ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժբ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո,10-օրյա ժամկետում, հաստատել համարանիշերի մուտքի և ելքի, սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հայտի և հանձնման ապրանքագրի, «Ժամանակավոր» համարանիշերի հատկացման մատյանի, համարանիշերի ոչնչացման մատյանի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«01» ապրիլի 2008թ.
թիվ 260 որոշման |
ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 28.12.2010 N 894-Ն)
II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում և պահեստավորվում: «Ժամանակավոր» համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:
(2-րդ կետը խմբ. 28.12.2010 N 894-Ն)
3. Հաշվառման ստորաբաժանումում համարանիշերի ստացումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում:
Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին վերադարձնելն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:
"Ժամանակավոր" համարանիշերի հատկացումն արձանագրվում է տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում:
(3-րդ կետը փոփ. 28.12.2010 N 894-Ն)
4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում "Ժամանակավոր" համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում:
"Ժամանակավոր" համարանիշերի հատկացումն արձանագրվում է "Ժամանակավոր" համարանիշերի հատկացման մատյանում:
(4-րդ կետը փոփ. 28.12.2010 N 894-Ն)
5. Հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած ու փոխանակման ենթակա համարանիշերը վերադարձվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:
6. Ստորաբաժանում վերադարձրած համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից: Ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:
7. Վերադարձման ենթակա չեն`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշերը.
բ) այլ անձի ժառանգության միջոցով փոխանցված կամ 1-ին կամ 2-րդ հերթի ժառանգներին օտարված տրանսպորտային միջոցների համարանիշերը, եթե տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը ցանկանում է ձեռք բերել նաև նախկին համարանիշերը (բացառությամբ աճուրդով ձեռքբերման ենթակա համարանիշերի):
8. Ոչնչացման ենթակա չեն`
ա) աճուրդով ձեռք բերված և ի պահ հանձնված համարանիշերը.
բ) տարանցիկ համարանիշերը (բացառությամբ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքի).
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.
դ) "Հյուրերին սպասարկող" (պաշտոնական պատվիրակություններին սպասարկող) տրանսպորտային միջոցների համարանիշերը.
ե) դեղին հիմնագույնի համարանիշերը (բացառությամբ հետագա շահագործման համար ոչ պիտանի համարանիշերի):
(8-րդ կետը փոփ., լրաց. 28.12.2010 N 894-Ն)
9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:
(9-րդ կետը լրաց. 28.12.2010 N 894-Ն)
10. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովը տարեկան մեկ անգամ ստուգում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումում համարանիշերի հաշվառման և ծախսի գործընթացը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:
(10-րդ կետը փոփ. 28.12.2010 N 894-Ն)
III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
11. Ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումում ֆիզիկական անձանց անվամբ և կազմակերպությունների անվանմամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):
(11-րդ կետը խմբ. 28.12.2010 N 894-Ն)
12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի`
ա) ընդհանուր հիմունքներով տրվող համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից` ըստ աճող հերթականության.
բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի), հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի մուծման դեպքում.
գ) աճուրդի միջոցով հատկացվող համարանիշեր` հատկացվում են անցկացված աճուրդի հաղթողին:
(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2010 N 894-Ն)
(երրորդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2010 N 894-Ն)
(12-րդ կետը խմբ., փոփ. 28.12.2010 N 894-Ն)
13. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Արցախյան Թեմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևի) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության պետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
(13-րդ կետը խմբ. 28.12.2010 N 894-Ն)
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթների արդյունքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին, մրցույթի պայմաններով սահմանված ժամկետով, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր:
Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո:
(14-րդ կետը լրաց. 28.12.2010 N 894-Ն)
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա հատկացվում են կարմիր հիմնագույնի ("Դիվանագիտական") համարանիշեր: Ընդ որում, լատիներեն "D" տառը պարունակող համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն "T" տառը պարունակողները` տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Յուրաքանչյուր ծածկագրի 001 նիշերը պարունակող համարանիշերը հատկացվում են տվյալ ներկայացուցչության ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցին: ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին հատկացվում են երկնագույն հիմնագույնի, լատիներեն UN տառերը պարունակող համարանիշեր:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:
17. Հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են "Տարանցիկ" համարանիշեր: (երկրորդ նախադասությունը հանվել է 28.12.2010 N 894-Ն)
(17-րդ կետը լրաց., փոփ. 28.12.2010 N 894-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 28.12.2010 N 894-Ն)
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա կամ միջազգային պաշտոնական պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են "Հյուրերին սպասարկող" համարանիշեր: Այդ համարանիշերը հայտում նշված տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:
20. "Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում (տեխնիկական զննությունը չանցած, անօրինական վերասարքավորված) տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով, ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն, երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումների կողմից հատկացվում են "Ժամանակավոր" համարանիշեր:
(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2010 N 894-Ն)
(20-րդ կետը փոփ. 28.12.2010 N 894-Ն)
21. Հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հաշվառվելու նպատակով ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումից հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին նույնպես հատկացվում են "Տարանցիկ" համարանիշեր, որոնք ենթակա են ոչնչացման այդ տրանապորտային միջոցը տնօրինողի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
22. Տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն տրանսպորտային միջոցին ճանապարհային փորձարկումներին մասնակցելու համար ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից հատկացվում են "Փորձարկում" համարանիշեր:
(22-րդ կետը փոփ. 28.12.2010 N 894-Ն)
23. Ավտոմոբիլներին, ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին` մեկ համարանիշ:
(23-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 23-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
(24-րդ կետը լրաց. 28.12.2010 N 894-Ն, խմբ. 26.07.2011 N 517-Ն)
24.1. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ:
(24.1-ին կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24.2. Մեծ պահանջարկ ունեցող կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչ այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջ տեղեկացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:
(24.2-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24.3. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:
(24.3-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24.4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:
(24.4-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24.5. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր է:
(24.5-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
24.6. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:
(24.6-րդ կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
25. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու և կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(25-րդ կետը խմբ. 26.07.2011 N 517-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |