ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշման 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արցախի Հանրապետության ոստիկանություն
(Հավելված N 1-ը խմբ. 02.11.2015 N 709-Ն, խմբ. 16.11.2017 N 163-Ն, փոփ. 22.04.21 N 349-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերը հատկացվում են կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ Հայտատու)՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:
(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն, 16.11.2017 N 163-Ն, 22.04.21 N 349-Ն)
2. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝
1) Հայտատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների շերտերը։
3. Հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստուգվում է դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա նույն ժամկետում հայտն ուղարկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, ինչպես նաև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Արցախի Հանրապետության ոստիկանություն՝ կարծիքի, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում: Եթե հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում, ապա Նախարարության համապատասխան ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 895-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քննարկելու համար:
(3-րդ կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ռադիոհաճախականությունների տրամադրման մասին հայտը և իրենց կարծիքը գրավոր ներկայացնում են Նախարարություն: Բացասական կարծիքի դեպքում այն պետք է լինի հիմնավորված:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում Նախարարություն կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ հայտի վերաբերյալ առարկություններ չկան:
6. Եթե հայտում ներառված տվյալները թերի են և չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին, ապա Հայտատուն հայտը Նախարարությունում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտում առկա կոնկրետ թերությունների մասին։
7. Հայտում առկա թերությունների մասին գրավոր տեղեկացվելուց հետո Հայտատուն հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է նշված թերությունները և հայտը կրկին ներկայացնում է Նախարարություն։
8. Հայտը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման որևէ մարմնի կողմից ներկայացվել է հայտի մերժման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն.
2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել։
9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգով սահմանված ժամկետներում հայտի համապատասխանությունն ստուգելուց և սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Նախարարին:
10. Ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կամ մերժման մասին նախարարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով Նախարարի հրամանն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն, սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գրավոր տեղեկացվում են դրա մասին:
(11-րդ կետը փոփ. 22.04.21 N 349-Ն)
(Հավելված N 2-ը փոփ. 02.11.2015 N 709-Ն, 16.11.2017 N 163-Ն, 22.04.21 N 349-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |