Համարը 
N 381-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.07.20/11(302)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՂՀ-ՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2016թ.

N 381-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝ պետական ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի հուլիսի 14-ի N 381-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն այն փախստական ընտանիքները (այսուհետ՝ շահառու), որոնց նկատմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական աջակցություն չի ցուցաբերվել, բնակվում են վարձակալական հիմունքներով, և ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ վերջին տասը տարիների ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն չեն օտարել:

3. Շահառուների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության եռակողմ պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 50 000 ՀՀ դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս:

5. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցությունը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` լիազոր մարմին)` այդ նպատակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

6. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կարող են ընդգրկվել նաև փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ համաձայնությամբ:

7. Շահառուի անունից հանդես է գալիս վարձակալության պայմանագիր կնքած կամ նրա կողմից լիազորված անձը:

8. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու համար շահառուն լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) համապատասխան դիմում,

2) շահառուի անդամների անձը հաստատող փաստաթղթերի (անձնագրերի կամ ծննդյան վկայականների) պատճենները,

3) փախստականի հաշվառման վկայականի պատճենը,

4) ամուսնության վկայականի պատճենը:

9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցության վերաբերյալ դիմումները լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք մուտքագրվելուց հետո քսանօրյա ժամկետում:

10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում աշխատանքային խումբը շահառուին առաջարկում է մեկշաբաթյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ դրանք չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է:

11. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ձեռք բերելու պահից սկսած յուրաքանչյուր ամիս լիազոր մարմինն ուսումնասիրում է շահառուների բնակարանային պայմանները, որի արդյունքներով շարունակվում է ֆինանսական աջակցության տրամադրումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ