Համարը 
N 110
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.06.2012

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 174 որոշումը:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 110

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի «ԼՂՀ կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-3 հրամանագիրը՝ ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. հունիսի 19-ի «ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 174 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան  

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության 2005թ.

«28» փետրվարի

թիվ 110 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետ՝ վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Վարչության լիազորությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Վարչությունում պետական ծառայությունը հատուկ ծառայություն է: Վարչության ռազմականացված ստորաբաժանումները համալրվում են համաձայն «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների: Վարչությունում կարող են լինել քաղաքացիական ծառայողներ:

6. Վարչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Վարչությունը կազմված է վարչության պետից, վարչության գործունեությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումներից:

8. Վարչության նպատակները և խնդիրներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հրդեհային հսկողության իրականացումը.

դ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.

զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ը) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

թ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իր իրավասության սահմաններում օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգում.

գ) հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգում, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում՝ ըստ փոխգործողությունների պլանների.

ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովում.

զ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից իրավական ակտերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

է) հրդեհների և հրդեհային անվտանգության կանոնների խախտման գործերով հետաքննության կազմակերպում և պատասխանատվության միջոցների կիրառում.

ը) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.

թ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.

ժ) կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ստեղծում կազմակերպությունների ներկայացմամբ, դրանց համալրման նորմատիվների հաստատում.

ժա) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

ժբ) պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

ժգ) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

ժդ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժե) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ատեստավորում.

ժզ) բնակչության ուսուցման կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժէ) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.

ժը) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների ու պաշարների կուտակման և օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ժթ) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպաիրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկագրեր) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ի) օբյեկտների, այդ թվում՝ շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.

իա) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

իբ) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծում.

իգ) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

իդ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

իե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ վարչության մարտական և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

իէ) բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատմանը մասնակցություն.

իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.

իթ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

իժ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և հրդեհային անվտանգության նպատակներով նախատեսված միջոցների, գույքի ու սարքավորումների արտադրության նախապատրաստման գործընթացում որպես պետական պատվիրատու հանդես գալը և այդ աշխատանքների իրականացմանը մասնակցություն.

լ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.

լա) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.

լբ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի մասին.

լգ) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.

լդ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող վարչության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետը՝ վարչության պետի ներկայացմամբ: Վարչության պետն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:

Վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Վարչության պետն իրականացնում է վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Վարչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

13. Վարչության պետը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

գ) ղեկավարում է վարչության գործունությունը, պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

դ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

զ) վարչության համակարգում զինծառայության կազմակերպման գործում օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է զինվորական ծառայության, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.

ը) վարչության համակարգի զինվորական և քաղաքացիական անձնակազմին ներկայացնում է պետական պարգևների.

թ) վարչության անձնակազմի նկատմամբ օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և աշխատանքային օրենսդրությամբ սահմանված լիազոր մարմնի ղեկավար իրավասություններից.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան որոշում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ժա) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.

ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժգ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժդ) վերահսկողություն է իրականացնում վարչությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

ժէ) ստեղծում է խորհրդակցման մարմիններ.

ժը) սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է վարչության կազմի մեջ մտնող մասերը, վարչության ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է վարչության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

ժթ) արձակում է հրամաններ (անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ), հաստատում կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում դրանց կատարումը.

ի) իրականացնում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործառույթներ.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

15. Վարչության պետի տեղակալը՝

ա) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները՝ վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ վարչության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

ժ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Վարչության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ Տիգրան Մեծի 19:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

18. Վարչության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված գործարքներով ձեռք բերված և վարչության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության գույքը:

20. Վարչությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իր գույքը:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

21. Վարչության կառուցվածքը ներառում է վարչության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) ստորաբաժանումներ :

Վարչության խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վարչության ենթակայությանը հանձնվել պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

22. Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է վարչության գլխավոր ֆինանսիստի միջոցով: Վարչության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում վարչության պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

24. Վարչության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

25. Վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

26. Վարչության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

ԼՂ Հ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2005թ.

«28» փետրվարի

թիվ 110 որոշման

 

Կ Ա Ռ Ու Ց Վ Ա Ծ Ք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

      - Վարչության պետի աշխատակազմ

- Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման օպերատիվ վարչություն

- Քաղաքացիական պաշտպանության գործերի վարչություն

- Պետական հակահրդեհային վարչություն

- Կադրերի բաժին

- Ֆինանսական բաժին

- Թիկունքի և սպառազինության բաժին

- Լրատվական կենտրոն

- Քարտուղարություն

 

 

ԼՂ Հ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան