Համարը 
N 96
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.05.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.05.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"18" մայիսի 1999թ.

 N 96

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն ընդունման և պետական գրանցման համար:

(2-րդ կետը խմբ. 22.08.2001 N 234)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մայիսի 18-ի

թիվ 96 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն։

2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:

3. Անշարժ գույքի հաշվառման, գնահատման և պետական գրանցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի և միավորների։

4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից.

1) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` շրջանի ծածկագիրն է՝ կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից: Ստեփանակերտ քաղաքի կադաստրային ծածկագիրն է 01-001.

2) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից.

3) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 901-ից.

4) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից.

5) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։

6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

1) Ա (A) – ավտոճանապարհ

Ք (C) – կոյուղի

Գ (G) – գազ

Կ (K) – կապ

ՎԻ (W) – ջրագիծ

Է (E) – էլեկտրական գծեր

Ռ (R) – երկաթգիծ.

2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան՝ ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

ս (ս) – ստորգետնյա

վ (g) – վերգետնյա.

3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:

7. Ծածկագրերի լրացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

8. Սույն կարգով նախատեսված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։

(կարգը խմբ. 14.07.2015 N 463-Ն)