Համարը 
N 922
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/36(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.05.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» դեկտեմբերի 2008թ.

N 922

 ք.Ստեփանակերտ

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ վարձու աշխատողի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով թաղման նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հաստատել թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» և «Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին) քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 350 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«23» դեկտեմբերի 2008թ.

թիվ 922 որոշման

 

 

ԿԱՐԳ

ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի (այսուհետ՝ վարձու աշխատող) մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ (այսուհետ` թաղման նպաստ) վճարելու հետ կապված հարաբերությունները:

2. Թաղման նպաստը վճարվում է վարձու աշխատողի գործատուի կողմից՝ տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճար) հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն թաղման նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, որը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից (այսուհետ՝ պետական բյուջե)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն որոշմամբ սահմանված կարգով: Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուի կողմից թաղման նպաստը վճարվում է իր միջոցների հաշվին, որը պետական բյուջեից չի փոխհատուցվում:

(2-րդ կետը փոփ. 14.03.2012 N 111-Ն)

3. Թաղման նպաստ վճարվում է անկախ վարձու աշխատողի ապահովագրական ստաժի տևողությունից և մահվան պատճառից:

4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում միայն մեկ գործատուի կողմից՝ հուղարկավորությունը կատարած անձի ընտրությամբ:

5. Օրենքով սահմանված կարգով պետական կենսաթոշակ նշանակված վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում:

6. Թաղման նպաստ վճարելու համար հուղարկավորությունը կատարած անձը վարձու աշխատողի գործատուին է ներկայացնում գրավոր դիմում, ինչպես նաև.

1) անձնագիրն ու դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը),

2) վարձու աշխատողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը),

3) տեղեկանք հուղարկավորությունը կատարելու մասին:

(6-րդ կետը խմբ. 26.01.2010 N 23-Ն)

7. Ներկայացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ՝

1) փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իuկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում,

2) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «Թաղման նպաստը վճարված է» գրառումը, թվագրվում և ստորագրվում:

8. Թաղման նպաստը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են վարձու աշխատողի մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում:

9. Թաղման նպաստը վճարվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ աշխատավարձի վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

10. Գործատուի՝ թաղման նպաստին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

11. Սույն կարգը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

(հավելվածը խմբ. 26.01.2010 N 23-Ն, փոփ. 14.03.2012 N 111-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ