Համարը 
N 110
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.06.2012

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 174 որոշումը:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 110

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի «ԼՂՀ կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-3 հրամանագիրը՝ ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայության կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր քանակը 368 միավոր, այդ թվում`

փրկարար ծառայության հաստիքներ (պաշտոններ) – 353 միավոր

ազատ վարձու աշխատողներ – 15 միավոր

(1-ին կետը փոփ. 30.01.2007 N 44, խմբ. 29.01.2008 N 46, խմբ. 02.02.2010 N 40-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 174 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան  

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության 2005թ.

«28» փետրվարի

թիվ 110 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 30.01.2007 N 44)

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(2-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

3. Ծառայության լիազորությունները սահմանվում են «ԼՂՀ փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(3-րդ կետը փոփ., լրաց. 30.01.2007 N 44)

4. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

5. Ծառայությունում պետական ծառայությունը հատուկ ծառայություն է: Ծառայության ռազմականացված ստորաբաժանումները համալրվում են համաձայն «Զինապարտության մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների: Ծառայությունում կարող են լինել քաղաքացիական ծառայողներ:

(5-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

6. Ծառայությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

(6-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

7. Ծառայությունը կազմված է ծառայության տնօրենից, ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումներից:

(7-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

8. Ծառայության նպատակները և խնդիրներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հրդեհային հսկողության իրականացումը.

դ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.

զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ը) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

թ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

9. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իր իրավասության սահմաններում օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգում.

գ) հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգում, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում՝ ըստ փոխգործողությունների պլանների.

ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովում.

զ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից իրավական ակտերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

է) հրդեհների և հրդեհային անվտանգության կանոնների խախտման գործերով հետաքննության կազմակերպում և պատասխանատվության միջոցների կիրառում.

ը) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.

թ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.

ժ) կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ստեղծում կազմակերպությունների ներկայացմամբ, դրանց համալրման նորմատիվների հաստատում.

ժա) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

ժբ) պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

ժգ) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

ժդ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժե) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ատեստավորում.

ժզ) բնակչության ուսուցման կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժէ) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.

ժը) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների ու պաշարների կուտակման և օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ժթ) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպաիրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկագրեր) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ի) օբյեկտների, այդ թվում՝ շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.

իա) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

իբ) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծում.

իգ) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

իդ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

իե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության մարտական և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

իէ) բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատմանը մասնակցություն.

իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.

իթ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

իժ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և հրդեհային անվտանգության նպատակներով նախատեսված միջոցների, գույքի ու սարքավորումների արտադրության նախապատրաստման գործընթացում որպես պետական պատվիրատու հանդես գալը և այդ աշխատանքների իրականացմանը մասնակցություն.

լ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.

լա) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.

լբ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի մասին.

լգ) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.

լդ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող վարչության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(9-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

10. Ծառայությունը կառավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Ծառայության տնօրենն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետը՝ ծառայության տնօրենի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:

Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(10-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

11. Ծառայության տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

(11-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

12. Ծառայության տնօրենը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

(12-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

13. Ծառայության տնօրենը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

գ) ղեկավարում է ծառայության գործունությունը, պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

դ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

զ) ծառայության համակարգում փրկարար ծառայության կազմակերպման գործում օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է փրկարարական ծառայության, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.

ը) փրկարարական համակարգի զինվորական և քաղաքացիական անձնակազմին ներկայացնում է պետական պարգևների.

թ) ծառայության անձնակազմի նկատմամբ օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և աշխատանքային օրենսդրությամբ սահմանված լիազոր մարմնի ղեկավար իրավասություններից.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան որոշում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ժա) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.

ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժգ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժդ) վերահսկողություն է իրականացնում ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.

ժէ) ստեղծում է խորհրդակցման մարմիններ.

ժը) սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է ծառայության կազմի մեջ մտնող մասերը, ծառայության ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է ծառայության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

ժթ) արձակում է հրամաններ (անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ), հաստատում կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում դրանց կատարումը.

ի) իրականացնում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործառույթներ.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44, փոփ. 02.02.2010 N 40-Ն)

14. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

(14-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

15. Ծառայության տնօրենի տեղակալը՝

ա) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները՝ ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության տնօրենին.

ժ) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

(15-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

16. Ծառայության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ Տիգրան Մեծի 19:

(16-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

18. Ծառայության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված գործարքներով ձեռք բերված և վարչության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:

(18-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ծառայության գույքը:

(19-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

20. Ծառայությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իր գույքը:

(20-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(վերնագիրը փոփ. 30.01.2007 N 44)

 

21. Ծառայության կառուցվածքը ներառում է ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) ստորաբաժանումներ :

Ծառայության խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ծառայության ենթակայությանը հանձնվել պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

(21-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

22. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ծառայության տնօրենը:

(22-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է ծառայության գլխավոր ֆինանսիստի միջոցով: Ծառայության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում ծառայության տնօրենի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

(23-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

24. Ծառայության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

(24-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

25. Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

(25-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

26. Ծառայության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(26-րդ կետը փոփ. 30.01.2007 N 44)

 

 

ԼՂ Հ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2005թ.

«28» փետրվարի

թիվ 110 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Փրկարար ծառայության տնօրենի աշխատակազմ

 

Վարչություններ

2. Օպերատիվ կառավարման վարչություն

3. Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն

4. Հրշեջ-փրկարար ուժերի վարչություն

 

Բաժիններ

5. Կադրերի բաժին

6. Ֆինանսական և սոցիալական ապահովության բաժին

7. Նյութատեխնիկական ապահովման բաժին

8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1. Պետական հակահրդեհային հսկողության տեսչություն

 

III. Տարածքային ստորաբաժանումներ

1. Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մաս

2. Ասկերանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

3. Մարտակերտի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

4. Մարտունու շրջանային հրշեջ-փրկարարական մաս

5. Հադրութի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

6. Շուշիի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

7. Քաշաթաղի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

8. Շահումյանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

(հավելված 2-ը խմբ. 30.01.2007 N 44, խմբ. 02.02.2010 N 40-Ն)

 

 

ԼՂ Հ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան