ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մայիսի 2011թ. |
N 333-Ն |
ք.Ստեփանակերտ
ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 256 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման վերահսկողության և կառավարման լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-N)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի, 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դիմումների հաշվառման մատյանի և 7-րդ ենթակետում նշված դրամական հատուցման համառոտ համակարգչային գործի ձևերը:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 256 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մայիսի 2011թ.
N 333-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման (այսուհետ` դրամական հատուցում) հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական հատուցում ստանալու իրավունք ունեն`
1) հուղարկավորության ծախսերի համար`
ա. վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները,
բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքները,
2) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման (այսուհետ` գերեզմանի բարեկարգում) ծախսերի համար՝
ա. վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները,
բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքները,
գ. զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած այն զինծառայողների ընտանիքները, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումն է,
դ. հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մահացած զինծառայողների ընտանիքները,
ե. Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները:
(2-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված ընտանիքներին դրամական հատուցումը կատարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված չափով` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
4. Դրամական հատուցման չափերն են`
| |
զինծառայողի զոհվելու
(մահանալու) ժամանակը |
հուղարկավորության
ծախսերի հատուցում
(հազար դրամ) |
գերեզմանի բարեկարգման
ծախսերի հատուցում
(հազար դրամ) |
|
1) |
մինչև 31.12.2000թ. |
- |
200.0 |
|
2) |
01.01.2001թ. - 31.12.2006թ. |
225.0 |
450.0 |
|
3) |
սկսած 01.01.2007թ. |
700.0 |
1400.0 |
5. Դրամական հատուցումը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետի կարգադրությամբ՝ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող հետևյալ անդամներից մեկին`
1) ամուսնուն, կամ
2) հուղարկավորությունը կատարած հարազատներից մեկին (ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ և այլ )՝ ամուսնու բացակայության դեպքում:
Սույն կարգի իմաստով՝ ամուսնու բացակայություն է համարվում, եթե`
1) զոհված (մահացած) զինծառայողը ամուսնացած չէր, կամ
2) զոհված (մահացած) զինծառայողի ամուսինը մահացած է, կամ չունի Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Արցախի Հանրապետության տարածքում տվյալ պահին փաստացի չի բնակվում:
(5-րդ կետը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)
6. Դրամական հատուցում նշանակելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձն իր մշտական հաշվառման վայրը սպասարկող գործակալություն է ներկայացնում`
1) գրավոր դիմում,
2) անձնագիրը և պատճենը,
3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
4) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ ամուսնության վկայական կամ այլ ) և պատճենը,
5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը,
6) զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու հանգամանքների մասին զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը, իսկ մահացած ճանաչված զինծառայողի դեպքում` նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճռի պատճենը,
7) իր բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը:
Զոհված (մահացած) զինծառայողի հարազատին դրամական հատուցում նշանակելու համար նրա կողմից սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է զոհված (մահացած) զինծառայողի հուղարկավորությունը կատարելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև`
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից` զոհված (մահացած) զինծառայողի` ամուսնացած չլինելու մասին (զոհվելու (մահանալու) պահի դրությամբ ամուսնական տարիք ունենալու դեպքում) տեղեկանքը, կամ
2) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնության վկայականն ու պատճենը, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու մահվան վկայականն ու պատճենը, կամ
3) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու` Արցախի Հանրապետությունում մշտապես հաշվառված չլինելու մասին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված փաստաթուղթը, կամ
4) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու` Արցախի Հանրապետության տարածքում տվյալ պահին փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթը:
Մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքին դրամական հատուցում նշանակելու համար ներկայացվում է նաև զինծառայողին մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը:
(6-րդ կետը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)
7. Ներկայացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ գործակալությունում`
1) փաստաթղթերի պատճենները համադրվում են բնօրինակների հետ,
2) դիմումում լրացված տվյալները համեմատվում են անձնագրի և այլ փաստաթղթերի տվյալների հետ,
3) պատճենների վրա կատարվում է «իսկականի հետ ճիշտ է» գրառումը, ստորագրվում և կնքվում,
4) զինծառայողի մահվան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «հաշվառված է հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման ծախսերի հատուցման համար» կամ «հաշվառված է գերեզմանի բարեկարգման ծախսերի հատուցման համար» գրառումներից մեկը, թվագրվում, ստորագրվում, և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների հետ վերադարձվում դիմողին,
5) դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում,
6) ստեղծվում է դրամական հատուցման գործ, որին տրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված` գործակալության կոդից և դիմումի հերթական համարից բաղկացած համար,
7) ստեղծվում է դրամական հատուցման համառոտ համակարգչային գործ:
(7-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
8. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված գործերի հիման վրա, մինչև տվյալ ամսվա 25-ը, գործակալությունը կազմում է զոհված (մահացած) զինծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է դրամական հատուցում վճարել, և այն ներկայացնում է լիազոր մարմին՝ կցելով դրամական հատուցման համառոտ համակարգչային գործ(եր)ը՝ էլեկտրոնային կրիչով: Ցուցակում նշվում են զոհված (մահացած) զինծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը և մահվան վկայականի համարը (անհայտ կորած զինծառայողի դեպքում` անհայտ կորած համարվելու հանգամանքների մասին զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքի տարեթիվը և համարը), զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` դրամական հատուցում ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի համարը, յուրաքանչյուր զոհված (մահացած) զինծառայողի մասով` դրամական հատուցման ենթակա գումարի չափը:
(8-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
9. Լիազոր մարմինը`
1) ստուգում և ամփոփում է գործակալություններից ստացված` սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալները, կազմում ընդհանուր ֆինանսավորման հայտ և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
2) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունից դրամական միջոցները ստանալուց հետո դրանք փոխանցում է գործակալությունների անվանմամբ գանձապետական հաշիվներին,
3) գործակալություններից ստացված` դրամական հատուցման համառոտ համակարգչային գործերի հիման վրա ստեղծում է դրամական հատուցման գործերի միասնական համակարգչային շտեմարան:
(9-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
10. Դրամական հատուցման վճարումները, համապատասխան պայմանագրերի հիման վրա, իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով` գործակալության կողմից կազմված վճարացուցակներով, որում նշվում են նաև սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակի տվյալները:
(10-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
11. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20‑ը, իրավասու մարմինը եռամսյակի ընթացքում ստացված և վճարված գումարների մասին «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան մասնաճյուղի կողմից ներկայացրած տեղեկությունները տրամադրում է լիազոր մարմնին:
12. Դրամական հատուցման գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում կամ գործակալության աշխատողի մեղքով ավել վճարված դրամական հատուցման գումարները հետ են գանձվում Արցախի Հանրապետության պետական բյուջե` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |