ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 895-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը, ինչպես նաև կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 895-Ն որոշման |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) միջգերատեսչական համակարգող մարմին է, որը գործում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) կից և կոլեգիալ հիմունքներով համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների տիրույթի կառավարումը։
(1-ին կետը փոփ. 16.11.2017 N 163-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։
3. Հանձնաժողովի նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների ու պատշաճ պլանավորման ապահովմանը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործմանն աջակցելը։
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր նպատակների իրականացման համար քննարկում ու Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնում է առաջարկություններ՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.
2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.
3) հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոհաճախականությունների բաշխումների աղյուսակին համապատասխանության ապահովման վերաբերյալ.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.
5) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ.
6) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում նախարարության համար ռադիոկապի համաշխարհային և տարածաշրջանային համաժողովների նախապատրաստման ժամանակ ռադիոհաճախականության տիրույթի բաշխմանը և օգտագործմանը վերաբերող առաջարկությունների ձևավորման աշխատանքների, այդ թվում՝ նաև հեռահաղորդակցության միջազգային միության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացվող հետազոտությունների վերաբերյալ.
8) ռադիոհաճախականության շերտերի միջազգային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դրանց բաշխման ու օգտագործման պայմանների ունիֆիկացման աշխատանքների վերաբերյալ.
9) ռադիոհաճախականության տիրույթի ազատականացման (կոնվերսիայի) աշխատանքների վերաբերյալ.
10) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում տեխնիկական քաղաքականության վերաբերյալ.
11) գործադիր իշխանության մարմիններից, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կազմակերպություններից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավաբանական անձանցից տեղեկություններ ստանալը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին՝ իր վրա դրված խնդիրների իրականացման համար։
(4-րդ կետը փոփ. 16.11.2017 N 163-Ն)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
6. Հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են հանձնաժողովի նիստերում, և դրանց կապակցությամբ ընդունվում են համապատասխան որոշումներ։
7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են համապատասխան հայտերը նախարարությունում մուտքագրվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ ըստ անհրաժեշտության։ Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ համաձայն պետական մարմինների, օրենքով ստեղծված հանձնաժողովների, իրավաբանական կամ ցանկացած անձից ստացված հայտի կամ հանձնաժողովի առնվազն չորս անդամի պահանջով։
8. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը։
9. Առանձին դեպքերում, ելնելով հարցի կարևորությունից և հրատապությունից, հարցը կարող է ընդգրկվել օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց։
10. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին՝ առանց փոխարինման իրավունքի։
11. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք՝ հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ։
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է։
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն չի դրվում քվեարկության և ընդունվում է առանց քվեարկության՝ հատուկ կարծիքին համապատասխան։
15. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամների՝ երեք անգամ անընդմեջ բացակայելու դեպքում, հանձնաժողովի եզրակացության հիման վրա, դրվում է նրանց փոխարինման վերաբերյալ հարցը։
16. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք նիստի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է նիստը նախագահողը և ներկայացնում նախարարին՝ հաստատման (եթե հանձնաժողովի նախագահ է հանդիսանում նախարարի տեղակալը):
17. Նախարարն իրավունք ունի չհաստատելու հանձնաժողովի արձանագրությունները և հիմնավորում է հանձնաժողովի արձանագրությունները չհաստատելու պատճառները։
18. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման, արձանագրությունների վարման, ընդունված որոշումների ձևակերպման և հանձնաժողովի նիստերի ընթացքում այլ հարցերի ուսումնասիրման կարգը սահմանվում է հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգով, որն ընդունվում է նրա նիստերում և հաստատվում հանձնաժողովի նախագահի կողմից։
19. Հանձնաժողովը կազմավորվում է կոլեգիալ հիմունքներով։
20. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը՝ նախարարը կամ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի հետ կապված աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:
21. Հանձնաժողովի կազմում, բացի նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության մեկական անդամներ։
22. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավասու է հրավիրելու իր նիստերին մասնակցելու համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Հրավիրված մասնագետները քվեարկությանը չեն մասնակցում։
23. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է նախարարը։
24. Հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը նշանակվում են հանձնաժողովի անդամներից՝ նախարարի հրամանով։
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն ընդգրկվում կամ փոփոխվում են հանձնաժողովի կազմում՝ այդ մարմինների ղեկավարների առաջարկությամբ։
26. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարությունը։ Հանձնաժողովի գործունեության հետ կապված գործավարությունը նախարարի հրամանով իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
27. Հանձնաժողովի նախագահը՝
1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը, պատասխանատվություն է կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար.
2) ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) նիստերի արձանագրությունները ներկայացնում է նախարարին՝ հաստատման (եթե հանձնաժողովի նախագահ է հանդիսանում նախարարի տեղակալը).
6) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցի մշակումը.
7) գրավոր դիմում է համապատասխան գործադիր իշխանության մարմնին՝ հանձնաժողովի նոր թեկնածու ներկայացնելու համար։
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
28. Հանձնաժողովի անդամներն իրավասու են՝
1) նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող՝ օրակարգում ընդգրկված հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու հանձնաժողովի նիստերում, առաջարկություններ ներկայացնելու և պահանջելու, որ դրանք քննարկվեն և դրվեն քվեարկության.
3) հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու սպառիչ պատասխաններ.
4) նիստի օրակարգի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում հանձնաժողովի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դրա մասին գրավոր հայտնելու հանձնաժողովի նախագահին։
29. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է արձանագրությանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
30. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստի անցկացման նախապատրաստումը.
2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի անդամների կողմից, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, հարցերը և դրանց վերաբերող նյութերը նիստից հինգ աշխատանքային օր առաջ հանձնաժողովի նախագահին գրավոր ներկայացվելը.
4) ապահովում է նիստերի օրակարգին և քննարկվող հարցերին վերաբերող նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին՝ էլեկտրոնային փոստով՝ ոչ ուշ, քան նիստից հինգ աշխատանքային օր առաջ.
5) ապահովում է հանձնաժողովի անդամների տեղեկացումը նիստի օրվա և ժամի մասին՝ նիստից հինգ աշխատանքային օր առաջ, իսկ նիստի օրվա և ժամի փոփոխության մասին՝ առնվազն մեկ աշխատանքային օր առաջ.
6) ապահովում է հրավիրված անձանց ներկայությունը.
7) ամփոփում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներից գրավոր ստացված կարծիքները.
8) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
9) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ հանձնարարություններ։»:
(Հավելված N 1-ը փոփ. 16.11.2017 N 163-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 895-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ
1. Ռադիոհաճախականությունների որոշակի հատվածներն առանձնացվում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) նախաձեռնությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կամ ցանկացած անձի պահանջով:
(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը կամ ցանկացած անձ (այսուհետ՝ հայտատու) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման համար հայտերը նախարարություն է ներկայացնում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։
3. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝
1) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը.
2) առանձնացվող ռադիոհաճախականությունների շերտերը.
3) ռադիոհաճախականությունների օգտագործման նպատակը:
4. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում նախարարություն ներկայացրած փաստաթղթերի իսկության հավաստիության համար։
5. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է նախարարությունում։
6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումն ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին։
7. Եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուն հայտը իրավասու մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դրա մասին՝ նշելով թերությունները։
8. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունները և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը։
9. Հայտը մերժվում է՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքում.
2) եթե հայտը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին.
3) եթե հայտի վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հանձնաժողովի անդամ հանդիսացող ներկայացուցիչների կողմից ներկայացվել է հատուկ կարծիք՝ հայտի մերժման վերաբերյալ առաջարկությամբ.
4) փաստաթղթերը թերի լինելու հիմքով և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը չներկայացվելու դեպքում։
(9-րդ կետը խմբ. 16.11.2017 N 163-Ն)
10. Ռադիոհաճախականությունների շերտի կամ ռադիոհաճախականության առանձնացման մասին ընդունված որոշման պատճենը (համապատասխան գրությամբ) հայտատուին ներկայացվում է հանձնաժողովի նիստի արձանագրության հաստատումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
11. Արձանագրությունը հաստատվելուց հետո, ռադիոհաճախականությունների շերտի կամ ռադիոհաճախականության առանձնացման համար հրապարակային ծանուցումից հետո ու դիտարկումների արդյունքների հիման վրա, նախարարությունը սահմանված կարգով ընդունում և փոփոխում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը, որը պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին՝ բացառելով միջամտությունը ռադիոհաճախականությունների հատկացված տիրույթին։»:
(Հավելված 2-ը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ., խմբ. 16.11.2017 N 163-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |