ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն ընդունման և պետական գրանցման համար:
(2-րդ կետը խմբ. 22.08.2001 N 234)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մայիսի 18-ի
թիվ 96 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման
1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը ու անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:
2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը լրաց. 22.08.2001 N 234)
3. Անշարժ գույքի հաշվառման, գնահատման և պետական գրանցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի ու անշարժ գույքի միավորների:
(3-րդ կետը փոփ. 22.08.2001 N 234)
4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից.
ա/ թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` շրջանի ծածկագիրն է` կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից,
բ/ թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից,
գ/ եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս /կադաստրային սեկտոր/, ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից,
դ/ թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից,
ե/ թվերի չորրոդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից:
Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին /բնակելի և ոչ բնակելի տարածքներին/ տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից:
(4-րդ կետը փոփ., խմբ. 22.08.2001 N 234)