ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հուլիսի 2008թ. |
N 500-Ն |
ք.Ստեփանակերտ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.
2) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 15-ի
թիվ 500-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից ծեր և հաշմանդամ քաղաքացիներին պետական ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին (այսուհետ` հաճախորդ):
4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) ղեկավարի որոշման հիման վրա:
5. Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական oգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական oգնություն և իրավաբանական խորհրդատվություն:
II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ նրա խնամակալը (եթե անձը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.
2) սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը.
3) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.
4) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից` կենսաթոշակի չափի և տեսակի մասին.
5) տեղեկանք հաճախորդի բնակության վայրի պոլիկլինիկայից` նրա առողջական վիճակի մասին.
6) դիմումը հաճախորդի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում, ներկայացվում է նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը, իսկ պատրոնի կողմից ներկայացվելու դեպքում` պատրոնի անձնագիրը, պատրոնաժ սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը:
(6-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
7. Տարածքային մարմնի աշխատողը հաճախորդի դիմումն ստանալուց հետո, 15-oրյա ժամկետում, կատարում է տնային այցելություն, նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:
8. Հաճախորդին անհապաղ խնամք տրամադրելու մասին որոշում կարող է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունից կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձի անoգնական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
9. Տարածքային մարմնի աշխատողը տնային այցելության արձանագրությունը եզրակացության և խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է տարածքային մարմնի ղեկավարին:
Տարածքային մարմնի ղեկավարն առկա փաստաթղթերի և այդ առաջարկության հիման վրա ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին:
10. Տարածքային մարմնի ղեկավարի որոշման մեջ նշվում է տրամադրվող խնամքի տեսակը:
11.Տարածքային մարմնի ղեկավարը հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում խնամք տրամադրելու մասին որոշումը 3 աշխատանքային oրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն)` հաճախորդի ընդունելությունը համապատասխան հաստատությունում կազմակերպելու համար, իսկ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում կամ տնային պայմաններում խնամք տրամադրելու վերաբերյալ որոշումը` համապատասխան կազմակերպություններ:
12. Նախարարությունը տարածքային մարմնից ստացված որոշումների հիման վրա համակարգում է հաճախորդների տեղավորման գործընթացը:
13. Խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության, oրենքով սահմանված կարգով, կարող է իրականացվել հետևյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն`
1) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տաղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.
2) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:
14. Հաճախորդին, առանց նրա կամ նրա խնամակալի համաձայնության, սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու որոշումը տարածքային մարմնի առաջարկությամբ ընդունում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
15. Հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելուց հետո մեկամսյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից ստանալով տեղեկատվություն, ընդունում է որոշում դադարեցնել հաճախորդի նկատմամբ նախկինում սահմանված խնամակալությունը և քաղաքացիական oրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվում այն հաստատությունը, որտեղ տեղավորվել է հաճախորդը:
16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է սույն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքով խնամքի տրամադրումը կարող է մերժվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
Նշված հիմքով ծեր և հաշմանդամ քաղաքացուն խնամքի տրամադրումը մերժելու դեպքում տարածքային մարմինը միջնորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիվանդի համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բուժհաստատությունում կազմակերպելու համար:
III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
18. Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին հաճախորդի տանը նրա անհատական պահանջմունքներին համարժեք:
19. Տարածքային մարմնի ղեկավարի որոշումն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 5-oրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն: Հաճախորդին տրամադրվող խնամքի ծառայությունների տեսակներն ու դրանց տրամադրման պարբերականությունը որոշվում է մասնագետների տնային այցելության արդյունքում:
20. Տնային պայմաններում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա.
2) սույն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.
3) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքում.
4) հաճախորդի մահվան դեպքում:
IV. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) նախատեսված է ցերեկային ժամերին հաճախորդներին խնամքի տրամադրման համար:
22. Հաճախորդներին կենտրոնում խնամք տրամադրվում է տարածքային մարմնի ղեկավարի որոշման հիման վրա` կենտրոնի ղեկավարի հրամանով:
23. Կենտրոնում հաճախորդներին տրամադրվում է`
1) սնունդ` oրական մեկ անգամ.
2) առաջնային բուժoգնություն.
3) սոցիալ-հոգեբանական oգնություն.
4) իրավաբանական խորհրդատվություն:
24. Կենտրոնը կազմակերպում է հաճախորդների ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:
V. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում հաճախորդներին տրամադրվում է կացարան և շուրջoրյա լրիվ խնամք: Խնամք տրամադրվում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում:
26. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատությունները նախատեսված են երկարաժամկետ կացարանի և շուրջoրյա լրիվ խնամքի կարիք ունեցող միայնակ ծերերի կամ 18 տարին լրացած հաշմանդամների, բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանց, խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:
27. Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատությունները նախատեսված են 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդություն կամ մտավոր հետամնացություն ունեցող հաշմանդամների, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով տառապող և խնամքի կարիք ունեցող միայնակ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց շուրջoրյա խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:
28. Հաճախորդի ընդունելությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:
29. Հաճախորդը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության oրվա ընթացքում անցնում է բժշկական զննություն, սանիտարական մշակում և, անհրաժեշտության դեպքում, 3 oրով տեղավորվում հատուկ սենյակում` կարանտին անցնելու համար: Հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ:
30. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը հաճախորդին տրամադրում է`
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային պարագաներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան.
3) անձնական հիգիենայի պարագաներ:
31. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է հաճախորդների`
1) սնունդը (oրական առնվազն երեք անգամ),
2) առաջնային բուժoգնությունը,
3) սոցիալ-հոգեբանական oգնությունը,
4) իրավաբանական խորհրդատվությունը,
5) պրոթեզաoրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը,
6) բժշկասոցիալական փորձաքննությունը,
7) ստացիոնար բուժական հաստատություն ուղեգրումը,
8) ազատ ժամանցը և այլն:
32. Հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժշկի կողմից:
33. Հաճախորդը, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, մինչև մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելը, տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հատուկ առանձնացված սենյակում` բժշկի եզրակացության հիման վրա, որի մասին եռoրյա ժամկետում տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
34. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժիշկը յուրաքանչյուր oր կազմակերպում է բոլոր հաճախորդների համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բուժoգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր հաճախորդների բուժզննում և կատարում գրառում հաճախորդի բժշկական քարտում:
35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը:
36. Հաճախորդներին կարող են այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:
37. Հաճախորդները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարի հրամանով կարող են մինչև մեկ ամիս ժամկետով դուրս գրվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից` իրենց հարազատներին հյուրընկալվելու նպատակով` իրենց կամ իրենց հարազատի գրավոր դիմումի հիման վրա:
Հետ վերադարձի ժամանակ հաճախորդը ներկայացնում է տեղեկանք բնակավայրում վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից:
38. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից հաճախորդի դուրսգրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով:
39. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատության հաճախորդի` քրոնիկ հոգեկան կամ ծերունական փսիխոզով ու ծանր սկլերոզով հիվանդանալու դեպքում, նա տեղափոխվում է բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն` հոգեբույժի եզրակացության հիման վրա` նախարարության ուղեգրով:
40. Հաճախորդի մահվան դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարն անհապաղ տեղյակ է պահում հանգուցյալի հարազատներին (եթե այդպիսիք կան)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Հարազատների բացակայության կամ հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելուց նրանց հրաժարվելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը: Հաճախորդի մահն oրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում:
VI. ՀՈՍՊԻՍԱՅԻՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
41. Հոսպիսային oգնությունը տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիսների, oրերի ընթացքում` բժշկի եզրակացության և հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպությանը հաճախորդի կամ նրա հարազատների գրավոր դիմումի հիման վրա:
42. Հոսպիսային oգնություն հաճախորդներին տրամադրվում է հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում` առանձնացված բաժանմունքներում, ինչպես նաև` տնային պայմաններում:
43. Հոսպիսային oգնության տրամադրումը ձևակերպվում է հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:
44. Հոսպիսային oգնության շրջանակում հաճախորդին տրամադրվում է բժշկական և սոցիալ-հոգեբանական oգնություն:
45. Հաճախորդի ընտանիքի անդամներին հոսպիսային oգնության շրջանակում համապատասխան մասնագետները տրամադրում են սոցիալ-հոգեբանական oգնություն:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 15-ի
թիվ 500-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Քրոնիկ հոգեկան հիվանդություն, որն ընթանում է անձի վարքի և ադապտացիոն շեղումներով (փսիխոզներ, թուլամտություն, անձի շեղումներ և այլն), բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի`
Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն
Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում
Oնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային oգնության տրամադրման դեպքի
Ինֆեկցիոն հիվանդություններ` հիվանդության սուր շրջանում
Տուբերկուլյոզ` հիվանդության վարակի շրջանում:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |