությունը կատարած անձի ընտրությամբ:
5. Օրենքով սահմանված կարգով պետական կենսաթոշակ նշանակված վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում:
6. Թաղման նպաստ վճարելու համար հուղարկավորությունը կատարած անձը վարձու աշխատողի գործատուին է ներկայացնում գրավոր դիմում, ինչպես նաև.
1) անձնագիրն ու դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը),
2) վարձու աշխատողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը),
3) տեղեկանք հուղարկավորությունը կատարելու մասին:
(6-րդ կետը խմբ. 26.01.2010 N 23-Ն)
7. Ներկայացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ՝
1) փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իuկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում,
2) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «Թաղման նպաստը վճարված է» գրառումը, թվագրվում և ստորագրվում:
8. Թաղման նպաստը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են վարձու աշխատողի մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում:
9. Թաղման նպաստը վճարվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ աշխատավարձի վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
10. Գործատուի՝ թաղման նպաստին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
11. Սույն կարգը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:
(հավելվածը խմբ. 26.01.2010 N 23-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |