Համարը 
N 260
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.21/16(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.12.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2008թ.

N 260

 ք.Ստեփանակերտ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժբ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո,10-օրյա ժամկետում, հաստատել համարանիշերի մուտքի և ելքի, սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հայտի և հանձնման ապրանքագրի, «Ժամանակավոր» համարանիշերի հատկացման մատյանի, համարանիշերի ոչնչացման մատյանի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 260 որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ԼՂՀ ոստիկանությունում մուտքագրվում են մուտքի և ելքի համապատասխան մատյանում և պահեստավորվում:

"Ժամանակավոր" համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներ:

3. Հաշվառման ստորաբաժանումում համարանիշերի ստացումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում:

Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներից հիմնական համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին վերադարձնելն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:

"Ժամանակավոր" համարանիշերի հատկացումն արձանագրվում է տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում:

4. Ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներում "Ժամանակավոր" համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում:

"Ժամանակավոր" համարանիշերի հատկացումն արձանագրվում է "Ժամանակավոր" համարանիշերի հատկացման մատյանում:

5. Հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած ու փոխանակման ենթակա համարանիշերը վերադարձվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:

6. Ստորաբաժանում վերադարձրած համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից: Ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշերը.

բ) այլ անձի ժառանգության միջոցով փոխանցված կամ 1-ին կամ 2-րդ հերթի ժառանգներին օտարված տրանսպորտային միջոցների համարանիշերը, եթե տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը ցանկանում է ձեռք բերել նաև նախկին համարանիշերը (բացառությամբ աճուրդով ձեռքբերման ենթակա համարանիշերի):

8. Ոչնչացման ենթակա չեն`

ա) աճուրդով ձեռք բերված և մինչև նույն անձի անվամբ երկու ամսվա ընթացքում հաշվառվող այլ տրանսպորտային միջոցը հատկացնելը ոստիկանությունում ի պահ հանձնված համարանիշերը.

բ) տարանցիկ համարանիշերը (բացառությամբ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքի).

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

դ) "Հյուրերին սպասարկող" (պաշտոնական պատվիրակություններին սպասարկող) տրանսպորտային միջոցների համարանիշերը.

ե) դեղին հիմնագույնի համարանիշերը (բացառությամբ հետագա շահագործման համար ոչ պիտանի համարանիշերի):

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

10. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովը տարեկան մեկ անգամ ստուգում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումում համարանիշերի հաշվառման և ծախսի գործընթացը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի ծառայողները:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

11. Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումում ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի`

ա) ընդհանուր հիմունքներով տրվող համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից` ըստ աճող հերթականության.

բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր)` հատկացվում են ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումար մուծելու դեպքում.

գ) աճուրդի միջոցով հատկացվող համարանիշեր` հատկացվում են անցկացված աճուրդի հաղթողին:

Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցն առաջին անգամ փոխելիս (օտարելիս) հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան պետական տուրքի և աճուրդի մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Այն հաշվառման համարանիշերը, որոնք տրամադրված են եղել մինչև սույն կարգի գործողությունը վերադարձման ենթակա չեն և դրանք oգտագործողներից որևէ վճար չի գանձվում, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

13. Պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների ծառայողական ավտոմեքենաների համարանիշների:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթների արդյունքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին, մրցույթի պայմաններով սահմանված ժամկետով, ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր:

Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա հատկացվում են կարմիր հիմնագույնի ("Դիվանագիտական") համարանիշեր: Ընդ որում, լատիներեն "D" տառը պարունակող համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն "T" տառը պարունակողները` տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Յուրաքանչյուր ծածկագրի 001 նիշերը պարունակող համարանիշերը հատկացվում են տվյալ ներկայացուցչության ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցին: ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին հատկացվում են երկնագույն հիմնագույնի, լատիներեն UN տառերը պարունակող համարանիշեր:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:

17. Հաշվառումից դուրս գրվող տրանսպորտային միջոցներին իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են "Տարանցիկ" համարանիշեր: "Տարանցիկ" համարանիշեր չեն հատկացվում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից դուրս է գրվում նույն ստորաբաժանումում նույն պահին հաշվառվելու համար:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք "Ժամանակավոր ներմուծում" մաքսային ռեժիմով ներմուծվող տրանսպորտային միջոցներին Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների կողմից հատկացվում են տարանցիկ համարանիշեր:

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա կամ միջազգային պաշտոնական պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են "Հյուրերին սպասարկող" համարանիշեր: Այդ համարանիշերը հայտում նշված տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

20. "Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում (տեխնիկական զննությունը չանցած, անօրինական վերասարքավորված) տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով, ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն, երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով, ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումների կողմից հատկացվում են "Ժամանակավոր" համարանիշեր:

Ի պահ վերցված հիմնական համարանիշերն ուղարկվում են տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման տարածքային ստորաբաժանում, որի կողմից տրանսպորտային միջոցը տնօրինողին վերադարձվում են երթևեկության արգելման պատճառ հանդիսացող հանգամանքը վերացված լինելուց եւ ժամանակավոր համարանիշերը հետ ընդունելուց հետո:

21. Հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հաշվառվելու նպատակով ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումից հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին նույնպես հատկացվում են "Տարանցիկ" համարանիշեր, որոնք ենթակա են ոչնչացման այդ տրանապորտային միջոցը տնօրինողի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

22. Տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն տրանսպորտային միջոցին ճանապարհային փորձարկումներին մասնակցելու համար ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են "Փորձարկում" համարանիշեր:

23. Ավտոմոբիլներին, ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, կցորդներին ու կիսակցորդներին` մեկ համարանիշ:

24. Կորած համարանիշի փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

25. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` կորած համարանիշերի փոխարեն) համար գանձվում է պետական տուրք` "Պետական տուրքի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան