| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» փետրվարի 2005թ.
Պետական գրանցման թիվ 333
նախարար Ռ. Հայրապետյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«18» փետրվարի 2005թ. |
թիվ 16 |
ք.Ստեփանակերտ
Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և
հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները
հաստատելու մասին
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելված 2-ի:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ արդարադատության նախարարի
2005 թվականի փետրվարի 18-ի
թիվ 16 հրամանի |
ԿԱԶՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ-հանձնաժողովի նախագահ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայող (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի քարտուղար
(Հավելված 1-ը խմբ. 20.12.2007 թիվ 227, 23.02.2011 N 08-Ն)
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի
«18» փետրվարի 2005թ.
թիվ 16 հրամանի |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
հարկադիր կատարողի ատեստավորման անցկացման
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կարգավորում է հարկադիր կատարողի ատեստավորման հետ կապված հարաբերությունները:
2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին հարկադիր կատարողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:
3. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
4. Հարկադիր կատարողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
5. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի պատճառաբանված որոշման հիման վրա կամ հարկադիր կատարողի ցանկությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
ա/ հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները,
բ/ տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չունեն հայտնել,
գ/ հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել,
դ/ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:
7. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո երկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողների:
8. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
2. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը
9. ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալը հանձնաժողովին է ներկայացնում յուրաքանչյուր տարի հերթական ատեստավորման ենթակա գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ցուցակը:
10. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
11. Ատեստավորումից երկու շաբաթ առաջ ատեստավորման հանձնաժողովին է ներկայացվում հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:
12. Հարկադիր կատարողը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Բնութագրին համաձայն չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են ատեստավորման հանձնաժողովին:
13. Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալներ հարկադիր կատարողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկադիր կատարողի կողմից կատարած աշխատանքների վերլուծության վրա:
14. Հարկադիր կատարողի ղեկավարը պարտավոր է
ա/ վերլուծել ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների աշխատանքային ցուցանիշները` նրանց զբաղեցրած կոնկրետ պաշտոնում,
բ/ ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների հետ անցկացնել զրույց նրանց գործնական, անձնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և աշխատաոճի վերաբերյալ, տալ անհրաժեշտ հանձնարարականներ թերությունների վերացման և աշխատանքների բարելավման նպատակով:
15. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների ծառայողական բնութագրերը մինչև ատեստավորման անցկացումը մեկ շաբաթ առաջ հանձնվում է ատեստավորման հանձնաժողովին:
3. Ատեստավորման հանձնաժողովի խնդիրները և լիազորությունները
16. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա/ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար արհեստավարժ կադրերի ընտրության և ծառայողական առաջխաղացման արդյունավետ իրագործումը,
բ/ անցկացվող ատեստավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
գ/ ատեստավորման միջոցով հարկադիր կատարողի` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակահարմարության գնահատումը:
17. Ատեստավորման հանձնաժողովը`
ա/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ և ընդունում որոշումներ.
բ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները,
գ/ քվեարկության արդյունքում ընդունում է որոշում,
դ/ քննարկում է ատեստավորման արդյունքների հետ կապված ատեստավորման մասնակիցների բողոքները, անհրաժեշտության դեպքում տալիս է նոր եզրակացություն,
ե/ իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:
4. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
18. Հանձնաժողովն իր աշխատանքները իրականացնում է նիստերի միջոցով:
19. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է քվեարկության միջոցով:
20. Հանձնաժողովի ընդունած որոշումներն իրավազոր են, եթե դրանց ընդունմանը մասնակցել է հանձնաժողովի անդամների 2/3:
21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ:
22. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են գրավոր և ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
5. Հանձնաժողովի նախագահը
23. Հանձնաժողովի նախագահը`
ա/ կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,
բ/ վարում է հանձնաժողովի աշխատանքները,
գ/ հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել անհարկի ծավալված բանավեճը,
դ/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ իր գործառույթների իրականացումը ժամանակավորապես վերալիազորում է հանձնաժողովի այլ անդամի:
6. Հանձնաժողովի անդամը
24. Հանձնաժողովի անդամը`
ա/ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է` հանձնաժողովի նիստը,
բ/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և իրավունք ունի հարցեր տալու մասնակիցներին,
գ/ հարցազրույցից հետո մասնակցում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ատեստավորվողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
դ/ մասնակցում է քվեաթերթիկների ձայները հաշվելուն,
ե/ ստորագրում է ատեստավորման եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և առանձին թղթի վրա շարադրած ու ստորագրած կարծիքը կցում է,
զ/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
է/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:
7. Հարցազրույցի անցկացումը
25. Հարկադիր կատարողի ատեստավորումը անցկացվում է հարցազրույցի միջոցով:
26. Հարցազրույցը անցկացվում է հարկադիր կատարողի` իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը ստուգելու նպատակով:
Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:
27. Հանձնաժողովը յուրաքանչյուր հարկադիր կատարողի հետ հարցազրույցը անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի հարց տվող անդամը, լսելով հարկադիր կատարողի պատասխանը, բարձրաձայն հաստատում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում ասում է ճիշտ պատասխանը:
28. Հարկադիր կատարողի հետ հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն:
29. Հարցազրույցից հետո հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ/ կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
գ/ կարող է ներկայացվել խրախուսման,
դ/ ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել հարկադիր կատարողին գործուղելու վերապատրաստման,
ե/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
30. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում հարկադիր կատարողի ազգանունը, անունը, հայրանունը և տված ձայների կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեատուփը համարվում է անվավեր:
Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
31. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայն, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում` հարկադիր կատարողի համար առավել նպաստավորը:
8. Ատեստավորման արդյունքների ամփոփումը
32. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր հարկադիր կատարողի համար կազմում է ատեստավորման թերթ /ձևը կցվում է/:
33. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:
34. Հարկադիր կատարողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում որոշում: Հարկադիր կատարողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո յոթ օրվա ընթացքում: Հարկադիր կատարողը ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
35. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ատեստավորման արդյունքները և կայացրած որոշումները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, որը ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում ընդունում է որոշում:
36. Հարկադիր կատարողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայություն ներկայանալու օրվանից հետո եռօրյա ժամկետում:
37. Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանվում և արխիվացվում են:
38. Ատեստավորման արդյունքները պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:
39. Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումն անցկացվելու է 2005թ. նոյեմբերի 1-ից:
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
/հարկադիր կատարողի/
___________________________________________________________________________________
Ատեստավորման ձև
''______''
''______'' հարցազրույց
1. Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնում նշանակվելու
տարեթիվ ___________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
4. Նախորդ ատեստավորման եզրակացությունը_______________________________________________
___________________________________________________________________________________
5. Հարկադիր կատարողին հարցազրույցի փուլում տրված հարցերը և դրանց պատասխանները /համառոտ/
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
6. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի _______________________________
անդամները, որոնցից կողմ են քվեարկել _____________________ անդամ:
7. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Հանձնաժողովի
նախագահ _________________________________________________ ____________________
/պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը/ ստորագրությունը
Հանձնաժողովի
անդամներ _________________________________________________ ____________________
/պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը/ ստորագրությունը
_____________________ (_________________)
_____________________ (_________________)
_____________________ (_________________)
_____________________ (_________________)
_____________________ (_________________)
Հանձնաժողովի քարտուղար _______________________________ (_________________)
Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________ ________________________200__թ.
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` _________________________________ (__________)
/Ա .Ա.Հ. հարկադիր կատարողի կոչումը/
_____ _____________________200_թ.